211652_close_icon
views-count2366 դիտում article-date 22:00 13-05-2014

Օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ ոմանք...

Օրենքի հիմնական հատկանիշն այն է, որ այն համընդհանուր կիրառություն ունի, այսինքն՝ բոլորի համար է: Այս առումով «Օրենքի առաջ բոլորը հավասար են» արտահայտությունը օրենքի հիմնական հատկանիշի ընդգծումն է: Օրենքը բոլորի համար է, առանց բացառության: Եթե նորմը չի տարածվում բոլորի նկատմամբ, ապա այն ինչ-որ հատվածական մոտեցում է, բայց օրենք չի: Այլ հարց է, որ օրենքին կարող են չենթարկվել ապստամբը, պարտիզանը, ահաբեկիչը, անարխիստը, հեղափոխականը և այլն: Ապստամբը ապստամբում է իշխանության դեմ, չի ենթարկվում նրա հաստատած կարգին: Ապստամբը պարտադիր չէ, որ ունենա կամ առաջարկի այլընտրանք: Ի տարբերություն ապստամբի պարտիզանը օրենքին չենթարկվելու կոնկրետ նպատակ ունի: Պարտիզանը այլ պետության կամ այլ իշխանության գործիքն է կամ զինվորը, և այդ պատճառով խախտում է օրենքը: Ի տարբերություն պարտիզանի, ահաբեկիչն իր թիկունքում չունի պետություն կամ իշխանություն, այլ ներկայանում է որպես գաղափարական սկզբունքներ ունեցող զինված կազմակերպության հետևորդ: Ահաբեկիչը միտումնավոր խախտում է օրենքը, ելնելով իր կազմակերպության համոզմունքներից, որոնք մեծ մասամբ ծայրահեղական են: Անարխիստը չի ընդունում օրենքի գոյության անհրաժեշտությունն ընդհանրապես: Անարխիզմի տեսությունն է այդպես թելադրում: Անարխիստը համարում է, որ իշխանությունն ընդհանրապես չպիտի միջամտի մարդու կյանքին և գործերին: Անարխիստի համար ցանկացած օրենք ավելորդ է և խոչընդոտում է մարդու կյանքին և գործին: Այդ պատճառով անարխիստը դեմ է օրենքին և չի ենթարկվում նրան: Հեղափոխականը չի ենթարկվում գործող օրենքին և ձգտում է հաստատել նոր կարգ և նոր իշխանություն: Իշխանության դեմ դուրս գալուց մինչև հեղափոխության ավարտը հեղափոխականը չի ենթարկվում օրենքին, իսկ ավարտին դառնում իշխանություն, որի դեմ կարող են դուրս գալ մեկ ուրիշ ապստամբ, պարտիզան, կամ հեղափոխական: Թե՛ ապստամբը, թե՛ պարտիզանը, թե՛ ահաբեկիչը, թե՛ անարխիստը, և թե՛ հեղափոխականը օրինախախտներ են: Սակայն օրենքը բոլորի, այդ թվում նաև նրանց համար է: Այս առումով նրանք հասարակության մյուս անդամների նման հավասար են օրենքի առաջ: Հաճախ նրանց անվանում են ընդհանրական բառով՝ օրինախախտ: Այս բառով ընդամենը ընդգծվում է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Օրենքի նշանակության գիտակցումն ունեն հասարակության ոչ բոլոր անդամները: Նրանց մի մասը ապստամբ, ահաբեկիչ, անարխիստ, հեղափոխական չեն, բայց խախտում են օրենքն այնպես, կարծես վստահ են, որ իրավունք ունեն խախտել օրնեքը, կարծես օրենքն իրենց համար չէ, կարծես օրենքից բարձր են ու կարևոր: Եթե օրինախախտի նկատմամբ օրենքն անողոք է լինում, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը: Եթե նրա նկատմամբ օրենքը վերապահումներ է անում, ապա օրենքն ընդունող և կիրառող իշխանությունները սկսում են միմյանց չվստահել: Իսկ իշխանության թևերի միջև անվստահության խորացումը կարող է հանգեցնել կառավարման ճգնաժամի, ճգնաժամը՝ սոցիալական դժգոհության, դժգոհությունը՝ ապստամբության, անարխիայի և իշխանության կործանման: [b] ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր