211652_close_icon
views-count1604 դիտում article-date 16:15 22-04-2014

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը հայտարարություն է տարածել

ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն ժողովը, հանգամանորեն քննարկելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության երկամյա գործունեությունը, երկրում ընթացող քաղաքական, հասարակական, տնտեսական զարգացումները, կատարեց իրավիճակի ախտաճանաչում և համախոհության մթնոլորտում նախանշեց կուսակցության առաջիկա ուղենիշներն ու անելիքները: Ժողովն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, տարածաշրջանային խնդիրներին, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդագույն իրավիճակին, իշխանությունների անհեռատես քաղաքականությանը` ընդգծելով կառավարման ներկայիս արատավոր համակարգը հիմնովին բարեփոխելու անհրաժեշտությունը: Ժողովն արձանագրեց, որ կուսակցության` համակարգային փոփոխություններ երաշխավորող քաղաքական, տնտեսական առաջարկությունների փաթեթը շարունակելու է մնալ իշխանությունների և քաղաքական ուժերի հետ ՀՅԴ հարաբերությունների առանցքում: Շեշտվեց, որ Գերագույն մարմինը պետք է առավելագույնն անի որակական փոփոխություններով ազգային պետություն ստեղծելու, արդյունավետ կառավարում ապահովելու նպատակների շուրջ քաղաքական ու քաղաքացիական լայն համախմբում ձևավորելու համար: Ժողովը կուսակցության շարքերը երիտասարդացնելու, ժամանակակից արդյունավետ մեթոդներով գործելու, ժողովրդային լայն շրջանակներին բացվելու, անկախության սերնդի մոտ ազգային մտածողություն արմատավորելու խնդիր առաջադրեց: Վերահաստատվեց երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխություն իրագործելու Դաշնակցության դիրքորոշումը: Կուսակցությունը շարունակում է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում` փաստարկված քննադատությունը զուգակցելով այլընտրանքային, զարգացման ծրագրերի ներկայացմամբ: Արդարության հաստատումը, ՀՀ քաղաքացիների ազատ, արժանապատիվ կյանքի երաշխավորումը, ինքնիշխանության սահմանափակումներ թույլ չտալը, աղետալի արտագաղթի կասեցումը, աղքատության նվազեցումը, Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորումը, Հայ դատի և ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը շարունակելու են մնալ կուսակցության գործունեության գերակա ուղղությունները: Ելնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակից` ժողովը վերահաստատեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ապրիլի 17-ի հայտարարության հիմնական դրույթները: ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողով

Նմանատիպ նյութեր