211652_close_icon
views-count2806 դիտում article-date 12:51 21-12-2024

Հերթական խոշոր ավտովթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, «Jeep»-ն էլ հայտնվել է ապառաժ քարերի վրա. կան վիրավորներ. բնակիչները փակել են ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվ են գործել Աշտարակի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակ 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ վթարը Արագածոտնի մարզի վարչական տարածքում է, ինչից հետո ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները:  

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lada»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, «Jeep»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց:

ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը դեպքի վայրում բավականին լարված է, մեծ թվով գյուղացիներ ի նշան բողոքի փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի պատասխանատուները վերջապես հարցին լուծում տան. այս հատվածում 40-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական, ու ամեն անգամ պատասխանատուները, տվյալ դեպքում՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնյաները այցելում են ու խոստանում, որ միջոցներ կձեռնարկեն, այդ թվում՝  նշված հատվածում կտեղադրվի արագաչափ, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վարորդների համար, սակայն այդ խոստումները օդ են դուրս գալիս ու հիմա բնակիչները պահանջում են, որ այդ հարցը կարճ ժամանակում լուծեն, և միայն պարեկների ու ոստիկանների հետ զրույցից հետո ժամանակավորապես ճանապարհը բացեցին:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը արդյոք տեղյակ է, որ իր ղեկավարած մարզի ամենավտանգավոր հատվածներից մեկում անընդհատ ավտովթարներ են տեղի ունենում, իսկ ինչ-որ շինարարություն վթարի վայրից մի քանի մետր այն կողմ, կարելի է ասել, գրավել է մի ամբոջ տարածք և Նոր Երզնկա գյուղի ցուցանակն ու ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանը իրենով է արել:

Ակնհայտ է, որ շինարարությունը կատարելուց հետո ցուցանակները հանելու են:

Այս հարցում Արագածոտնի «մեծն» մարզպետը արդյոք անելիք չունի. գոնե բարեհաճի այցելի նշված վայր ու սեփական աչքով տեսնի, թե ինչ է կատարվում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր