1312 դիտում
17:47 11-04-2014
Ամփոփվեցին ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժության արդյունքները
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ամփոփվեցին փետրվարի 25-26-ին մարզերից մեկի բժշկական կենտրոնի հետ անցկացված ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժության արդյունքները` ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի, գեներալների, բարձրաստիճան սպաների, ՀՀ մարզերի առողջապահության ոլորտի ղեկավարների մասնակցությամբ։
«Այստեղ ներկա գտնվողները բոլորն էլ մասնակցել են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նախանշված մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Վստահ եմ, որ դրա արդյունքում ամրապնդվել են բժշկական կենտրոնի անձնակազմի, առողջապահության կազմակերպիչների տեսական և գործնական գիտելիքները։
Տա Աստված, որ զորահավաքային առաջադրանք ունեցող բժշկական հաստատություններն այդ փորձը երբևէ գործնականում չկիրառեն։ Սակայն մենք հրաշալի գիտենք, թե ինչպիսի տարածաշրջանում ենք գտնվում, և բոլոր բուժհաստատությունները պետք է պատրաստ լինեն հնարավոր պատերազմական իրավիճակի դեպքում գործելու որպես զինվորական հոսպիտալներ` պատշաճ ձևով և օպերատիվորեն կատարելով իրենց առջև դրված խնդիրները»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրեց ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժության ընթացքում բժշկական կազմակերպության պատրաստականության բարձր աստիճանների բերման, նյութական միջոցների առբերման, թիկունքային հոսպիտալի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Նա նշեց, որ զորավարժությունը կազմակերպվել է ՀՀ առողջապահության, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների արդյունավետ համագործակության արդյունքում։
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, մատնանշելով զորավարժության խնդիրներն ու առանձնահատկությունները, ընդհանուր առմամբ, բավարար գնահատեց զորախաղի վերջնական արդյունքը և ընդգծեց, որ բժշկական կենտրոնն ունակ է սահմանված ժամկետում կազմակերպվելու որպես թիկունքային հոսպիտալ և գործելու ՊՆ ենթակայության ներքո: Միքայել Հարությունյանը միաժամանակ վերհանեց զորավարժության ընթացքում նկատված առանձին բացթողումները` կապված նյութատեխնիկական միջոցների մատակարարման, ավտոմոբիլային տեխնիկայի սակավության և փաստաթղթային ձևակերպումների հետ։
Զորավարժության մասնակիցներին շնորհակալություն հայտնելով ակտիվ ներգրավվածության համար` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը շեշտեց, որ զորավարժության առջև դրված խնդիրները կատարվել են բարձր մակարդակով: Նա նաև նշեց, որ զորավարժության արդյունքում ձևավորվել է միասնական մոդել` առաջիկայում այն այլ բուժհաստատությունների բազայի վրա կիրառելու համար: Պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ առողջապահության և պաշտպանության նախարարությունների հետևողական աշխատանքի արդյունքում առաջիկայում կլուծվեն զորավարժության ընթացքում նկատված բոլոր բացթողումները: Այս առումով երկու ոլորտների պատասխանատուների կողմից հնչեցին մի շարք առաջարկներ:
«Ես համոզված եմ, որ զորահավաքային առաջադրանք ունեցող բուժհիմնարկների ղեկավարները, քաղելով առավելագույնը, տեսական և գործնական անհրաժեշտ փորձ կուտակեցին։ Մենք միասին հետևողականորեն պետք է աշխատենք պատրաստականությունն ավելի բարձր հիմքերի վրա դնելու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Հանդիպան ավարտին զորավարժությանը ներգրավված մասնակիցները, պահեստազորի բուժծառության սպաները Սեյրան Օհանյանի և Դերենիկ Դումանյանի կողմից պարգևատրվեցին հերթական զինվորական կոչումներով և պատվոգրերով։
Շնորհավորելով պարգևատրվածներին` ցուցադրական մարտավարամասնագիտական զորավարժության ղեկավար Դերենիկ Դումանյանը մաղթեց արժանի լինել ավելի բարձր կոչումների։
Նմանատիպ նյութեր
1013 դիտում
16:09 17-04-2015
Արցախում ամփոփվեցին հրամանատարական հավաքների և հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները
Այս բաժնից
652 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
973 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության