211652_close_icon
views-count1206 դիտում article-date 20:45 17-04-2014

Հանրային խորհուրդը քննարկել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Հարցը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը: ՀԽ անդամները կարևորել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ Հանրային խորհրդում լայն քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ հայեցակարգում առկա են մի շարք խնդիրներ և անորոշություններ: ՀԽ նախագահի առաջարկով որոշվել է կազմել հայեցակարգի այն հարցերի շրջանակը, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ՝ մասնավորապես խորհրդարանական համակարգի անցման, դատական ոլորտի, ՏԻՄ համակարգի հետ կապված փոփոխությունները և այլն: Այդ հարցերը նախ կքննարկվեն ՀԽ փոքր խորհրդի նիստերում, որից հետո բոլոր տեսակետները ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից կամփոփվեն և կձևակերպվեն որոշակի դիրքորոշման շրջանակներում, այնուհետև Հանրային խորհուրդը կկազմակերպի հանրային լայն քննարկումներ՝ այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ: Նշենք, որ Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս բարձրացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը: Նիստի օրակարգի երկրորդ հատվածում խորհրդի անդամները քննարկել են մինչև սահմանադրական փոփոխությունները և դրանից բխող «Հանրային խորհրդի մասին» համապատասխան օրենքի ընդունումը, ՀԽ կառուցվածքին և գործունեությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր