211652_close_icon
views-count1464 դիտում article-date 17:02 07-05-2014

ԵՊՀ-ում մեկնարկեց «Եվրոպա և Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» միջազգային գիտաժողովը

ԵՊՀ-ում այսօր մեկնարկեց «Եվրոպա և Կովկաս. միջտարածաշրջանային կապերն ու ինքնության հարցերը» խորագրով միջազգային գիտաժողովը: Երկօրյա գիտաժողովն անցկացվում է Պատմության ֆակուլտետում: Թեմայի վերաբերյալ, բացի Հայաստանի մասնագետներից, զեկույցներ են ներկայացնելու և դրանք քննարկելու պատմաբան-գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից և Վրաստանից: «Կան գիտական հարցեր ու խնդիրներ, որոնք շատ են և որոշ դեպքերում բարդ լուծումներ պահանջող: Չեմ երևակայում, որ այդ լուծումներն այսօր՝ քննարկումների ընթացքում, կգտնվեն, բայց հուսով եմ՝ դրանք վեր կհանվեն և լուծման ուղիներ կմատնանշեն: Թե դրանք ինչքանով կյանքի կկոչվեն, դա քաղաքական գործիչների խնդիրն է: Բայց ուրախալի է, որ մեր հարևան գործընկերների հետ քննարկում ենք մեր տարածաշրջանային խնդիրները»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ սա 3-րդ գիտաժողովն է. առաջին երկուսն անցկացվել են Ֆրանսիայում (2010 թ-ին) և Վրաստանում (2013 թ-ին): Այս տարի գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ-ն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Գիտության պետական կոմիտեն: Տեղացի և արտերկրից ժամանած գիտնականներն իրենց զեկույցներում անդրադառնալու են պատմական տարբեր ժամանակաշրջաններում հայ-վրացական, հայ-ֆրանսիական հարաբերություններին, ազգային ինքնության ընկալման հարցում ազգային էպոսների, կրոնների դերին, Ռուսաստանի և Կովկասյան տարածաշրջանի երկրների հարաբերություններին և այլն: «Արդի պայմաններում առկա մարտահրավերները պահանջում են, որ քննարկվեն և կոնկրետ բացատրություններ տրվեն այս հարցերին: Պատմական անցյալի ուսումնասիրության հիման վրա անհրաժեշտ է եզրակացություններ անել»,- ասում է Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով նաև զեկույց էր ներկայացնում հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին: «Եվրոպական երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում մարդիկ աստիճանաբար հեռանում են ազգային ինքնությունից: Ես իմ ֆրանսիացի ընկերներին ասում եմ՝ ինչո±ւ եք ամաչում ձեր ինքնությունից: Բայց գլոբալացվող աշխարհում ինքնություն պահպանելն ավելի ու ավելի դժվար է դառնում: Իսկ, օրինակ, Հայաստանում ինքնության ընկալումն ավելի ամուր հիմքերի վրա է: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն է ստիպում այդպես լինել, իսկ եվրոպացիներն իրենց հարևանների հետ խնդիրները լուծել են ու խաղաղ ժամանակներ են ապրում»,- կարծում է Ֆրանսիայի Մոնպելյե III համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ Ժերար Դեդեյանը: Վրացի պատմաբաններն էլ հույս են հայտնում, որ այս գիտաժողովից հետո զուտ ընկերական հարաբերությունները կվերածվեն գործընկերայինի, ու կսկսվի հայ-վրացական գիտական լուրջ համագործակցություն:

Նմանատիպ նյութեր