913 դիտում
18:28 29-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Դանիայում
Ապրիլի 26-ին Գյուլինգի (Դանիա) տեղական արխիվը ՀՀ դեսպանության և Օդերի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում և խաչքարի օծման արարողություն, որը տեղի ունեցավ մեծ հայասեր Կարեն Եփփեի ծննդավայր Գյուլինգ ավանում:
Միջոցառումը մեկնարկեց Գյուլինգի եկեղեցում հոգեհանգստյան արարողությամբ` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանի և շվեդահայության հոգեւոր հովիվ հոգեշնորհ Եղիշե վարդապետ Ավետիսյանի մատուցմամբ:
Այնուհետև միջացառմանը ներկա գտնվող ՀՀ Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկն իրականացրեցին Կարեն Յեփփեի հուշաքարի մոտ տեղադրված խաչքարի սավանի բացումը:
Միջոցառմանը ելույթներ ունեցան Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, Օդերի քաղաքապետ Ուֆֆե Ենսենը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Գյուլինգի տեղական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը, Երևանի «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը, «ԴանԱրմեն» հայ դանիական ասոցացիայի նախագահ Օլե Մելդգաարդը, «Արարատ» միության խորհրդի անդամ Մարիամ Գդիգյանը:
Դեսպան Աղաջանյանն իր ելույթում նշեց, որ Կարեն Եփփեի և Մարիա Յակոբսենի աղոթքներով և գործողություններով փրկվեցին բազմաթիվ հայ որբևայրիներ և մանկահասակ երեխաներ: «Կարեն Եփփեն և Մարիա Յակոբսենն օգնել են մարդկանց` փրկելով նրանց կյանքը: Սակայն նրանք օգնել են նաև փրկել մարդկային արժեքները և իդեալները` ընդգծելով նվիրման, հավատի և պատասխանատվության ուժը: Այս իդեալներն ու արժեքներն ի զորու են փոխել այս աշխարհը, քանի որ դրանք ճշմարիտ են», - ասաց դեսպանը:
Դեսպան Աղաջանյանը նաև տեղեկացրեց մի նախաձեռնության մասին, որի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վերաստեղծել անցած դարասկզբին Դանիայում գործած հայասիրական «Հայաստանի դանիացի բարեկամներ» կազմակերպությունը, որը համակարգող հարթակ պետք է դառնա Հայաստանով զբաղվող դանիական մարդասիրական և բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անհատների համար:
ՀՀ Արմավիրի մարզպետն իր ելույթում նշեց, որ Կարեն Եփփեի համար ամենաընդունելի մեծարանքը փրկված մարդու վերադարձն էր կյանք, և նա կարողացավ կյանքի նոր ուղի բացել հրաշքով փրկված հայ կանանց և երեխաների համար՝ տալով նրանց կրթություն, հույս, լույս՝ հավատ ներշնչելով ապագայի հանդեպ: Նա հիշվում է և հիշվելու է հայ ժողովրդի կողմից:
Օդերի քաղաքապետ Ուֆֆե Ենսենն իր և քաղաքային խորհրդի անունից ելույթ ունենալով` նշեց, որ հպարտանում է Կարեն Եփփեի նման հայրենակից ունենալու համար: Կարեն Եփփեի օրինակը ցուց է տալիս, որ նույնիսկ մեկ մարդու գործունեությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ` բերելով նշանակալի փոփոխություններ: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին հայկական խաչքարը նվիրելու համար, ինչպես նաև` Գյուլինգի տեղական արխիվին Կարեն Եփփեի հիշատակը վառ պահելու համար: «Խաչքարը ոչ միայն հավերժացնում է Կարեն Եփփեի հիշատակը, այլև խորհրդանշում է հայ և դանիացի ժողովուրդների բարեկամությունը»,-ասաց Օդերի քաղաքապետը:
Խաչքարի օրհնության արարողության ավարտին աղոթք կարդաց և հայ ժողովրդին իր բարեմաղթանքները հղեց Դանիայի ասորի համայնքի քահանան:
Այնուհետև Գյուլինգի դպրոցում ելույթով հանդես եկավ պատմաբան, ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդը` ներկայացնելով իր «Հայոց ցեղասպանությունը. սկզբից մինչև վերջ» գիրքը: Գյուլինգի դպրոցում միջոցառման ավարտին, ի նշան երախտագիտության, ներկաները հոտնկայս երկարատև ծափահարում էին Կարեն Եփփեի ազգականներին:
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել նաև դպրոցից ոչ հեռու գտնվող Գյուլինգի տեղական արխիվ և ծանոթանալ Կարեն Եփփեի կողմից Հալեպում կատարված աշխատանքների մասին պատմող փաստագրական նյութերին և լուսանկարներին:
Միջոցառմանը մասնակցեցին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ Դանիայից, Նորվեգիայից և Շվեդիայից, Դանիայում ասորի համայնքից մասնակիցներ, մեծ թվով դանիացիներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
5256 դիտում
21:53 30-04-2018
Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում է անցկացվել Դանիայում
1719 դիտում
23:12 31-01-2019
Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել Դանիայում
1360 դիտում
21:24 24-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Քուվեյթում
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»