211652_close_icon
views-count1325 դիտում article-date 16:51 06-05-2014

ՀՀ առողջապահության նախարարությունը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը ավելի արդյունավետ կհամագործակցեն

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանին և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանին։ Հյուրերը նախարարին հակիրճ ներկայացրեցին 25 տարվա ընթացքում կազմակերպության կողմից Հայաստանում, մասնավորապես` առողջապահության ոլորտում իրականացրած ծրագրերը։ Նշվեց, որ Վորլդ Վիժնը մշտապես համագործակցել է նախարարության հետ, իսկ վերջին տարիներին աջակցել է մոր և մանկան առողջությանը և երեխաների սնուցմանն ուղղված ծրագրերին, առողջապահության այլընտրանքային աղբյուրների գնահատման և մի շարք այլ հարցերում։ Վորլդ Վիժն Հայաստանն այժմ աշխատում է 6 մարզի ավելի քան 200 համայնքում` աջակցելով խոցելի խմբում գտնվող ավելի քան 33 հազար երեխայի։ Անդրադարձ կատարվեց նաև սկրինինգային, կրթական և իրազեկման ծրագրերին, ինչպես նաև վերջերս ավարտված «Երեխայի առողջության պետական հավաստագրի գնահատում» ծրագրին, որի արդյունքներն առաջիկայում կներկայացվեն նախարարին։ Արմեն Մուրադյանը նշեց, որ որոշակիորեն ծանոթ է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գործունեությանն առողջապահության ոլորտում և բարձր գնահատեց հատկապես մանկական մահացության նվազեցմանը միտված ծրագրերը։ «Մոր և մանկան առողջության պահպանումը ՀՀ նոր կառավարության համար ևս կմնա գերակա խնդիր։ Այնպես որ, ձեր հետագա աջակցությունը շոշափելի կլինի»,-ասաց նախարարը։ Երկուստեք կարևորվեցին նաև երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ «Առողջ ապրելակերպի ներդրումը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի բաղադրիչներից մեկն է, և մենք ջանքեր չպիտի խնայենք մեր ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող այդ ծրագրի իրականացման գործում։ Այս ոլորտում ես ակնկալում եմ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործուն աջակցությունը։ Մենք միասին պիտի կարողանանք հասնել այն բանին, որ ծխելը և խմիչքի չարաշահումն ընկալվեն որպես ամոթալի երևույթներ»,-ասաց նախարար Մուրադյանը։ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ռազմավարության վերանայման փուլում է, ինչը հնարավորություն է տալիս առողջապահական ծրագրերն առավել համահունչ դարձնել երկրի կարիքներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քննարկումների արդյունքում հստակեցնել համագործակցության եզրերը։

Նմանատիպ նյութեր