211652_close_icon
views-count1363 դիտում article-date 21:24 24-04-2014

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Քուվեյթում

Ապրիլի 23-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվել են եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվել է գեղարվեստական հայտագիր, համայնքի երիտասարդական կառույցները կատարել են ազգային-ազատագրական երգեր, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների կաթողիկոսական փոխանորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, իր խոսքում անդրադառնալով ապրիլքսանչորսյան խորհրդին, պատգամել է միավորել համայն հայության ջանքերն ու նոր ավյուն հաղորդել Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին: Ելույթով հանդես է եկել նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` ընդգծելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգված և միասնական ուժերով կազմակերպելու, ինչպես նա՝և Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները բազմապատկելու կարևորությունը:

Նմանատիպ նյութեր