211652_close_icon
views-count1759 դիտում article-date 14:37 09-04-2014

Քառյակը 3 կետանոց պահանջ է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակային մասին» օրենքի վերաբերյալ

ՍԴ որոշման հետ կապված ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունները, հայտարարությամբ են հանդես եկել եւ երեք կետանոց պահանջ ներկայացրել: [b]SHAMSHYAN.com[/b]-ը նրանց հայտարարությունը ներկայացնում է ստորեւ. «2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝ 1.պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը եւ անվավեր են, 2.հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները, 3.օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում: Միեւնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական Դատարանը սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ եւ հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով: Այսպիսով, մի կողմից Սահմանդրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը եւ հակասահմանադրական ճանաչել հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի եւ երկիմաստ ձեւակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը: Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից եւ միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձեւափոխված եւ իբր Սահամանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար: Ելնելով վերոհիշյալից Պահանջում ենք իշխանություններից՝ 1.դադարեցնել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները եւ դրանց հիման վրա դրսեւորվող վարքագիծը, 2.ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար, 3.խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում, կոչ ենք անում 1. գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում եւ փոխանցում չկատարել, 2. 1974 թվականին եւ դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ եթե համաձայն չեք մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի եւ կառավարիչների միջեւ, 3. գործատուների միություններին եւ արհմիություններին՝ պաշտպանեք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ, թույլ մի տվեք որեւէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում, 4. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պայքարող երիտասարդությանը՝ համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին: Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին եւ քաղաքացիական նախաձեռնություններին: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում եւ առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռանությամբ` օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու եւ քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար»:

Նմանատիպ նյութեր