10208 դիտում
12:20 19-04-2014
Պատկան մարմինների անգործության պատճառով ձորում հայտնված Porsche Cayenne-ը դուրս բերվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածի ոլորանապտույտ ձորակից քաղաքացիների ուժերով դուրս բերվեց երեկ՝ ապրիլի 18-ին, ձորում հայտնված Porsche Cayenne մակնիշի 88 AV 868 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքված քաղաքացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ եթե պատկան մարմինները այդ հատվածում չտեղադրեն արտաքին լուսավորությունն ապահովող սարքեր ու երկաբետոնե արգելապատնեշներ, վթարներ միշտ էլ տեղի կունենան: Իսկ տարեց նուբարաշենցիները հիշում էին նաև, որ նշված հատվածում եղել են վթարներ, որոնք, ցավոք, ողբերգական ավարտ են ունեցել:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/11449/]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն գյուղն ընկած ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի վարչական տարածքում, մոտ 30 մետր ավտոմեքենան գլորվել է ձորը:
Վթարի մասին տեղեկացվել էր նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ հնարավոր է՝ վթարի հետևանքով տուժածներ լինեն: Վթարի վայր էր ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի հրշեջ-փրկարարական խումբը: Ժամանել էին նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Ռաֆիկ Սադյանն ու տեսուչ Մուշեղ Գասպարյանը, ովքեր վթարի վայրից հեռացրել էին հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի փրկարարները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Դեպքի վայր էին ժամանել նաև Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը և ոստիկանության Նուբարաշենի բաժնի պետ Ջանիկ Մարությանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկային: Ոստիկանությունը պարզել էր, որ Porsche Cayenne մակնիշի 88 AV 868 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով ձորը՝ կողաշրջվել:
Լուսանկարները և տեսանոյւթը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+