211652_close_icon
views-count40724 դիտում article-date 10:25 11-04-2014

Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը որդու` Սպարտակի՝ «օրենքով գող» դառնալու, իր «գժի թղթի», կնոջը փախցնելու, իր դեմ կատարված մահափորձի մասին եւ ավելին

Գյումրիի նախկին քաղաքապետ, գործարար Վարդան Ղուկասյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում անկեղծանում է, թե հանուն ում պատվի է կռիվների մեջ ներքաշվել, ինչու են «գեյերը» իրենից վախենում, հանուն ինչի կարող է ձեռք համբուրել, ինչու է ուսուցիչների տանը մնացել, ապտակով սնված տղան ինչով է տարբերվում, բանակում ինչու են իրենից վախեցել եւ ինչ «չեպեներով» է աչքի ընկել, արցախյան ազատամարտին ինչու իրեն դիրքեր չեն թողել, ինչու է «գժի թուղթ» ստացել, ինչպես է դպրոցական տարիքում 15 հազար ռուբլի վաստակել, միլիոնատեր դարձել, որն է եղել իր առաջին մեքենան, թաղի տղաներին ինչպես է բարիշացրել, ինչու է վրանի տակ մնացել, ինչու է փախցրել կնոջը, ինչու է արգելում աղջիկներին կարճ հագնել եւ մազերը կարճ կտրել, ինչ է իրականում մտածում որդու` Սպարտակի՝ «օրենքով գող» դառնալու մասին, ինչ է սերմանում թոռների մեջ, երբ է հավատքը ծնվել նրա մեջ, ինչեր է արել Սամվել Բալասանյանի համար, ովքեր եւ ինչի համար են իր դեմ մահափորձ կատարել, ինչպես է շատ երգիչներից լավ երգում, ինչ հագուստներով է քաղաքում հայտնի դարձել, ինչ է աղաչում բարձրյալ Աստծուն եւ ավելին: [b]-Պարոն Ղուկասյան, երբևիցե պատահե՞լ է, որ ձեր հիշողությունների հետեւից գնալով՝ հայտնվեք մանկության բակում: Ի՞նչ ընտանիքում եք մեծացել, ինչպիսի՞ պայմաններում: Ծնողներից ստացած ո՞ր խորհուրդն եք ձեր «ականջին օղ արել», որը հաճախ է օգնել, որ ձեր ոտքը քարին չդիպչի: [/b] -Հիմա մենք գտնվում ենք մեր մանկության բակում, ինչպես տեսնում եք, կոլորիտն էլ եմ պահպանել: Սա նաեւ քաղաքի ամենաավանդապաշտ թաղերից մեկն է: Մենք շատ ենք սիրում մեր թաղը, ժողովրդին, բարբառը: Ծնվել եւ մեծացել եմ ավանդապաշտ հին գյումրեցիների ընտանիքում, որոնք եղել եւ ճարտարապետներ եւ ռանչպարներ: Պապերս թուրքական յաթաղանի ժամանակ մասնակցել են ազատագրական պայքարին, որոնցից մի քանիսը զոհվել են: Հայրենական պատերազմին էլ ունեցել ենք 6 զոհ: 6-րդ դպրոցը, Մանկավարժական ինստիտուտը կառուցողը եղել է իմ Հակոբ Ղուկասյան պապը: Ստադիոնի կառուցողը եւս պապս է եղել: Մի խոսքով՝ Ղուկասյանները ե՛ւ մեծահարուստներ, ե՛ւ ինտիլիգենտներ են եղել: Խորհրդային միության տարիներին էլ շատերին աքսորել են, բայց, փառք Աստծո, բռունցքված ազգ ենք եղել: Ավելին` շատ ավանդապաշտ ենք: Դեռ այն ժամանակներից մինչեւ մեծը սեղան չի նստել, փոքրերը սեղանին չեն մոտեցել: Փոքր եղբայրը միշտ հարգել է մեծին: Մինչեւ այսօր այդպես է: Օրինակ, փոքրը մեծի մոտ չի ծխում: Աղջիկները պետք է երկար մազեր ունենան եւ այլն: Հայրս միշտ ասում էր՝ տղա ջան, խեղճին երբեք բան չասեք, տեր եղեք, սատարեք: Ով ասում է, հասեք, օգնեք: Ազգը, երկիրը, փողոցը, թաղը սիրեք, հայոց լեզուն պաշտպանեք, որտեղ որ կլինեք: Մայրս էլ ասում էր՝ զիջող, խոնարհ, համեստ եղեք, բալա ջան, ու սուտ չխոսեք, իրար սիրեք, բռունցքված եղեք: Մենք 4 եղբայրներ ենք: Բայց հորեղբորս տղաներն էլ մեզ համար հարազատ եղբոր պես են: Քույր չունենք, սակայն հորեղբորս աղջիկները մեզ համար քույր են: Աղջիկներն ավելի հոգատար են: Բայց մենք եղբայրներով այնքան հոգատար ենք, որ շատերը նախանձում են մեր եղբայրասիրությանը եւ տեր լինելուն: Մեր ամեն ինչը հավասար է: [b]-Մանկության տարիներից կա՞ մի իր կամ ցանկություն, որ շատ ցանկանալով հանդերձ՝ չեք ունեցել կամ չի իրականցել, բայց որ ձեզ ստիպել է ձգտել եւ հասնել նրան, որն այսօր ունեք: Կամ կա՞ մի իր, որից միայն դուք եք ունեցել եւ ժամանակին ձեզ լավ եք զգացել, ինչպես ասում են՝ «լոպազացել եք» ձեր շրջապատում: [/b] -Ինձ համար էականը ոչ թե իրն է եղել, այլ թասիբը, նամուսը, պատիվը: Մշտապես մտածել ենք, որ ամեն ինչ թող ուրիշներին լինի, բայց ինքնասիրությունը՝ մերը: Իսկ, եթե պետք լինի, հանուն Աստվածային սիրո կարող ենք խոնարհվել, ձեռք համբուրել, միայն հանուն Աստվածային սիրո: Այդ սկզբունքով ապրում ենք եւ դաստիարակում մյուսներին: [b]-Այս հարցազրույցի շրջանակում հեղինակություն վայելող զրուցակիցներիս մեկը ասաց. «Հո Սասունցի Դավի՞թը չի եղել, որ չծեծվի եւ չծեծի»: Համոզված եմ, որ դուք էլ ձեր բակի, թաղի հանգիստ տղաներից չեք եղել: Ինչո՞վ էիք առանձնանում: Այդ տարիներին ինչի՞ շուրջ էին ձեր անհամաձայնությունները: [/b] -Մեր ժամանակ ամենաշատ կռիվները թաղային կռիվներն էին: Այսինքն` թաղի, դպրոցի աղջկան բան չասեն, թաղի, քաղաքի, բանակի տղուն բան չասեն: [b]-Դպրոցում ինչո՞վ աչքի ընկաք, սիրվա՞ծ, թե՞ չսիրված տղաների դասին էիք պատկանում: [/b] -Ես սիրում եմ կարդալ՝ գիտությունն ու կրթությունը: Ճիշտն ասած, ժամանակի սղության պատճառով ուսմանս շատ ժամանակ չեմ տրամադրել: Բայց դասամիջոցներին մի անգամ հանձնարարությունը ընթերցելով կամ ուսուցիչների պատմելով՝ դասերս պատմել եմ: Իրենք զգում էին եւ գնահատում իմ ընդունակությունները: Մշակութային բոլոր միջոցառումների մասնակցել եմ: Լավ երգում եմ, լավ պարում, լավ ասմունքում: Ես դպրոցի ամենասիրված աշակերտներից մեկն եմ եղել: Ընդհուպ մինչեւ ուսուցիչներիս տանն եմ քնել: Հիմա իրենց տան քավորն եմ: Նրանք ինձ այնքան են սիրել, որ մինչեւ այսօր իրենց, իրենց բարեկամների, թոռների քավորն եմ: Միաժամանակ շատ խիստ ուսուցիչներ եմ ունեցել եւ ցավում եմ, որ այսօր դպրոցներում նման խիստ ուսուցիչներ չկան, որ լավ մարդ դաստիարակեն: Օրինակ, ինձ՝ որպես երկրորդ մայր, իմ 2 ուսուցչուհիներին եմ համարում: Մեկն այսօր չկա, Աստված ողորմա իր շիրմին, երկրորդն էլ Ցողիկ Կարապետյանն է: [b]- Ասում են՝ ուսանողական տարիները կյանքի այն փուլն է, երբ սկսում ես կյանքից դասեր քաղել: Այդ տարիներին կյանքից ի՞նչ դասեր ստացաք: [/b] -Ես չէի ասի, որ ուսանողական տարիներն են: Միայն կասեմ, որ ապտակով «սնված» տղեն առանց աստիճան չի լինի: Ինձ համար դա է ավելի կարեւոր: Ուսանողական տարիներին էլ իմ սկզբունքներից չեմ շեղվել: Բայց նորից եմ կրկնում, որ ապտակով «սնված» տղեն ամեն ինչ է: Առանց աստիճան չի լինի: Այդպիսի երգ էլ կա: Գյումրվա երգ է: [b]-Անկեղծ ասած, ծանոթ երգ չէ: Մի քիչ «չակերտներ կբացե՞ք»: [/b] -Հետո այդ երգը կտամ, կլսես: [b]-Լավ: Ծառայության տարիներին ի՞նչ «չեպեներով» աչքի ընկաք: [/b] -Հայերեն խոսող ոչ մի տղայի իրավունք չունեին բան ասել: Բայկոնուրում, երբ ծառայում էի, այդպես 250 «պլաշադկա» եմ պաշտպանել: Դե պատկերացրեք՝ ինչքան հայեր կլինեին: Մի բան, որ լինում էր, ես էի նրանց թիկունքին կանգնած: Եվ չեչենները, եւ դաղստանցիները մեզանից վախենում էին, քանի որ իմ գլխավորությամբ մենք նրանցից ուժեղ էինք: Ռուսներից սկսած՝ մեզ մոտ խելոք էին: Այսպես, շատ երկար կարող եմ պատմել, բայց միայն կավելացնեմ ու կսահմանափակվեմ, որ տղամարդուն վայել է, որ իր արժանապատվությունը բոլոր իրավիճակներում պահի պահպանի, խեղճերին բան չասի, ով անշնորք է, դրանց տեղը դնի, իսկ իր ազգի համար լինի տեր ու տիրական, եթե, իհարկե, կարող է: [b]-Իսկ, երբ խոսքով չէին հասկանում, ի՞նչ մեթոդների եք դիմում: [/b] -Շատ չեմ մանրանա, ինչպես նշեցի, պարզապես կարող եմ ասել, որ սպորտսմեն եմ եւ շատ բան կարող էի անել: [b]-Մասնակցել եք արցախյան ազատամարտին, բայց, ինչքան գիտեմ, դիրքերում չեք եղել: Ինչո՞վ է արտահայտվել ձեր մասնակցությունը: [/b] -Ես ստեղծել եմ «Վասն հայրենյաց»-ը: Երբ սահմանը դատարկվում էր եւ այն պահող չկար, ես 500 հոգանոց գումարտակ եմ ստեղծել եւ ուղարկել ճակատ: Իմ անձնական գումարներից 150 հազար ռուբլի գումար եմ ներդրել եւ ամբողջ քաղաքի աշխույժներին, գումար ունեցողներին՝ քաղսովետի, դատախազության ներկայացուցիչներին, ռուսական բանակի այստեղի հրամանատարին եմ հավաքել, ասել՝ եկեք, առաջին զինվորը ես կլինեմ: Գնացել եմ, ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանին եւ նրա տեղակալ Մուրադին եմ տեսել, գումարտակը ստեղծել, ռուսական բանակից զենքեր եմ գնել, ամեն ինչ արել եմ: Շատ անգամ էլ գնացել, հասել եմ այնտեղ, չեն թողել՝ սահման հասնեմ: Ասում էին՝ զոհերը շատ են եւ հատկապես այդ օրերին արտաքին օգնությունը կազմակերպող մարդիկ են պետք: [b]- Պարոն Ղուկասյան, ձեր անձի շուրջ շատ են խոսում: Չեմ բացառում, որ դրանց մի մասը լեգենդի է նմանվում, կան նաեւ բամբասանքներ: Բայց ասում են, թե «գժի թուղթ» ունեք: Ի՞նչ կասեք այդ առումով: [/b] -Կա նման բան: Բանակում, ինչպես նշեցի, ես պահում էի մեր հայ տղերքի թասիբը եւ շատ աշխույժ էի: Ինձ ուզում էին տանեին Աֆղանստան: Իսկ շատ ակտիվներին առաջին գիծ էին տանում: Ճիշտն ասա,ծ ես էլ չէի ուզում գնայի, մարդ սպանեի մի հատ հարբած Բրեժնեվի համար: Հա, թուրքի դեմ գնանք, կռվենք, բայց այդ դեպքում ինչի՞ մարդ սպանենք: Շատ չմանրանամ.. հիվանդանոցից այդ թուղթը ստացա, բայց եկա այստեղ, հասկացան, որ ես նման մարդ չեմ եւ հանեցին այդ շարքից: Ազնվորեն ասում եմ: [b]-Իսկ ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը, ո՞ր տարիքում եւ ինչպե՞ս եք ծախսել առաջին աշխատավարձը: Հետաքրքիր է նաեւ, թե որ աշխատանքի արդյունքում միլիոնատեր դարձաք: Ասում են՝ եղածը պահպանելը ավելի դժվար է, քան ստեղծելը: Ի՞նչ կասեք այդ առումով: [/b] -Առաջին հերթին, ես հոգեպես եմ միլիոնատեր: Փոքրուց` դպրոցական տարիներից, աշխատել եմ: Մինչեւ բանակ գնալս 15 հազար ռուբլի ուրիշի անունով բանկ էի գցել, քանի որ 18 տարիս լրացած չէր: Բանակ գնացի, արդեն 30 հազար ռուբլի գումար ունեի: Ինձանով մեքենա գնեցի: [b]-Այդ ի՞նչ էիք աշխատում, որ նման գումարներ էիք վաստակում: [/b] -Եվ շինարարության մեջ ենք աշխատել եւ հողատարածքներ ենք ունեցել, որը մշակել ենք: Մենք բոստանչիներ ենք եղել: Իսկ հող մշակողները այն ժամանակ շատ մեծ գումարներ էին վաստակում: Մի հեկտարից կարելի էր շատ մեծ գումարներ վաստակել, եթե նորմալ էիր աշխատում: Հետո՝ եղել եմ տնտեսագետ, ավարտել եմ Կիրովականի առեւտրի տնտեսագիտական տեխնիկումը: Այստեղ եկել եմ խանութի վարիչ: Հետո ունեցել եմ մեծ ֆերմա «Լեգեսում»: Մինչեւ 300 գլուխ խոզ էինք պահում, աշխատողներ ունեինք: Բացել եմ նաեւ կոոպերատիվ «Սպարտակը»՝ «գուլպա-նասկեղենի» արտադրամաս, որը առաջին կոոպերատիվն էր այս քաղաքում: «Չուլոչնու», տրիկոտաժի, կոշիկի արտադրամասեր ունեինք, որոնք առաքվում էին Ռուսաստան: Այն ժամանակ 3 հատ «Լանդքրաուզեր» էի բերել, որոնցից յուրաքանչյուրը 500 հազար էր: Մինչեւ հիմա էլ ցեխերիս կեսը մնացել էր: Ռուսաստանում մենք շատ մեծ կապեր ունեինք, որը մինչեւ այսօր պահպանվել է, հետեւաբար, մենք դաշտում տարբերվում էինք նրանով, որ իրացման խնդիր չունեինք: Մենք քաղաքի առաջին ֆերմերն ենք եղել: Զբաղվել ենք պանրի արտադրությամբ: Այ, հիմա էլ ենք այդ գործով զբաղվում: Մինչեւ հարցազրույցի գալը այնտեղից էի գալիս: Պանիրը կարող եմ սարքել, վարպետություն անել: Դրանից վատ չեմ զգում: [b]-Ո՞րն է եղել ձեր առաջին ավտոմեքենան: [/b] -21 տարեկան հասակում գնեցի իմ անձնական մեքենան՝ «05», որը նոր էր դուրս եկել: Դրանից հետո «06»> գնեցի, հետո՝ «Նիվա»: Քաղաքում առաջին «Ջիպ» քշողներից ես ու եղբայրս էինք: -/[i][b]Զրուցին միանում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/b][/i]/: [b]Իսկ հանրահայտ «Չայկա»-ի հետ կապված` իրականում ի”նչ «վայնասուն բարձրացավ: Ես էլ եկա, բայց «Չայկի» խրտվիլակը տեսա: [/b] -Երբ ես եկա, այդ «Չայկան» քաղաքապետարանի «բալանսում» չի եղել: Ջիլավյանն է այդ թղթերը ինձ տվել: Վաճառել են մեկ ուրիշի, մի տեղ գցած է եղել: Գեւորգը` մեծ եղբայրս, գնացել, վերցրել, վրեն գումար է ծախսել, սարքել է: Մեկը մյուսին գործարան է կամենում, մյուսը՝ 50 հազար դրամանոց «Չայկի» համար աղմուկ է բարձրացնում: Ի՞նչ ասեմ: [b]-Իսկ քաղաքում ինչպե՞ս հայտնի դարձաք՝ ձեր շուրջ հյուսված լեգենդներո՞վ, ձեր արկածային պատմություններո՞վ, «ռազբիրատներո՞վ», թե՞ … [/b] -Իմ հավատքով: Ես 1982 թ-ից հավատքի մեջ եմ. Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ: Մինչեւ քաղաքապետ լինելս վերակառուցել եմ երկրաշարժից փլված Սուրբ Նշան եկեղեցին: Այն ժամանակ մտքիս չկար էլ, որ քաղաքապետ դառնամ: Այգում Հովհաննես Շիրազի արձանն եմ կառուցել: Քաղաքում երկրաշարժից հետո պահպանված միակ այգին իմ եւ իմ ընտանիքի ջանքերի շնորհիվ է պահպանվել: Այնտեղ «պալատկա» ենք դրել, գիշերը քնել, որ այգին չկտրատվեր: Այդ այգում անշնորհքություն, խուլիգանություն չկա՝ ի շնորհիվ մեզ: Խորհրդային միության ժամանակ վախենում էին այգի մտնել, քանի որ թաղերի մեջ խնդիրներ կային: Բայց մեզ հաջողվեց ամեն ինչ հարթել: Այսօր, որ քաղաքում թաղ-թաղ իրար հետ չեն կռվում, 95 տոկոսով լուման իմն է, որովհետեւ ես եմ բարիշացրել եւ ընկերություն ստեղծել: Ասել եմ «Րիբյատա, դավայծե է ժիծ դռուժնը»: Դրանից լավը չկա: Կարելի է ներել, համերաշխությամբ հասկացնել, բացատրել, ոչ թե գլուխը ջարդել եւ այլն եւ այլն: Մի «բուռ» հայ ենք մնացել, իրար միս, որ կերանք, ու՞ր կհասնի: [b]-Զրուցակիցներիցս շատերը պատմել են, որ ամուսնացել են իրենց եղբոր, կնոջ քրոջ հետ կամ տարել են կնոջը՝ հարազատների հետ ծանոթացնելու, պարզվել է՝ իրենց բարեկամն է, փախցրել են: Դուք ի՞նչ հետաքրքիր պատմությամբ կհետաքրքրացնեք մեր շարքը: [/b] -Իմ կնոջը փախցրել եմ: Բայց չեմ մանրանա: Զգացմունք կար, փախցրեցինք: Ունեցել ենք 5 երեխա: Չորսը կենդանի են, մի աղջիկս մահացել է: Թող Աստված ողորմա իր շիրմին: Շատ համերաշխ ընտանիք ենք՝ իրար սիրելով եւ հարգելով, հայկական, ավանդապաշտ: [b]-Խի՞ստ հայր եք, թե՞ ոչ, ինչո՞վ է արտահայտվում ձեր խստությունը, ի՞նչ արգելքներ եք դրել եւ դնում ձեր աղջիկների եւ տղայի առաջ: Կա՞ն բաներ, որ ձեր ընտանիքում «չգրված» օրենք է եւ որին ձեր տղան եւ աղջիկները պետք է ենթարկվեն: [/b] -Ե՛վ շատ խիստ եմ, ե՛ւ շատ բարի: Որ ծնողը իր երեխային նկատմամբ շատ բարի է, նա իրեն «թույն է տալիս»: «Խրատի թանգարան» բացեք, կարդացեք, այնտեղ կա գրված: Ծեծել-մեծել չկա, բայց մի հատ որ նայում եմ, բոլորը զգաստանում են: Մեր տան մեջ «գրված է», որ աղջիկներն ու հարսները կարճ պետք է չհագնեն, մազերը պետք է երկար լինի: Պետք է հայկական՝ շնորհքով, ադաթով ապրեն: Մեծին պետք է լսեն, հարգեն, ոնց որ մեր մայրերն ու տատիկներն են եղել: Երեխաներս ինձ հետ բիզնեսով են զբաղվում: Երկու աղջիկներս ամուսնացած են: Մի աղջկաս վերջերս աշխատանքից ազատեցին, բայց նա անգործ չմնաց: [b]-Ասում են՝ ձեր որդին` Սպարտակը, «օրենքով գող» դառնալու նպատակ ունի: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին: [/b] -Դա հիմարություն է: Ավազակներն են նման լուրեր տարածում: Նման բան չկա: Դա աբսուրդ է: Սպարտակն ինքնասեր, ազգ սիրող, իր քաղաքը, հայրենիքը, «ես»-ը սիրող մարդ է, ինչպիսին իր հայրն է: Բայց միաժամանակ «ես»-ին շատ չծառայող «մենք»-ին, «ընդհանուր»-ին ծառայող տղա է: [b]-Վարդան Ղուկասյան անունով թոռնիկ ունե՞ք, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչո՞վ է նա ձեզ հիշեցնում ձեր մանկությունը: Ի՞նչ եք դուք ձեր հերթին խրատում նրանց, որ ոտքը քարին չդիպչի: Ինչպես նաեւ ովքե՞ր են այն համարձակները, ովքեր խնդրել են ձեր աղջկա ձեռքը հեշտությա՞մբ եք ձեր համաձայնությունը տվել, թե՞ ոչ: Քաղաքական ասպարեզում տարածված է խնամիանալ նույն դասի հետ: Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում: [/b] -Ճիշտն ասած, դեռ 3 աղջիկ թոռնիկներ ունեմ: Երկուսը Սպարտակի աղջիկներն են, իսկ մյուսը՝ աղջկաս աղջիկը: Ինչ վերաբերում է փեսաներիս, ճիշտ է, հեշտությամբ չեմ աղջիկներիս ձեռքը տվել, բայց ունեցվածքը ինձ համար էական նշանակություն չունի: Եթե տղան շնորհքով տղա է, թեկուզ ունեւոր չլինի, ինքը իրենով կստեղծի: Իսկ եթե ունեւոր լինի ու ցոփ կյանքով ապրի, ես դա չեմ ընդունում: Եթե ունեցվածքի հետեւից են գնում, 90 տոկոսով բաժանությամբ են այդ ամուսնությունները ավարտվում: Ես Աստծուն միշտ խնդրել եմ, որ նա այդ հարցերում առաջնորդի, որովհետեւ մեր միտքն ու խելքը այդ հարցում շատ կարճ է: Իսկ, եթե Աստված կամեցել է՝ փառք կամեցածին: Իմ մասով նայել եմ, ճշտել, որ նորմալ մարդիկ են: Մայրը, հայրը անբարոյական չեն, նորմալ ընտանիք են, տղան ինչով է զբաղվում, իրենով աշխատանք ունի, աղանդավոր չի, էն մնացած բաներից չի, եւ, եթե աղջիկս էլ համաձայնությունը տվել է, ամուսնացել են: Իսկ թոռներիս մեջ առաջին հերթին հավատ եմ սերմանում: Մարդ առաջին հերթին հավատ, խիղճ պետք է ունենա, մնացածը Աստված կտա: [b]-Տեղյակ եմ, որ Աստվածահավատ մարդ եք: Անգամ գրքի հեղինակ եք: Աստծո հանդեպ ձեր սերը, հավատը ի ծնե՞ է եղել, թե՞ ժամանակի ընթացքում եք համոզվել նրա գոյության մեջ: Շատերը ձեզնից են վախենում, դուք ինչի՞ց եւ ումի՞ց եք վախենում: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ արդյունքում է այդ վախը ձեւավորվել: [/b] -Հավատքը իմ մեջ ի ծնե է եղել: Այսքան, որ կրակել են ինձ վրա ու այսօր այստեղ եմ, դա մե՜ծ հրաշք է, որ շատ-շատերը չեն տեսել: 7 հատ փամփուշտ մտնի մարդու մեջ ու հիմա 5 հատը դեռ իմ մեջ է՝ 200 «ասկոլկայով», եւ այդքանից հետո քո դիմաց նստած եմ, դա արդեն հրաշք է: Բայցեւայնպես, այս կյանքը ժամանակավոր է: Ինձ համար կյանքը սովորական մի բան է, որովհետեւ ես հավատում եմ հավիտենականությանը: Տեսեք, Վարդան Մամիկոնյանը ասում է. «վախկոտությունը թերահավատության նշան է»: Եթե իրոք հավատում ես, որ հարություն կա, ումի՞ց պետք է վախենաս: Է՜, հա՛, մարմինս կոտրեն, հոգիս հո չե՞ն սպանի, կոտրի: Ես նման մարդկանց եմ փնտրում, բայց, ցավոք, քիչ են: Ես մեկ Աստծուց եմ վախենում, մեկ էլ նրանցից, ովքեր շատ ճիշտ են: Ավելի ճիշտ, որ տեսնում եմ՝ մեկը շատ ճիշտ է սիրում, զգաստանում, խոնարհվում եմ: Իսկ, երբ տեսնում եմ, որ ավազակը, սրբապիղծը սուրբ է ձեւանում, գող-ավազակը բարեպաշտ է ձեւանում, ես դրանց չեմ կարող տանել: Եվ հենց նրանց էլ ասում եմ, որ խաբեբա են: Ինչ վերաբերում է իմ անձի շուրջ ձեւավորված վախին, ապա դա լրագրողներն են սարքել, ավելի ճիշտ՝ պատվեր կատարող լրատվամիջոցները: Իսկ Շիրակում ինձ սիրում են: Հիմա, որ մենք իրար հետ դուրս գանք, իմ ձեռքերն են համբուրում, որովհետեւ, երբ առավոտյան աղոթք եմ անում, մտածում եմ՝ այսօր ու՞մ լավություն անեմ, որ ասի՝ բալա ջան, քարն երթաս, կանաչ բուսնի, ողորմի քո ննջեցյալների շիրիմներին: Ես դրա համար եմ ապրում, ուրիշ բանի համար չեմ ապրում: Ես ոչ թե «Ջիպ»-երով, «բրիլիանտներով» եմ ուրախանում, այլ օրհնանքներով: Երբ մեկին լավ բան եմ անում, ես իրենցից շատ եմ ուրախանում: Ինձանից սատանեքն են վախենում: Ով սատանա է, թշնամի՝ հայոց ազգին, հավատքին, ով որ «գեյ» է, ով որ «էն մյուսն» է, նրանք ինձանից «տրաքվում են»: [b]-Լսել եմ, որ ամեն առավոտ ձեր տան դիմաց մարդկանց բազմություն է հավաքվում՝ օգնություն ստանալու ակնկալիքով եւ նրանց չեք մերժում: [/b] -Շատերը կան, երբ 1 միլիոն կամ 100 հազար դրամ գումար են ծախսում, մի 5-10 միլիոն էլ ծախսում են գովազդվելու համար: Ես նրանցից չեմ: Ասում են՝ «աջ ձեռքը, որ տալիս ես, ձախը թող չիմանա: Հայրդ քեզ կտա ծածկապես եւ հայտնապես»: Իրենք մարդահաճոյության համար են անում, իսկ ես՝ իմ հոգու փրկության եւ մեր ննջեցյալների, քանի որ նրանք սպասում են իրենց զավակների արդար եւ բարեպաշտ գործին: Ե՛վ Գորբաչովն է մեռնելու նույն փայտի մեջ, ե՛ւ սովորական «բոմժը», եւ նույն ճիճուն է ուտելու նրան ինչպես որ սովորական «բոմժին»: Այնտեղ հավասարություն է: [b]-Խոսեցինք մահափորձից: Խոսքն Աշտարակի ճանապարհին ձեր դեմ կատարված մահափորձի մասին էր: Ինչքան տեղյակ եմ, այդ մահափորձն էլ է դասվում չբացահայտվածների շարքին: Ինքներդ ձեզ համար պարզեցի՞ք, թե ում էիք խանգարում եւ ինչի համար: [/b] -Խանգարում էի նրանով, որ շատ էի պահանջում Գյումրի քաղաքի համար: Ես ասում էի՝ 5700 բնակարանի խնդիր կա, պետությունը ասում էր՝ 1500: Եվ այդպես շատ-շատ բաներ: Եթե որեւիցե մի հանրապետությունում աղետ է լինում, տվյալ երկիրն աղետի գոտին դարձնում է ազատ տնտեսական գոտի, հարկերը կրճատում է: Այնինչ` կողքի փոքրիկ քաղաքներն ու գյուղերն ավելի շատ աշխատատեղ ունեն, քան երկրորդ քաղաք Գյումրին: [b]-Բոլորի կյանքում էլ անսպասելի եւ դժվար պահել լինում են: Մի մասը կործանվում է, իսկ ուժեղներն ավելի են իմաստնանում եւ ուժեղանում: Միաժամանակ հայտնիներից մեկը ասել է՝ «երբ մարդ հայտնվում է մթության մեջ, անգամ իր ստվերն է իրեն լքում»: Դուք նման զգացողություն ունեցե՞լ եք հատկապես այն օրերին, երբ հրաժարվեցիք քաղաքապետի պաշտոնից: Մինչեւ այդ ձեզ հավատարմության երդում տվողները շարունակու՞մ են իրենց երդումները, թե՞ ոչ: [/b] -Ինչ ոլորտ էլ ներկայացնես, փորձանքները ուզես, թե չուզես, պետք է գան: Եթե փորձանքները չգան, գիտեցիր, որ քո կործանումը շատ մեծ է լինելու: Ճգնավորներից մեկը աշակերտների հետ այցելում է մի պանդոկ, եւ պանդոկատերը ասում է. «Գիտե՞ս, Հայր Սուրբ, ունեմ 120 թոռ ու ծոռ, բայց ոչ մեկը ոչ մի անգամ չեն հիվանդացել, բանտ չեն ընկել եւ ոչ էլ մահացել»: «Վարք Սրբոցի» մեջ է գրված. «Հայր Սուրբը աշակերտներին ասում է՝ արագ փախնենք այս տնից», եւ սար են բարձրանում: Այնտեղից նկատում են, որ տունը գետնի տակ է անցնում: Սուրբ Հայրը աշակերտներին ասում է. «Երբ մարդը փորձանքներ չի կրում, նրանք մեկից են կործանվելու: Այն մարդիկ, ովքեր փորձանքների մեջ չեն հայտնվել թող չուրախանան, քանի որ նրանց կործանումը շատ մեծ է լինելու»: Աստված ում շատ է սիրում, միշտ փորձություններով զգաստացնում է: Իսկ մենք պետք է ասենք՝ Փա՛ռք կամեցածիդ: Պետք է արիանանք եւ հավատքով դուրս գանք այդ ամենի տակից: Ինձ հետ այն թիմը, որը եղել է, ոչ ոք չի լքել: Ուղղակի կան մարդիկ, որ պաշտոն շատ են սիրում եւ մնացել են պաշտոնին: [b]-Իսկ ձեզ հաջորդած քաղաքապետը՝ Սամվել Բալասանյանը, ձեզնից վախենալու առիթներ ունի՞, որ զրահապատ մեքենա է վարում: [/b] -Ճիշտն ասած, ես դրա անունը չեմ էլ ուզում լսել: Ես դրան էնքան բան եմ արել: Պատգամավոր իմ շնորհիվ է ընտրվել, գործարանները 1500 դոլարով եմ դրան տվել: Այդքան բանից հետո մի հատ «զապրավկա» պետք է կառուցեմ, դատարաններն եմ ընկել: Նախկին քաղաքապետներին գնացեք նայեք, բոլորին «դրել գլխիս», մեծարել եմ: Եկել, նստել է «թագավորական պալատում», անամոթաբար ասում է՝ քաղաքը կառուցեցի: Այսինքն` ես այս ավիրված քաղաքը կառուցեցի, ինքը վեր է կենում ու ասում, թե կառուցել է ու հիմա պետք է մանկապարտեզները կառուցի: Չի ասում, որ երկրի նախագահն ու կառավարությունը 300 միլիոն դրամ տվեցին փողոցները ասֆալտապատելու համար: Երբ ինձ «սուբսիդա» էր գալիս, ասում էի, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը տվեցին՝ ժողովուրդ ջան: Սա ասում է՝ ես բերեցի, ես արեցի: Այն էլ, դա մարզպետրանի ֆունկցիան է: [b]-Ունե՞ք սիրված երգ, որ հաճախ եք պատվիրում ռեստորաններում: Ի՞նչ ուտեստներ եք սիրում եւ հաճախ պատվիրում: Տեղյակ եմ, որ խոզի միս չեք ուտում: Կա՞ն էլի սննդատեսակներ, որ բացակայում են ձեր սննդակարգից: [/b] -Այո, չեմ ուտում: Աստվածաշնչում գրված է, որ խոզի միսը պիղծ լինի ձեզ համար: Ձկների մեջ պետք է ուտել թեւավոր եւ թեփավոր ձկները: Նապաստակը եւս պիղծ է: Որոճացող եւ կճղակաբաշխ անասունը պետք է ուտել: Ինչ վերաբերվում է երգերին, առանձնացված երգեր չկան: Հայկական, հայրենասիրական երգեր եմ շատ սիրում՝ Շերամ, Ջիվանի, Սայաթ-Նովա, ժամանակակից, արտասահմանյան երգեր եմ շատ սիրում: Շատ երգիչներից լավ եմ երգում: [b]-Բրենդամո՞լ եք, թե՞ ոչ: Ի՞նչ արժեն ձեր ամենաթանկ եւ էժան հագուստները: [/b] -Հագնել սիրում եմ: Փոքրուց եմ լավ հագնվել: Այս քաղաքի մեջ միշտ օրիգինալ եմ եղել: Եթե անգամ շատ թանկ չի եղել, կոկիկ եւ գեղեիկ է եղել: Գյումրվա բարբառով ասած՝ «իստակ եմ հագնվել»: [b]-Ասում են՝ 50-ից առաջ ավելի հետաքրքիր է, քան 50-ից հետո: Մեկ այլ սիրված երգում ասվում է. «էլ չենք լինի 20 տարեկան»: Ի՞նչ թողեցիք այդ տարիներին, որ արժեր նորից վերապրել: Առհասարակ հանուն ինչի՞ արժի ապրել: [/b] -Ես չեմ ցանկանում ոչինչ նորից վերապրել: Կամ ասում են՝ ուզու՞մ եմ երկար ապրել: Ես մի բան եմ ուզում, որ հավիտենական կյանքում արժանանամ Վերին Երուսաղեմին: Եվ աղաչում եմ բարձրյալ Աստծուն, որ իմ մեղքերս մեղք չհամարի: Չկա մեկը, որ մեղք չունենա, ով ասում է, թե մեղք չունի, դա արդեն մեղք է: Մեծ Գրիգոր Նարեկացին, որ չի իմացել, թե կինը ինչ բան է, գինու, մսի համը չի տեսել, ասել է. «Ամբողջ աշխարհի օվկիանոսները դառնային թանաք, մայրցամաքները՝ մագաղաթ, Լիբանանի անտառները դառնային գրիչ դարձյալ չէին կարող կրել իմ մեղքերի մեկ հազարերորդական մասնիկը եւեթ»: Եթե նրա պես մեծերը իրենց բազմամեղ եւ մեղավոր են համարում, բա ինձ պես անարժանը ո՞վ է: Մենք միայն պետք է ասենք, մեր կատարած մեղքերի համար մեղայ Աստծո եւ խնդրենք Տիրոջը: Ժամանակը շատ կարճ է, թռնում է երեք վայրկյանում: Մեկ ծնվելուց, մեկ՝ հիմա, հետադարձ հայացք ես գցում, տեսնում ես 53 տարեկան ես եւ եւս մեկ վայրկյան էլ ննջելուց է տեւում: Հետեւաբար, պետք է մտածենք Երուսաղեմի համար: Հակոբ հայրապետը` մեծ մնա Հակոբ հայրապետը, ասում է. «Երեք գործողություն կա, որ մարդուն կփրկի` աղոթքը, պասը եւ ողորմությունը: Առանց այդ երեքի չես կարող փրկվել»: Կործանման եւս երեք բան է տանում` սատանան, մարմինը եւ աշխարհը: Մեծ մնա Հակոբ հայրապետը, ասում է. «Մարմինս է հանդիսանում հոգուս գայթակղության պատճառը, որովհետեւ մարմնապես ուզում ենք պոռնկություն, հարբեցողություն, արծաթասիրություն: Դրա համար մարմինը պետք է տկարեցնենք, որ հոգեպես հզորանանք»: -/[b]Զրույցին միանում է Գագիկ Շամշյանը[/b]/. [b]Պարոն Ղուկասյան, ժողովրդական խոսքը ասում է «գնա մեռի, արի սիրեմ»: Չե՞ք կարծում, որ ձեր մահից հետո ձեր չարակամները կսկսեն ձեզ սիրել: [/b] -Աշխարհի բանն է այդպես. ոչ ինձանով է, ոչ մյուսով: Հավիտենական Աստված՝ ամբողջ օվկիանոսները ու ջրերը ստեղծողը, խաչի վրա ջուր ուզեց, քացախ տվեցին, եւ այն մարդը, ում աչքը բժշկել էր Աստված, ասաց՝ խաչե՛ք: Եթե ուզում ենք ճիշտ ճանապարհով գնալ, պետք է քարկոծվենք: Ցնծացեք եւ ուրախացեք, ձեր վարձքը երկնքում շատ մեծ է: [b]-Պարոն Ղուկասյան, սովորաբար զրույցի վերջում զրուցակիցներիս բարեմաղթանք եմ հղում: Բայց ձեր մեջ հավատքն այնքան շատ է, որ կարծում եմ՝ այս դեպքում բարեմաղթանքս ավելորդ կլինի: Թեեւ ձեր կյանքից այնպիսի դրվանգներ ներկայացրիք, որ երբեւէ ոչ մի տեղ չէիք ներկայացրել, ինչի համար շնորհակալ եմ: Բայց ամեն դեպքում էլի անկեղծանալու տեղ կա: Հուսով եմ, մեր զրույցը շարունակական կլինի: [/b] -Ես էլ եմ շնորհակալ: Եղիր ճշմարտության ջատագով: Աստված առաջ: Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր