211652_close_icon
views-count1737 դիտում article-date 15:26 20-05-2014

Պարգևներ՝ ասմունքի մրցույթների հաղթողներին

Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներում ներառված ասմունքի մրցույթի հաղթողները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է մրցույթի մասնակից աշակերտներին և շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին: «Սիրելի՛ աշակերտներ, Երևանի պատմության նոր կերտողները դուք եք լինելու և արդեն սկսել եք, քանի որ ձեր վերաբերմունքը պոեզիային, գրականությունը անպայմանորեն անհետք չի մնալու ձեր կենսագրության մեջ. գրականությունը լավագույն ինքնաճանաչման դրսևորումն է։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, ովքեր աշակերտների հոգիներում ու մտածողության մեջ սերմանում են գրականությունը, հայի ազգային լինելու կարևորությունը, ոգևորում են աշակերտներին ու արժանացնում պարգևների»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հաղթող աշակերտներին է հանձնել մրցանակ գրքերը։ Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի կապակցությամբ ասմունքի մրցույթներն անցկացրել է Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը։ Երևանի քանաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ մրցույթն անցկացվել է աշակերտական գիտական ընթերցումներ ներառելով, ինչը աշակերտների՝ գրականության գիտելիքների դրսևորման լավագույն միջոց է։ Մրցույթներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 358 աշակերտ։ «Պարույր Սևակ» ասմունքի մրցույթի մրցանակային տեղեր է գրավել տարիքային 2 խմբերից 9 աշակերտ, խրախուսվել է 2-ը։ «Համո Սահյան» ասմունքի աշակերտական մրցույթի հաղթողները 6-ն են, խրախուսվել է 16 աշակերտ։ Միջոցառման ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկաներին հրավիրել է դիտելու Երևանի 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» գրաֆիկական անիմացիան, որը, որպես նորարարություն, վերջերս է ներառվել Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր