211652_close_icon
views-count2825 դիտում article-date 18:16 22-05-2014

Մեկնարկում է Թալալյան եղբայրների անվան ալտի և թավջութակի հանրապետական 5-րդ փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արս Լունգա» ՀԿ-ն հայ–շվեյցարական «Հերես» կազմակերպության և «Հարմոնիում» ՀԿ-ի հետ` ս. թ. հունիսի 4-ից հուլիսի 8-ը Երևանում կանցկացնի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 5-րդ փառատոնը /գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան/: Փառատոնի շրջանակում կներկայացվեն համերգային մի շարք ծրագրեր՝ «Հայ-շվեյցարական կամերային երաժշտություն», «Վիեննական դասականներ», «Հայաստանի և Արցախի շնորհալի երիտասարդներ», «Ալտի շուրջ», ինչպես նաև համերգներ՝ նվիրված Արմեն Սմբատյանի ծննդյան 60-ամյա և Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյաններին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին և Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ստեղծման 15-ամյակին: Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 5-րդ փառատոնին կմասնակցեն՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան/, Արամ Խաչատրյանի անվան տրիոն /Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ)/, «Արս լունգա» դուետը /Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր)/: Փառատոնի շրջանակում հանդես կգան մենակատարներ՝ Պի-Չին Չինը /Շվեյցարիա, թավջութակ/, Բորիս Լիֆշիցը /Շվեյցարիա, ջութակ/, Յանա Դարյանը /Հայաստան, ալտ/, Լուսինե Հակոբյանը /Հայաստան, դաշնամուր/, Սվետլանա Հովհաննիսյանը /ԱՄՆ, ջութակ/, Կարինե Հովսեփյանը /ԱՄՆ, դաշնամուր/, Մերի Դոլմազյանը /Հայաստան, ալտ/, Մաքսիմ Նովիկովը /Հայաստան, Ռուսաստան, ալտ/, Վաչե Շարաֆյանը /Հայաստան, երգեհոն/, Աննա Մայիլյանը /Հայաստան, մեցցո-սոպրանո/, Աննա Լանդաուերը /ԱՄՆ, ջութակ/: Ծրագրում կհնչեն՝ Տ. Մանսուրյանի, Մ. Կոկժաևի, Վ. Շարաֆյանի, Ա. Սմբատյանի, Ա. Հոնեգերի, Ռ. Կելտերբորնի, Լ. Մետրոյի, Ֆ. Մյուլլերի, Ս. Ռախմանինովի, Վ. Ա. Մոցարտի, Լ. Վան Բեթհովենի, Յ. Հայդնի ստեղծագործությունները: Համերգները տեղի կունենան՝ ս. թ. հունիսի 4-ին և հուլիսի 2-ին, ժամը 20։00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ս. թ. հունիսի 18-ին, 25-ին, 30-ին և հուլիսի 4-ին, 8-ին, ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Նմանատիպ նյութեր