211652_close_icon
views-count2808 դիտում article-date 13:17 17-05-2014

Հայաստանի և Արցախի 100 թանգարաններ իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում 2014 թվականի մայիսի 17-ին կմեկնակի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2014 թվականը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար հոբելյանական է. լրանում է ծրագրի 10-րդ տարեդարձը: «Թանգարանների գիշեր» ակցիան սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Մայիսի 18-ը, որպես Թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Իսկ «Թանգարանների գիշերը» 2005 թվականից անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այս ծրագրի նպատակն է այցելուներին անվճար սկզբունքով ընդգրկել թանգարանային միջավայր` ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին, տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնել թանգարանային հավաքածուներին: Տարեցտարի միջոցառումն ընդլայնում է իր աշխարհագրությունը ոչ միայն Եվրոպայում, այլև Հայաստանում և արդեն 2-րդ տարին է նաև Արցախում: Այս տարի մասնակից թանգարանների թիվը հատկանշական է. միջոցառման 10-ամյակին Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև /2012 թ. մասնակցել է 62 թանգարան՝ 135000 այցելու, 2013 թ.՝ 89 թանգարան, 169614 այցելու, 2014 թ.՝ 100 թանգարան/: Միջոցառումների կարգախոսը` «Թանգարանները միավորում են մեզ», ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը: Երկու օր անցկացվող բազմաբնույթ միջոցառումները հասարակությանը հնարավորություն կտան անվճար, գիշերային գողտրիկ միջավայրում մասնակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները: Հոբելյանական տարում «Թանգարանների գիշեր» ակցիային և «Թանգարանների միջազգային օրվան» ևս միացել են մի շարք նոր թանգարաններ: Թանգարանների գիշերվա շրջանակներում արդեն իսկ հայտարարված «Գեղադիտակ» ծրագրին մասնակից այցելուները «Թանգարանային սելֆիները» կարող են ներբեռնել նաև ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում և «Մշակութային ժառանգություն» ֆեյսբուքյան էջում: Ամենաշատ հավանություն ստացած լուսանկարների հեղինակները կհայտարարվեն «թանգարանի բարեկամներ», և ողջ տարվա ընթացքում հաղթողներին կուղեկցեն հետաքրքիր անակնկալները: Մայիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կիրականացվի նաև հատուկ երթուղով այցելություն դեպի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան հետևյալ կանգառներով. ◆ Երևան քաղաքի պատմության թանգարան, ◆ Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ, ◆ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի թանգարան, Հայ Յեղափոխական դաշնակցութեան պատմութեան թանգարան, ◆ Հայաստանի բնության պետական թանգարան, ◆ «Ագուլեցի» ԱՄՍԿ հիմնադրամ: Մայրաքաղաքի որոշ թանգարաններում Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողները կամավոր սկզբունքով մինչև կեսգիշեր կաջակցեն «Թանգարանների գիշեր» միջոցառմանը` նպաստելով այցելուների առավել ներգրավմանը թանգարանային տոնին: «Թանգարանների գիշեր» միջոցառմանը` մայիսի 17-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը՝ 01:00-ն:

Նմանատիպ նյութեր