211652_close_icon
views-count1472 դիտում article-date 11:00 24-04-2014

Ասում ենք՝ «երկիրը երկիր չի» և մոռանում, որ երկիրը չի կարող տարբեր լինել այնտեղ բնակվողներից․ Ազգ

«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Մեր պատմության ամենաողբերգական իրադարձության` 1915-ի ցեղասպանության տարելիցի օրը աշխարհի բոլորը հայերը հիշում են 1,5 մլն զոհերին, կորսված պատմական հայրենիքի մեծ մասը` Արևմտյան Հայաստանը, այցելում ցեղասպանության զոհերի հիշատակին աշխարհի տարբեր երկրներում կանգնեցրած հուշարձաններ և խաչքարներ, բողոքի ցույցեր և երթեր անցկացնում թուրքական ներկայացուցչությունների մոտ: Այդ օրը մոռացվում են բոլոր քաղաքական, սոցիալական, տեղային և այլ տարբերությունները, մենք բոլորս զգում ենք, որ միասնական ենք մեր վշտի և արդարության վերականգնման ցանկության մեջ: Սակայն հազվադեպ ենք մտորում, թե ինչո՞ւ տեղի ունեցավ 1915-ը և ո՞րն է երաշխիքը ապագայում դրա կրկնությունից խուսափելու համար: Ցեղասպանության պատճառների մասին խոսելիս հաճախ մոռացվում է գլխավորը` ցեղասպանությունը հետևանք էր նախևառաջ այն բանի, որ մենք չունեինք պետություն: Արևմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, և մինչև 1915-ն էլ հայերը պարբերաբար ենթարկվում էին, ինչպես ընդունված է ասել հիմա, էթնիկ զտումների` ջարդերի, հալածանքների, արտագաղթի, այդ տարածքում վերաբնակեցնում էին թուրքերի եւ քրդերի: Հայերը, մեծ հաշվով, ոչինչ չէին կարող հակադրել թուրքական պետական մեքենային: Հայաստանի ազատագրության պայքարը, որքան էլ, որ հերոսական և անձնազոհ մարդիկ էին դրա մեջ ընդգրկված, ցավոք, չհանգեցրեց ցանկալի արդյունքի: Հիմա մենք ունենք մեր պետությունը, մեզ չեն կառավարում թուրքական փաշաները, պարսկական խաները կամ ռուսական փոխարքաները: Արդեն 23 տարի է լավ թե վատ, ձեւավորում ենք մեր սեփական իշխանությունը, պահում մեր բանակը, իրականացնում մեր ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Ունենք պետություն, որտեղ նաեւ բազում խնդիրներ ու անարդարություններ կան: Սակայն ոչ ոք չի կարող վիճարկել այն հանգամանքը, որ մեր պետությունն իրականացնում է իր գլխավոր առաքելությունը` ապահովում մեր ազգային անվտանգությունը: Հենց սա է, որ ընկած առօրյա դժվարությունների հորձանուտում, հաճախ մոռանում ենք: Մոռանում ենք, որ եթե չունենայինք մեր պետությունը, մեր դժգոհությունները բոլորովին այլ` օտար տիրապետությունների կրած տառապանքների մասին կլինեին: Ասում ենք «երկիրը երկիր չի» և մոռանում, որ երկիրը չի կարող տարբեր լինել այնտեղ բնակվողներից»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր