32802 դիտում
10:32 27-05-2014
Արամ Սարգսյանը՝ այն մասին, թե ինչպես են կուրսի տղաներով ամուսնացել կուրսի աղջիկների հետ, ինչպես է փրկել զոքանչի կյանքը, ինչու է կրտսեր եղբայրը մորը անունով դիմում և ավելին
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ բացառիկ ու անկեղծ հարցազրույցում այն մասին, թե ինչպես են ինքն ու Արմեն Սարգսյանը միավորվել՝ Վազգեն Սարգսյանից պաշտպանվելու համար, ինչպես եւ ինչու են անարգել հոգեւորական պապին եւ այդքանից հետո ինչպես է պահպանել հավատն Աստծո հանդեպ, ինչպես է հայրը գյուղի առաջին ավտոմեքենա ունեցողներից մեկը եղել, ինչու ինքը մինչեւ հիմա մեքենա վարել չգիտի, ինչու են ասել, որ փոքր ժամանակ նստել, նստած է մնացել, կանգնել, կանգնած է մնացել, համբուրել, սեր խոստովանել, կսմթել աղջիկներին, ցոգոլ, ջոջա գողացել, ինչու չեն համարձակվել իրենց հետ կռվի մեջ մտնել, ինչու է Վազգեն Սարգսյանը խաղի մեջ իրեն հաղթողներին ծեծել, ինչու է Արմեն Սարգսյանը վիրավորվել ծնողներից, ովքեր էին մանկության տարիներին լավ եւ վատ տղաներ համարվում, ինչ նամակ է ուղարկել իր սիրած աղջիկներից մեկին, որը, եթե Սոֆի Լորենին էլ ուղարկեր, նա էլ իրենց գյուղ հարս կգնար, ուսանողական տարիներին ինչ անեկդոտներ են պատմել իրենց ֆակուլտետի մասին, ինչպես են կուրսի տղաներով ամուսնացել կուրսի աղջիկների հետ, պատերազմի ժամանակ ինչ մասնագիտական հնարքների է դիմել, ինչպես է վաստակել առաջին գումարը, օլիգարխների հետ ինչ ճանապարհ է անցել եւ ինչու օլիգարխ չի դարձել, ինչ են խոսել իրենից հետո ծառայության տարիներին, ով է իրենց զորամասում ծառայել, ինչու է մինչեւ հիմա ամեն առավոտ սառը լոգանք ընդունում, երեխաներից ինչ ստուգարք է ընդունում, ինչպես է փրկել զոքանչի կյանքը, ինչպես եւ ինչի շնորհիվ է նույն օրը փրկել Վազգեն Սարգսյանի վարորդի՝ Մոսոյի որդու եւ եւս երեք փոքրիկների կյանքը, որտեղ է սիրում մենակ լինել, բայց իրեն մենակ չի զգում, ինչու իր նկարած նկարները իրեն չի պահում, ինչ հեքիաթներ է գրել, որն է իր ամենաթանկարժեք նվերը, ինչ արժեն իր ամենաթանկ եւ էժան հագուստները, ինչ է կորցրել, որ չի կարողանում գտնել եւ ավելին: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ Արամ Սարգսյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.
[b]-Պարոն Սարգսյան: Սովորաբար զրույցի սկզբում զրուցակիցներիցս հետաքրքրվում եմ, թե վերջին անգամ երբ են թերթել իրենց ընտանեկան ալբոմը, ինչպիսի ընտանիքում են մեծացել, բայց Դուք բացառություն եք, քանի որ Ձեր ընտանիքը ոչ միայն հայտնի է հասարակությանը, այլեւ պատմություն է կերտել ու դարձել ազգի դիմագիծ: Անգամ Ձեր մայրը միայն Ձերը չէ: Գրետա մայրիկը ազգի մայր է դարձել եւ իզուր չէ, որ հասարակությունը նրան Գրետա մայրիկ է դիմում: Դեռ Ձեր մանկության տարիներից ձեր ընտանիքն ինչո՞վ էր տարբերվում մյուս ընտանիքներից: Ինչպես նաեւ դժվար մանկությու՞ն եք ունեցել, թե՞ անհոգ:
[/b]
-Շատ-շատ շնորհակալ եմ այն բնութագրի համար, որը տվեցիք: Ես ընդհանրապես ալբոմներ, տեսաժապավեններ դիտող մարդկանց թվին չեմ պատկանում: Դա ինձ սոսկալի տխրեցնում է, քանի որ շատ-շատ մարդիկ, որոնք կողքիդ էին, որոնց հետ ուրախություններ ես կիսել, երգում էին, պարում, հիմա չկան: Բայց դա չի նշանակում, որ այդ մարդկանց չեմ կարոտում, հոգով միշտ իրենց հետ եմ: Խոսքը չի վերաբերում միայն եղբորս` Վազգենին: Խոսքը թե՛ հորեղբորս, թե՛ տատերիս, թե՛ պապերիս մասին էլ է: Երկու կոմին էլ շատ-շատ եմ սիրել եւ նրանցից շատ-շատ բան եմ սովորել: Երեւի ավելի շատ, քան ծնողներիցս: Նրանք մեզ հետ կիսվում էին, խոսում էին այնպես, ինչպես մեծը մեծի հետ: Իսկ ծնողները ասում էին՝ այս կարելի է, այն չի կարելի: Երկու պապս էլ եկել են Չարենցի ծննդավայր Մակու քաղաքից: Մենք մակվեցիներ ենք: Մորական կողմս Դիլիջանից են ու շատ կապված ենք եղել այդ քաղաքի հետ: Սիրում եմ այդ քաղաքը: Հայրական տատս Արտաշատից էր: Եկեղեցականի դուստր է եղել: Հրաշալի պատմություն կա իր ընտանիքի հետ կապված: Հորս պապիկն Արտաշատի իրենց եկեղեցու վանահայրն է եղել: Երբ Սովետական պետությունը «եկել» է, որդիներին միանգամից աքսորել են եւ այնտեղ սպանել: Հորս պապու մեջ, միեւնույն է, հավատը մնացել է, եւ նրան գիշերներով մարդիկ կանչել են իրենց երեխաներին կնքելու, ամուսնության արարողությունները անելու: Սովետական իշխանությունները, երբ իմացել են, որ նման բան է անում վանահայրը, այդ մարդու մորուքը փողոցում խուզել են, անարգել, որ այլեւս նման բան չանի: Բայց, որ ամոթով չմնա իրենց գյուղում, եկել է մեր գյուղ՝ իմ պապու տուն, որ համայնքը չտեսնի իր մորուքը՝ խուզած: Այդքանից հետո պապս պատմում էր, որ զարմանալի բան է՝ մարդը, որ երկու որդի է ունեցել, երկուսին էլ աքսորել են ու սպանել, պետք է, որ Աստծու վրա ամենազայրացած մարդը լիներ, բայց մեզ ասում էր. «Տղա ջան էս, որ Աստծուն չեն հավատում էս մարդիկ, ո՞նց են ապրելու»: Կարծում եմ՝ այն հաջողությունները, ինչը մեր ընտանիքը ունի, նաեւ այդ պապու աղոթքների եւ իր թողած գործի մեջ են: Պապերի կողմից ընտանիքներն ապահովված են եղել: Հայրական կողմի պապս շատ զուսպ մարդ էր, ամեն խոսքը արճիճի կշիռ ուներ, որեւէ ավելորդ բառ երբեք չէր ասի, որեւէ մեկը երբեք չի տեսել նրան գինովցած, զարմանալի ուժեղ մարդ էր ու շատ-շատ էր կիսվում Վազգենի հետ, նաեւ մեզ հետ: Մայրական պապս էլ հայրենական պատերազմի մասնակից էր: Նա գեր մարդ էր, բայց գրպաններում միշտ կոնֆետ կար: Շատ-շատ էր երեխաներին սիրում եւ դրանք բոլորին բաժանում էր: Հայրս ծառայող էր, իսկ մայրս՝ մանկավարժ: Հայրական պապս էլ է ծառայող եղել եւ մեր գյուղի գյուղական խորհրդի նախագահը: Նա հորս դեռ պատանի տարիքում մեքենա է գնալ այն ժամանակ, որ մեքենաներ շատ քչերն ունեին: Նաեւ դա է օգնել, որ հայրս այն ժամանակ իր տեղն ու դիրքը գտնի: Չեմ ասի, թե շատ-շատ լավ ենք ապրել, բայց միջին ապահովության ընտանիք ենք եղել: Ուղղակի մեր տանը հստակ արժեքային համակարգ է դրված եղել: Իմ պապն առավոտից երեկո աշխատում էր հողամասում: Առավոտը վեցին արթանում էր ու գնում այգի: Բոլորին զարմանք էր պատճառում նրա մշակած այգին: Ասում էին՝ կարծես մաղով մաղված լինի: Մեր եղբայրներից միայն Վազգենն էր, որ այդպես հողը սիրում էր: Սիրում էր այդ աշխատանքը ու հաճույքով էր անում: Չէր թողնում, որ օգնեին, որ նա դա միայնակ անի: Այսինքն` մեր տան արժեքային համակարգը մի քիչ ուրիշ էր. չկային այն պահանջները, որոնց շատերն էին ձգտում: Տեսեք, մեր տանը միշտ մեքենա եղել է, բայց ես մեքենա չեմ վարել եւ մինչեւ հիմա մեքենա վարել չգիտեմ: Դա չի ձգել ինձ: Չի եղել այն արժեքը, որին ես ուզեցել եմ հասնեմ, որպեսզի կայանամ իմ շրջապատում: Վազգենն էլ էր այդպիսին: Տեսեք, այդպիսի ակտիվության մարդ էր, բայց չէր վերցնեի հորս մեքենան, գնար այստեղ-այնտեղ: Այսինքն` չկար, չէր ուզում այդ բաները: Ինքը իրեն դրսեւորում էր ֆուտբոլում եւ այդտեղ լիդեր էր, ինքը փորձեց իրեն գրականության բնագավառում ե եւ կարճ ժամանակում «Գարուն» ամսագրում հրապարակախոսության բաժնի վարիչ եղավ, փորձեց գրել արձակ եւ կոմերիտմիության շքանշան ստացավ: Այս առումով այն պահանջարկը, ինչը ունեցել է մեր ընտանիքը, ինչի ցանկությունը մենք ունեցել ենք, այդ պահանջները բավարարվել են:
[b]-Բայց թե՛ ձեզ, թե՛ Արմեն Սարգսյանին հասարակությունը ճանաչում է ոչ միայն որպես Վազգեն Սարգսյանի եղբայրներ, այլ դուք ինքներդ ներկայանալի եք եւ վայելում եք հասարակության հարգանքը: Գաղտնիք չէ, որ Վազգեն Սարգսյանը լիդեր էր իր տեսակով: Նա ընտանիքում է՞լ էր լիդեր, թե՞ ոչ: Եղբայրներով ի՞նչ անհամաձայնություններ եք ունեցել թեկուզ մանկության տարիներին:
[/b]
-Չարություններ չեմ արել՝ ի տարբերություն Վազգենի: Ասում էին՝ նստում, նստած էի մնում, կանգնում, կանգնած էի մնում: Բայց շատ խոսքաշեն եմ եղել: Սիրել եմ պատմություններ հորինել: Գյուղում, ով տեսել է, աղջիկների մասին ինձնից է հետաքրքրվել: Սիրել եմ աղջիկներին գովել, համբուրել: Վազգենը միանշանակ լիդեր էր եւ ամեն ինչում փորձում էինք նմանվել Վազգենին՝ թե՛ ես, թե՛ Արմենը: Ինչ կարդում էր Վազգենը, մենք անպայման պետք է կարդայինք: Ինքը իր կարդացածներից մի երկու բան այնպիսի հետաքրքրությամբ էր պատմում, ներկայացնում, ուրախանում, որ պարտավոր էինք դա կարդալ: Վազգենը սպորտային էր եւ այդ առումով չէր սիրում պարտվել: Սոսկալի էր տանում պարտությունները: Իսկ եթե իրենից թույլերին էր պարտվում, ծեծում էր: Այսինքն` իր հետ մեր խաղալը լուրջ վտանգներ էր պարունակում խաղի ավարտին հաղթանակ ունենալու պարագայում, չնայած իրեն հաղթելը շատ բարդ էր, բոլոր առումներով: Ինքը, եթե թենիս էր խաղում, պետք է խաղար պրոֆեսիոնալ: Սկզբում վերցնում էր գիրքը, ուսումնասիրում էր խաղի կարգն ու կանոնները: Հետո այդ խաղը խաղացող մեկին գտնում էր, որը սովորեցնում էր նրան պրակտիկ այդ բանը: Հետո սկսում էր խաղալ, որ չգնա ու պարտվի: Ի սկզբանե, տարված էր ֆուտբոլով: Ֆուտբոլը նրա տարերքն էր: Նույնիսկ մեր տան մեջ մեր երեխաներին հավաքում ու ֆուտբոլ էր խաղում: Իմ սիրտը կանգնում էր, որ տները այդքան չարչարվել, վերանորոգել եմ, սեղանը քաշում էր ու սկսում էր երեխաների հետ տան մեջ ֆուտբոլ խաղալ:
[b]-Իսկ Արմեն Սարգսյանն ինչպիսի՞ երեխա է եղել: Ինձ թվում է՝ նա տեսակով ամենաչարաճճին է եղել, հա՞:
[/b]
-Գիտեք, Արմենի հետ խնդիրը մի քիչ այլ է: Իմ մեծ հորեղբայրը երեխա չի ունեցել: Բայց ինքն ու իր կինը իմ ճանաչացծ մարդկանց մեջ աշխարհի ամենաշատ երեխա սիրող մարդկանցից են: Բայց նաեւ ասեմ, որ մեր երեխաներից նրանք ամենից շատ ինձ են սիրել: Երբ մեր ընտանիքում երրորդ երեխան էր ծնվում, հայրս խոստացել է, որ այդ երեխային ծնվելուց հետո տալու է նրանց: Արմենը ծնվելուց հետո մեծացել է իմ մեծ հորեղբոր ընտանիքում: Երբեմն-երբեմն, երբ Արմենը չարություններ էր անում, հորեղբորս կինը մորս ասում էր. «Կլինի՞ Արմենին տամ ձեզ, Արամին տաք մեզ»: Բայց ասեմ, որ դա Արմենից թաքուն էր ասում: Արմենի համար ամենևին հեշտ չէր, որովհետեւ նա դպրոցն ավարտելուց հետո իմացավ այդ մասին: Բայց բավականին ծանր տարավ, ինչը նաեւ իմ համար էր զարմանալի: Հիշում եմ, որ բանակում ծառայելու տարիներին մորս նամակ էր գրել, ինչից մայրս շատ-շատ նեղվել էր: Նա նամակում գրել էր, որ ես ձեզ համար իր չէի, որ տայիք: Չնայած Արմենը շատ-շատ է սիրում իր ծնողներին: Նա հայր է ասել հորեղբորս, մայր է ասել հորեղբորս կնոջը: Իսկ հորս, մորս մինչեւ հիմա անունով է դիմում: Իր համար հայրն ու մայրը նրանք են: Ասեմ, որ հավասարաչափ իմ համար էլ են նրանք հայր եւ մայր: Շատ-շատ եմ այնտեղ ապրել. կամ Արմենն էր մեր տանը կամ ես իրենց տանը: Պապուս ընտանիքի եղբայրությունը շատ-շատ մեծ արժեք է: Եթե Վազգենը ողջ մնար, մեր եղբայրությունն էլ հաստատ այդպիսին կլիներ: Վազգենից հետո շատ բան փոխվեց: Նա այդ ամենը շաղկապողն էր: Նա մեր միջի այն տարիքով մեծն էր, որի ասածը չէր հակաճառվում, որի նույնիսկ լռությունից շատ բան էր կախված: Առ այսօր որեւէ քայլ անելուց առաջ ես մտածում եմ, թե Վազգենը ինչ կասեր: Տեսեք, այդքան ժամանակ է անցել, բայց դա քո մեջ է ու քեզ թվում է, թե կենդանի է ու մտածում ես, թե ինչ կասեր, ոնց կաներ այդ ամենին: Կարծում եմ՝ Արմենն էլ է այդպես մտածում:
[b]- Ձեր բակն ինչո՞վ էր տարբերվում այսօրվա բակերից: Հաճախ ձեր հասակակիցների պատմությունները լսելով՝ հասկանում եմ, որ ձեր տարիներին բակերում կյանքն ավելի հետաքրքիր է անցել, քան այսօրվա բակերում: Մանկության տարիներին ի՞նչ հետաքրքիր խաղեր եւ զբաղմունքներ կային: Մանկությունից պահպանված ի՞նչ սպիներ ունեք: Ի՞նչ արժեհամակարգ կար այն տարիներին, որ արժեր այսօր էլ լիներ:
[/b]
-Միանշանակ արժեր, որ այն տարիների արժեհամակարգն այսօր էլ լիներ, քանի որ ամենամեծ արժեքը մարդկային շփումներն էին: Այսօր նոր տեխնոլոգիաներն իրենց առավելությունների հետ, երբ ցանկացած հարցի պատասխանը կարող ես վայրկյանների ընթացքում գտնել, նաեւ բացասական կողմեր ունի: Այն տարիներին ստիպված էինք մեզ հուզող հարցի պատասխանը գտնելու համար հանրագիտարաններ, բառարաններ փնտրել: Իսկ հիմա դրա համար գրազ գալու կարիք չկա: Այն ժամանակ շատ-շատ էինք գրազ գալիս: Մեկն ասում էր՝ դու ես ճիշտը, մյուսը, թե՝ դու: Եվ այդ ճիշտն ու սխալը ստուգելը բավականին դժվար էր: Այդ գրազները մեծ արժեքներ չէին ունենում: Ավելի շատ պատվի արժեք էին. «գիտեիր, թե չգիտեիր» արժեքն էր: Իսկ մանկությունից բացարձակ ոչ մի սպի չունեմ: Կռիվներ արել եմ: Այնպիսի տղա չկա, որ կռիվ արած չլինի: Թենիս խաղալու համար մեր դպրոցի ուսուցիչներից մեկի որդու հետ կռվեցինք: Դա վերածվեց դասարանների կռվի, հետո կանչեցին տնօրինության մոտ եւ այլն եւ այլն: Գիտե՞ք ինչ, գյուղերում ցոգոլ, ջոջա գողանալը, այդ ամենը ավելի շատ «տրադիցիայի» մեջ էր: Ամեն մեկիս բակում էլ դա կար: Գողանալու խնդիր չէր, ավելի շատ թաքուն պայմանավորվելու, ճարպկությունը ստուգելու միջոց էր: Հետո գյուղում բոլորն իրար ճանաչում են: Մեր ազգությունը, փառք Աստծո, բավականին մեծ է. թե՛ քեռիներս, թե՛ հորեղբայրներս շատ լուրջ հեղինակություններ էին գյուղում՝ տղայական որակների հեղինակություն: Աշխատող մարդիկ էին, գողական «հեղինակություններից» չէին, բայց, թե՛ ֆիզիկապես շատ ուժեղ էին, թե՛ պապուս նման խոսքի տեր: Եվ այդ առումով մենք այնքան ապահովված էինք, որ մեր հետ կռիվ անելու ցանկություն ունեցողները շատ քիչ էին: Իսկ չգրված օրենքերը հիմնականում կապված էին աղջիկների հետ: Գիտեք, այդ առումով ես ու իմ եղբայրները լավ էքսպերտ չենք, որովհետեւ քույր չենք ունեցել: Եթե որեւէ մեկը որեւէ աղջկա հետ իրեն անտակտ պահեր, նույնիսկ այդ բակի տղաներն իրավունք ունեին նրանց կանչելու եւ դրանով էր որոշվում նրանց ինչպիսի տղա լինելը: Կոկիկությունն էր մեր ժամանակ հաշվի առնվում: Թափթվածությունը, ինչը այսօր մոդայիկ է ինչ-որ տեղ, այն ժամանակ հարգի չէր: Հաշվի էր առնվում նաեւ այն հանգամանքը, թե այս վարպետը իսկապե՞ս լավն է, թե՞ գլուխ պահող: Իսկ լավերին գնահատում էին եւ, անկախ տարիքից, վարպետով էին դիմում: Եթե սովորող էր, հաշվի էին առնում՝ իսկապե՞ս լավ սովորող է, թե՞ ծանոթով է սովորում: Իսկ եթե իսկապես լավ էր սովորում, մեծից փոքր գնահատում էին, հետը հույսեր կապում եւ ձգտում ընկերանալ: Այն ժամանակ ծնողներն ու զավակները շատ ավելի երկար էին իրար հետ ապրում՝ թոռներով, եղբայրներով, բոլորը մի ընտանիքի մեջ էին: Եթե տներ էին կառուցում, ապա իրար կողք-կողքի: Հիմա եղբայրներն աշխատում են իրարից հեռու ապրել, ինչը շատ վատ է եւ սոցիալականից է գալիս: Այն ժամանակ գյուղերից լավաշի հոտ էր գալիս: Հաց թխելու արարողությունը տան ընտանիքի, հոր, ծնողի նաեւ հպարտությունն էր, որ իր կինը համով հաց է թխում: Հիմա մեր գյուղում մատների վրա կարող ես հաշվել այն հարսներին, ովքեր հաց են թխում: Այդ առումով ես էլ հպարտանալու բան չունեմ: Թոնիր ունենք, բայց իմ կինս հաց թխել չգիտի: Բայց պետք է ընդունենք, որ դա նաեւ պրոգրեսի արդյունք է:
[b]-Պատմում են, որ նույնիսկ զգացմունքներն էին այն տարիներին ուրիշ` սերն ավելի խորն է եղել, ավելի մնայուն: Այդ ժամանակ տղաները ի՞նչ փորձությունների միջոցով էին նվաճում աղջիկների սիրտը: Աղջիկներն այսօր դժգոհում են, որ տղաները հաճախ իրենց նեղություն չեն էլ տալիս ինչ-որ հետաքրքիր արարքով նրանց սիրտը նվաճելու համար՝ համոզված լինելով, թե իրենք են, որ կան, իսկ տղաներն էլ դժգոհում են, որ աղջիկներն էլ, առաջին հերթին, կարեւորում են ոչ թե զգացմունքներնը, այլ գրպանի պարունակությունը: Կյանքի դպրոց անցած զրուցակիցներիցս մեկն անգամ ասաց, որ այն տարիներին սերն այնքան մաքուր էր, որ անգամ չէին էլ կարողանում խոստովանել:
[/b]
-Ես մտածում եմ, որ սերը մնում է սեր: Դա ֆիզիոլոգիական չէ: Համոզված եմ, որ Ադամը սկզբում սիրել է Եվային, նոր է ամուսնացել ու խնձորի իմաստը սիրելու մեջ էր նաեւ ինչ-որ առումով: Համոզված եմ, որ այսօրվա երիտասարդներն էլ սիրում են այնպես, ինչպես Ռոմեոն եւ Ջուլիետը: Սերը կայուն արժեք է եւ չի փոխվում: Ամեն մարդ սիրելու իր ուրույն ձեւն ունի: Այդտեղ բացարձակ շաբլոն չկա: Իհարկե, կան մարդիկ, ովքեր իրենց սիրելու պահը կորցնում են եւ դրանից հետո ստիպված ընտրություն են կատարում: Դրանից հետո կամ հաջողվում են կամ, ոչ, ինչը նաեւ պատճառ է, որ այսօր բաժանություններն այդքան շատ են: Բայց, բարեբախտաբար, նրանք, ովքեր սիրում են, նրանց ընտանիքները հաջողակ են լինում: Երեխաները լավն են լինում: Լեոնիդ Ենգիբարյանն ասել է, որ աշխարհի ամենակարեւոր բաները բարձր չեն ասում, այլ թաքուն ականջին են շշնջում: Կարելի է ոչինչ չանել, բայց սիրել, ու այդ տեսնողը կտեսնի: Երեխա տարիքում ես բոլորին ասել եմ, որ սիրում եմ համբուրեմ, կսմթեմ՝ էս ի՞նչ լավն ես: Իսկ, երբ պատանի եմ դարձել, նույնիսկ շատ-շատ սիրելու դեպքում չեմ խոստովանել: Այո, ամաչում էի խոստովանել, նույնիսկ շրջապատում այդ վերաբերմունքը արտահայտել, բայց դա այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ կույր էր պետք լինել, որպեսզի չնկատեիր: Ծնողների մոտ այդ թեմայով չէինք խոսում, միանգամից կարմրում էինք, կարծես թե ինչ-որ չար կամ վատ բան էինք արել: Այն դեպքում, երբ ես 33 տարեկանում եմ ամուսնացել, Վազգենը 40-ում դեռ ամուսնացած չէր: Բնականաբար, սիրային նամակներ էլ են եղել: Գիտեք, մեր տանը նամակներ գրել սիրում էին: Ես նամակագրությունը արվեստ եմ համարում: Չեմ սիրում հենց այնպես, խզբզած նամակ: Այսօր էլ եմ նամակի ժանրից օգտվում: Հեռախոսով կարող եմ ասելիքս ասել, բայց աղջկաս գրում եմ Viber-ով ու դրանից հաճույք եմ ստանում: Ու հենց այնպես չեմ գրում: Նկարներն էլ եմ ընտրում: Իհարկե, այս առումով Վազգենին հասնել հնարավոր չի, որովհետեւ այդ նամակները կատարելություն էր: Իմ ամենասիրած նամակներից մեկը, որը, խոստովանեմ, գրագողություն եմ արել, եղել է Բեթովենի գրած նամակն իր սիրեցյալին: «Ճակատագիրն ափի մեջ» գրքում կա դա: Եթե հիշողությունս չի դավաճանում, Գյոթեի կնոջն է գրել այդ նմակը: Ես այն ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ, որ եթե այդ նամակը վերցնես, անունները փոխես ու ուղարկես Սոֆի Լորենին, կգա մեր գյուղ հարս:
[b]- Դպրոցում եւ ուսանողական տարիներին ինչո՞վ աչքի ընկաք: Հաշվի առնելով ձեր ազդեցիկ հանրահավաքային եւ հոգեւոր ելույթները՝ կարծում եմ, որ ձեր խոսքով, այո՞: Միաժամանակ ասում են, որ ի տարբերություն դպրոցի՝ ուսանողական տարիներին ավելի շատ կյանքի դպրոց ես անցնում: Ի՞նչ կռիվներ, միջադեպեր կառանձնացնեք:
[/b]
-Սովորելու տարիներին մենք որեւէ դժվարություն չենք ունեցել: Ավտոբուսով գնացել, եկել ենք: Բարեկամ մորաքրոջս տանն ենք մնացել, որին շատ-շատ սիրում ենք: Շատ հարազատ մարդ է մեզ: Ութ տարի ապրել ենք այդ տանը եւ մորաքրոջս երեխաների ծնողական ժողովներին ես եմ գնացել: Տղան արդեն հայկական բանակի գնդապետ է, ով սովորել է Հունաստանի ՆԱՏՕ-ի ակադեմիայում, հետո՝ Մոսկվայի ակադեմիայում: Ես շատ-շատ կուզենայի, որ մեր բանակի սպաները լինեին Վահանի նման ամբասիր, զինվորներն էլ են նրանից շատ գոհ: Այստեղ ես լումա ունեմ, որովհետեւ իր ծնողական ժողովներին ես եմ գնացել: Նույնը իմ մորաքրոջս աղջկա ժողովներին, որը, դժբախտաբար, հիմա Միացյալ Նահանգներում է ապրում, բայց էլի ստացված, հաջողված մարդ է: Ուսանողական տարիներին Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետում եմ սովորել: Իսկ այդ ֆակուլտետի «վրա» բազմաթիվ անեկդոտներ են պատմում, որովհետեւ այդ ֆակուլտետի ուսանողները գծագրությունից դուրս ժամանակ գրեթե չէին ունենում: Այդտեղ ուսանողական կոպերացիաներ էին ձեւավորվում: Չորս-հինգ հոգանոց խումբը դառնում էր մեկ ամբողջություն: Ես թե՛ ուսանողության, թե՛ դասախոսության շրջանում աչքի եմ ընկել շատ բարձր որակի գծագրական տեխնիկա ունենալով: Շատ մաքուր եմ գծել, շատ մաքուր: Իմ գրած թվերն ու տառերը տպագրին մոտ էին: Նաեւ չթաքցնեմ, որ իմ դասախոսներից եղել են մարդիկ, ովքեր, երբ դոկտորական են պաշտպանել, մեկը՝ Սերգեյ Համբարձումյանը, որը Մատենադարանի նոր մասնաշենքի հովանավորն էր, կար նաեւ Բադեյան ազգանունով ամբիոնի վարիչ: Իրենց պաշտպանության գծագրերը, որպես լավ գծողի, բերել, տվել են ինձ, և ես արտագծել եմ, որ որակը բարձր լինի, որովհետեւ տուշով ես դա շատ լավ էի անում: Դա երաժշտական լսողության նման է: Մարդը տարածական պատկերացում կամ ունենում է կամ ոչ: Պապուս աղոթքներից երեւի այդ պատկերացումը ինձ լավ էր տրված: Մյուսները դրանից վախենում էին, իսկ ինձ շատ լավ էր տրված: Դա ինձանից էր կախված, մարդ դա կամ ունի կամ ոչ: Իսկ կռիվ անելու ժամանակ չէր լինում: Պատկերացրեք, այդ տախտակներն ուսներիս «Իկառուս» ավտոբուսներով գնում, գալիս էինք:
[b]-Իսկ ի՞նչ անեկդոտներ էին պատմում:
[/b]
-Դե, ասում էին, որ այդ մասնագետները կնոջն ասում են, թե սիրուհու մոտ են, սիրուհուն ասում՝ կնոջ մոտ են, բայց գիշերները գնում են գծագիր գծելու:
[b]-Բանակում ի՞նչ «չեպեներով» աչքի ընկաք եւ ծառայության տարիներից մնացած ծոցատետր ունե՞ք, որտեղ ծառայակից ընկերների հասցեներն են նշված:
[/b]
-Ծոցատետր չունեմ: Ծառայության տարիներից սպիներ էլ չունեմ: Իմ կարծիքով, մարդն իր շրջապատում պետք է իրեն այնպես պահի, որ դիմացինը երբեք չփորձի ուժի դիրքերից խոսել: Դա ներքին հոգեւիճակ է: Ես շատ լավ զինվորական եմ եղել: Շատ-շատ հայեր աշխատում էին բանակում հաց կտրող լինել կամ տնտեսական բաժիններում: Ես այդ առումով ապահովագրված էի, որովհետեւ նկարչական կրթություն եմ ստացել եւ նկարում էի: Ցանկացած զորամասում մի 500-1000 քառակուսի մետր տարածք կար, որը պետք է ներկրվեր, նկարվեր, հայրենասիրական լոզունգներ գրվեին: Ես դրանում վատ բան չեմ տեսել եւ բազմաթիվ տեղեր կան, որ դա ես եմ արել ու մինչեւ հիմա մնացել են: Իհարկե , դրանք արտատպումներ են եղել, բայց չեմ կարծում, որ այն որակն է, որից կամաչեմ: Ծառայել եմ Բաթումիում: Այն զորամասում, որտեղ ես եմ ծառայել, ծառայել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահը: Պատահաբար իմացա այդ մասին, երբ գնացել էի Ղարաբաղ: Ինքը մոտեցավ ինձ եւ ասաց. «Գիտե՞ս, մենք նույն զորամասում ենք ծառայել, ես եկել եմ այդ զորամաս, դու երկու օր առաջ գնացած ես եղել, բայց իմացել եմ, որ այդ նկարները դու ես նկարել»: Ցանկացած հայ, որ գալիս էր, հպարտանում էր, ասում էր. «Տեսեք, հայ է նկարել»: Հակաօդային ուժերում եմ ծառայել եւ բոլոր զորավարժություններին մասնակցել եմ: Հաճույքով եմ մասնակցել: Չէի ասի, որ զինվորական կյանքը շատ մեծ հուշեր է տվել, որովհետեւ ես կերպով զինվորական չեմ: Բայց համարում եմ, որ ցանկացած տղայի համար շատ կարեւոր է լինել մի շրջապատում, որտեղ բոլոը տղաներ են, որտեղ պետք է ինքնահաստատվես: Գիտելիքներից բացի, շատ կարեւոր է նաեւ կարողանալ վազել եւ շնչահեղձ չլինել: Իսկ ես ասեմ, որ մինչեւ հիմա վազում եմ, զբաղվում ֆիզկուլտուրայով ու միշտ եմ զբաղվել: Նաեւ սառը ջրով լողանում եմ, հակառակ դեպքում չեմ կարող արթնանալ: Արդեն պոլիտեխնիկական ինստիտուտի տարիներին կար զինվորական բաժին, որտեղ սպայի կոչում էիր ստանում: Այդ ժամանակ մեկ ու կես ամսով ուղարկեցին Գյումրի՝ ծառայելու, եւ այնտեղի «կազաչի պոլկում» եմ ծառայել, եւ կրակել ենք Ալագյազ լեռան վրա «Գրադ» կոչվող «ԲԵՄ 21»-ով: Դա նաեւ մասնագիտության հետ կապ ունի, քանի որ կապված է քարտեզների հետ: Ուսնողական տարիներին մենք գեոդեզիա էինք անցնում: Երասխի պատերազամի ժամանակ, երբ պատերազմը սկսեց եւ կարկտահար հրանոթները, որ կային, տեղադրվեցին, առաջին կրակոցները դրանցով փորձեցինք: Այդ ժամանակ զինվորական սարքից, որի անունը «Բուսոլ» է եւ որը 360 աստիճանի շրջանը իր մոտ 60 աստիճան է, չկար: Իսկ այդ հրանոթների վրա 60 աստիճանով էր չափերը դրված ու որպեսզի կարողանայիր քարտեզի հետ կապել դա, արել եմ ես: Շինարարությունից բերել եմ իմ թեոդոլիտը, դրանով կապնվել եմ սարերի վրա գիոդեզական հենակետին, տեղի հրանոթների դիրքը որոշել եւ հաշվարկները անելուց հետո գործի դրել:
[b]-Ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը եւ ո՞ր տարիքում: Առաջին վաստակած գումարն ի՞նչի վրա եք ծախսել եւ ո՞րն էր հաջողության հասնելու Ձեր հաղթաթուղթը: Ո՞ր աշխատանքի արդյունքում դարձաք միլիոնատեր:
[/b]
Առաջին աշխատանքս եղել է Արարատ գյուղի կոլտնտեսությունում: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո փոքր քեռուս կոլտնտեսությունում որպես կոլտնտեսական էի աշխատում: Հող էի փորում, այգի էի տնկում, սովորում էի էտել, ջրել: Կոլտնտեսությունում առաջին աշխատավարձ ասվածն ուրիշ է, այնտեղ աշխոր են հավաքում եւ տարվա վերջում վճարվում է: Շատ գումար էր հավաքվում, բայց չեմ հիշում, թե ինչի վրա եմ ծախսել: Ինստիտուտն ավարտելուց հետո Արարատի ցեմենտի գործարանում նոր տեխնոլոգիական գծի շինարարությունն էր գնում, որը շատ մեծ էր եւ չէր պատկանում Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Ղեկավարվում եւ ֆինանսավորվում էր Մոսկվայից: Այդտեղ իսկապես լուրջ գիտելիքներ էին պետք նման մասշտաբի շինարարությունում աշխատելու համար: Առաջին աշխատանքս եղել է տասնապետ, հետո աշխղեկ, բայց շատ կարճ ժամանակում դարձա շինարարական որակի հսկման լաբորատորիայի վարիչ: Գիտե՞ք ինչքան շինարարական օբյեկտներ եմ վատ որակի համար քանդել տվել: Սովետի ժամանակ նույնիսկ նրանց դատելու խնդիր էլ առաջանում, բայց անգամ մինիստրի մակարդակով չէին կարողանում ինձ հետ լեզու գտնել: Դա բոլորը լավ գիտեին: Տրեստի կառավարիչը եղել է նախկին էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, ով կարող է դա հաստատել: Կաշառք առաջարկողներ շատ-շատ են եղել: Ամենամեծ կաշառքի չափը հինգ հազար ռուբլի էր: Այդ ժամանակ դա շատ մեծ գումար էր: Վեց հազար ռուբլիով կարող էիր մեքենա գնել: Իսկ միլիոնատեր չեմ դարձել: Դոլարով երբեք միլիոն չեմ ունեցել: Նույնիսկ մոտ չեմ եղել դրան: Աչքով տեսել եմ, որովհետեւ ցեմենտի գործարանը ահռելի արտադրություն էր տալիս: Պոլիտեխնիկական ինստիտուտում շատ հրաշալի մի մարդ կար Շավարշյան ազգանունով, որից բոլորը վախենում էին: Նա գիոդեզիայի ուսուցիչ էր եւ շատ պահանջկոտ: Ուսանողներին կարող էր նաեւ շատ կոպիտ վիրավորել, բայց ես իմ աշխատանքային գործունեության մեջ այն ձեռքբերումներին, որ հասել եմ, պարտական եմ իրեն: Ասում եմ, որ իր ընտանիքն էլ իմանա: Ինքը մեկ տարի առաջ է մահացել եւ, ցավոք սրտի, չեմ իմացել, որ գնամ, բայց դա ոչինչ չի նշանակում: Ինքը ուղղակի պարտադրեց, որ ես այդ սարքավորումները սովորեմ: Երբ ես արդեն աշխատում էի, ինչ-որ արտադրամասի տեղը նշելու համար Երեւանից գիոդեզիստ էին կանչում եւ վճարում, ես ասացի. «Սա ի՞նչ խնդիր է, որ մասնագետ եք կանչում: Գնեք ինձ համար այդ սարքը եւ ես այդ ամենը կանեմ»: Այդտեղից հասկացան, որ գիտեմ իմ գործը եւ արագ -արագ սանդղակով բարձրացա: Ես միշտ արտադրության մարդ եմ եղել: Ինձ հետաքրքրել է նաեւ մետալուրգիական արտադրությունը եւ այդ արտադրության բոլոր տղաների հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել: Այսօրվա Մաքսիմն էլ կարող է ասել: Նավասարդյան Ռոմանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը` Թելման Պետրոսյանը: Այդ գործարանների միության հետ գիտե՞ք. թե ինչքան ճանապարհ եմ անցել: Այդ գործարանների միության մեջ եղել են այսօրվա օլիգարխներից շատ-շատերը, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը:
