3579 դիտում
09:32 24-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը Հայաստանը նշում է ավելի թուլացած, քան անցած տարի․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը Հայաստանը՝ որպես պետություն, նշում է ավելի թուլացած, քան անցած, նախանցած, դրան նախորդած տարիներին։ Այսօր ու այսօրվան հաջորդող 364 օրերին մենք աշխարհից ակնկալելու, Թուրքիայից պահանջելու ենք ճանաչել անցած դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ամեն տարի, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտենալուն առավել ևս՝ մենք դա անում ենք ավելի մեծ պաթոսով ու ավելի ողբերգականորեն։ Պահանջում ենք, ավելի շատ, պահանջելու համար: Քանի որ տարվա մնացած բոլոր օրերին ամեն ինչ անում ենք Հայաստանն ինքնիշխան, կայացած, հզոր, այսինքն՝ իրականում պահանջատեր պետություն դարձնելու հեռանկարը խորտակելու համար: Իշխանությունները դա անում են ի պաշտոնե, գործնականում, ընդդիմությունը նույնն անում է կրկին ի պաշտոնե՝ ապահովելով, որպեսզի իշխանությունը դա անի հնարավորինս անշրջելի, հասարակությունը նույնն անում է՝ իշխանության ու ընդդիմության արածի նկատմամբ անտարբերությամբ:
Որպես կանոն՝ արտագաղթելով ու համալրելով մոտակա ու հեռավոր Սփյուռքի ներկայացուցիչների շարքերը, ովքեր ապրիլի 24-ը հիշում են առանձնակի հուզականությամբ ու անասելի հառաչանքով: Մենք ամեն օր կործանում ենք պետությունը՝ ինքնիշխան ու անկախ պետությունը, տարվա մեջ այս օրն ավելի բարձր գոռալու համար մեր արդարացի, սակայն միայն ուժեղ պետության կողմից ներկայացվելիք պահանջի մասին՝ հասկանալով կամ չհասկանալով, կամ հասկանալով, բայց չհասկանալու տալով, որ որքան ավելի բարձր է հնչում պետությունից հրաժարվողի ու պետության բռնազավթողի դեմ չպայքարողի մեր ձայնը, այնքան ավելի է այն խլանում համաշխարհային քաղաքականության ականջներում;
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամեծ տուրքն այնպիսի պետության կայացումն է, որը կարող է իր քաղաքացիներին ոչ միայն պաշտպանել որևէ օտարի ցեղասպանությունից, այլև առաջին հերթին՝ չիրականացնել ոչ ֆիզիկական ցեղասպանություն սեփական ժողովրդի նկատմամբ:
Այսօր յուրաքանչյուրս պարտավոր ենք մեզ հարցնել՝ որքանո՞վ ենք կատարել մեր այդ պարտքը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առաջ: Դժբախտաբար, միակ պատասխանը մեկ րոպե լռությունն է: Մենք առայժմ կարողացել ենք միայն դա: Ու այդպես՝ արդեն հարյուր տարի»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3261 դիտում
09:13 18-03-2016
Այս տարի ծիրանի բերքը շատ ավելի համեստ է լինելու, քան անցած տարի. «Հայկական ժամանակ»
6357 դիտում
09:53 17-12-2016
Սամվել Ալեքսանյանի ընկերությունը այս տարի զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2209 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1639 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1447 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»