[b] -Բա ինչպե՞ս եղավ, որ իրենք օլիգարխ դարձան, իսկ դուք՝ ոչ:
[/b]
- Արտադրության եւ բիզնեսի մարդը տարբեր բաներ էին: Իմ խնդիրն արտադրելն էր, ոչ թե դա վաճառելը: Իրենք դրա վաճառքով էին զբաղվում: Հետո էր, որ ես դարձա «Արարատ Ցեմենտ» ՓԲԻ-ի տնօրեն ու արդեն ստիպված եղա զբաղվել շուկաներով: Հետո ես իմ առաջ խնդիր չեմ դրել ունենալ ավելին, քան ինձ պետք է: Ես շատ ավելի շատ միլիոնատեր եմ, քան այս երկրում եղած լիքը միլիոնատերեր: Նրանով, որ իմ պապերն ամբասիր կենսագրություն են ունեցել, եւ չկա մեկը, որ այսօր իրենց մասին վատ բան ասի, որ հորս ու մորս հայ ժողովուրդը հայրիկ ու մայրիկով է դիմում, որովհետեւ իրենք այդպիսին են եղել: Եղբորս ընկերներից մինչեւ մեր «չուզողները» այդ մարդկանց սպիտակին, որեւէ ավել բառ չեն կարող ասել, որովհետեւ այդ մարդիկ ավել բան չեն ասել, իրենց տղայի հասած հաջողություններից չեն փորձել օգտվել, հովանավորություն չեն արել, իսկ եթե միջամտել են, միջամտել են արդարության համար, աղքատի եւ անտունի համար, բայց ոչ իրենց սեփականի եւ հարազատի: Շատ-շատ հարուստ եմ, որ Վազգենի նման եղբայր եմ ունեցել, ում արժեքը, կարծում եմ, ապագան է գնահատելու: Ես համարում եմ, որ ողջ հայ ժողովուրդը մնացել է 20-րդ դարում. միայն Վազգենն է, որ ապրում է 21-րդ դարում եւ ցանկանում եմ, որ մենք էլ 21-րդ դարում ապրենք: Շատ-Շատ հարուստ եմ իմ երեխաներով, ովքեր լավ են սովորում, ովքեր բուհերում լավ սովորելով՝ բարձր են պահում իրենց հորեղբոր հիշատակն ու անունը: Որովհետեւ ասում են՝ «էս ո՞վ է»: «Վազգենի եղբոր աղջիկը»: «Հաա՜, գենի է»: Դա հորեղբոր հիշատակը վառ պահելու ամենալավ ձեւերից մեկն է, որով ես իսկապես հպարտանում եմ:
[b]- Զրուցակիցներիցս շատերը պատմել են, որ ամուսնացել են իրենց եղբոր կնոջ քրոջ հետ, կամ տարել են սիրած աղջկան ծնողների հետ ծանոթացնելու և պարզվել է, որ բարեկամ են, փախցրել են եւ այլն: Դուք ի՞նչ հետաքրքիր պատմությամբ կհամալրեք այս շարքը:
[/b]
-Մենք ծանոթացանք ուսանողական տարիներին: Մեր կուրսը բացառիկ կուրս էր: Կուրսում բոլոր աղջիկներն ամուսնացան կուրսի տղաների հետ: Ընդ որում, իմ կնոջ քույրն էլ է իմ կուրսեցին եղել: Նրա ամուսինն էլ իմ ամենամոտիկ ընկերն է եղել ու կուրսընկերը: Այս առումով մեր երեխաները ոչ միայն մորաքրոջ երեխաներ են, այլեւ շատ մոտիկ ընկերների երեխաներ: Ուսանողական միասնական աշխատելու «կոպերացիները» շատ լավ բան էին: Ճիշտ է, մարդը ինչ-որ ուղղությամբ էր շատ ավելի խորանում, բայց դա ապահովում էր մտքի զարգացումը: Դու մյուսին պետք է սովորեցնեիր այն, ինչ դու գիտեիր, իսկ սովորեցնելուց դու ամենաշատն ես սովորում: Իսկ, երբ այդ ամենը անում, վերջացնում էիր, ազատ ժամանակն էլ արդեն իրենց հետ էիր անցկացնում: Այդ «կոոպերացիան» միասին գնում էր թատրոն նայելու, երեկոյան միասին գալիս էր «Պապլավոկ»՝ սուրճ խմելու ու զրույց անելու: Իմ կինը` Մարինեն, շատ լավ հաշվում է: Ինքը նաեւ «Երեւան նախագծում» է աշխատել: Բացառիկ ունակություններ ունի մաթեմատիկայի ոլորտում: Աղջիկս այդ առումով մորն է քաշել: Ինչ վերաբերւմ է նրա սիրտը նվաճելուն, ես միշտ նախանձել եմ այն մարդկանց, ովքեր արագ են գործողությունները անում: Ես կերպով դանդաղաշարժ եմ: Որեւէ բան եթե ուզում եմ կամ պետք է սովորեմ, դանդաղ եմ սովորում, բայց շատ հիմնավոր: Եթե որեւէ գործ դնում եմ, այդ գործից պետք է ամեն ինչ հասկանամ, նոր այդ գործը դնեմ: Ուրիշ բան՝ ես կաշխատե՞մ, թե՞ չեմ աշխատի, բայց ով կաշխատեցնի, ինձ չի կարող խաբել: Այն, ինչը ես կհաշվեի երկուսից երեք ժամում, Մարինեն դա անում էր կես ժամում: Առաջինը դա շատ սիրեցի, որովհետեւ ժամանակի խնայողություն էր բերում: Ես շատ արագ կողմնորոշվում եմ միայն էքստրեմալ իրավիճակներում, երբ կրակում են, «Մարտի մեկ» է եւ այլն: Այդ ժամանակ շատ սթափ եմ եւ որոշում կայացնելը այո կամ ոչ է: Իսկ սովորական վիճակներում շատ երկար պետք է ծանր ու թեթեւ անեմ: Իմ շրջապատում բոլորն էլ կասեն, որ ես որոշում կայացնող մարդ եմ եւ երբեք չեմ թողնում «չգիտեմ» կամ «կամ»-ի վրա: Ամենաչսիրածս բանն է: Նույնիսկ կյանքի-մահվան շատ-շատ որոշումներ են եղել կախված հարազատների հետ, որ շատ ավելի մոտ հարազատները ասել են՝ չգիտեմ, իսկ ես հստակ որոշում եմ կայացրել եւ շահել ենք:
[b]-Իսկ կյանքի եւ մահվան հետ ի՞նչ որոշումներ եք կայացրել, որ հաղթել եք:
[/b]
-Օրինակ կնոջս մայրն առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ նրան պետք է դնեին դիալեզի: Տարիքն այնպիսին էր, որ դիալեզ անելու համար կարող էր օրգանիզմը չդիմանալ: Թե՛ նրա եղբայրը, թե՛ աղջիկները չէին կողմնորոշվում: Ես ասացի, որ միանշանակ պետք է արվի եւ այդ որոշումը վերցնում եմ իմ վրա: Փառք Աստծո, արդեն յոթ տարի է անցել եւ նա ողջ-առողջ է:
[b][b]-Այսինքն, դուք փրկել եք ձեր զոքանչի կյանքը:
[/b][/b]
-Ինքն էլ է այդպես ասում: Իմ երեխաներն էլ՝ թե՛ աղջիկս, թե՛ տղաս, որ բուհում սովորել են, ապրել են իրենց տատիկի տանը, եւ ինքը այդ պարտքը «մեկին՝ տաս» վերադարձրել է երեխաներիս ժամանակին տուն կանչելով, իրենց արած չարությունների համար նրանց պատժելով եւ տա՛ Աստված, երկար այդպես ապրի: Նման որոշում եմ էլի եմ կայացրել: Իմ եղբայրը վարորդ ուներ՝ Մովսես Գեղագուկյան, ինքն ու իր կինը ավտովթարից զոհվեցին: Շատ դժբախտ ընտանիք էր այդ առումով, եւ երկու երեխաները՝ աղջիկը եւ տղան, մնացին մենակ: Այդ ժամանակ, երբ մայրը ավտովթարից մահացել էր, մոր թաղման օրը ես Մոսոյի որդուն կնքել եմ: Քավոր եմ կանգնել այդ տղային հենց մոր թաղման օրը: Բժիշկները ասացին, որ գլխի կոտրվածքը այնպիսին է, որ ոչինչ անել չեն կարող՝ նրանց կյանքը թողնելով Աստծո հույսին: Ես հիշեցի, որ նրանց քավորը ես եմ ու այդ երեխային չեմ կնքել եւ, եթե այդ երեխային թողնում ենք Աստծո հույսին, իսկ Աստծո գրքերում ինքը գրված չի, այդ դեպքում հենց մոր թաղման արարողության օրը ես կնունք եմ արել երեխային ու բարեբախտաբար տղան փրկվեց: Ի միջի այլոց, ասեմ, որ այդ արարողությունը արվեց վերակենդանացման բաժանմունքում` մանկական բժշկական կենտրոնում: Վերջում Վազգենն էլ եկավ, հասավ: Չորսը երեխա կար այդ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ արվեց մկրտության արարողությունը: Մկրտում էր Նավասարդ Սրբազանը: Այդ բաժնի չորս երեխաներն էլ ողջ մնացին: Փառք Աստծո: Ի դեպ, երեխաներից մեկն էլ յոթերորդ հարկից էր ընկել: Հետո, երբ գնում էի այդ հիվանդանոց երեխային` Նժդիկին, տեսնելու ինչքան երեխայի ծնող կար, ասում էին. «Արի մեր երեխային քավոր կանգնի»:
[b]- Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները: Խի՞ստ հայր եք, թե՞ ոչ: Ի՞նչ չգրված օրենքներ եք դրել ձեր երեխաների առաջ եւ հնարավորություն ունենալով հանդերձ՝ ինչի՞ց եք զրկել նրանց: Ձեր ծնողները Ձեզ ի՞նչ խորհուրդ են տվել, որը ժամանակին չեք կատարել և հիմա ձեր սխալը զգալով ՝ խորհուրդը Ձեր զավակներին եք տալիս:
[/b]
-Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում երբեք իմ ծնողներին «ոչ» չեմ ասել: Մորս հիվանդության ժամանակ էր, որ իրեն էլ խոստովանեցի, որ հիմա քեզ ոչ եմ ասում, որովհետեւ դա այդպես պետք է լինի: Նա չէր ցանկանում պառկել վերակենդանացման բաժանմունքում, այլ ցանկանում էր գալ տուն: Եվ ես ասացի «ոչ», որը միակ դեպքն էր: Բարեբախտաբար, այդ գիտակցվածի վրա իմ երեխաներից որեւէ մեկը չի եղել, որ ինձ ոչ ասի: Ես վերջին չորս-հինգ տարիներին իմ առաջ խնդիր եմ դրել, որը նաեւ Վազգենի ցանկությունն էր, երեխաներիս ծանոթացնեմ աշխարհի հետ: Ցանկանում եմ, որ իրենք աշխարհը տեսնեն: Նամանավանդ, որ երկու աղջիկներս մեծանում են, վաղը կամուսնանան, եւ ես չգիտեմ՝ կտեսնե՞ն, թե՞ չէ: Քանի այդ հնարավորություն կա, մենք ընտանիքով միասնական ճանապարհորդում ենք: Ասենք, ասում եմ, ընտրեք այն երկիրը, որտեղ ցանկանում եք, որ գնանք: Ենթադրենք, ընտրում են Իտալիան: Իրենք պետք է ստուգարք անցնեն, և ինչ գիտեն Իտալիայի մասին, որտեղ են ուզում գնալ եւ ինչն են ուզում նայել: Ակնհայտ է, որ այդ ստուգարքը, որը ես պետք է ընդունեմ, այդ գիտելիքները պետք է ունենամ: Իրենք միշտ այդ ստուգարքը հանձնում են: Մենք իսկական տուրիզմով ենք զբաղվում: Չենք նստում տաքսիներ, հիմնականում ոտքով ենք ման գալիս ու ավտոբուսներով: Այն քաղաքները, որտեղ մենք գնացել ենք, երեխաներս ճանաչում են եւ չեն կորի: Բոլոր տեսարժան վայրերը հատ-հատ գնում ենք: Դա նաեւ չափից ավելի ամրացնում է ընտանիքը: Երբ որ ներսում են՝ տանը, իրենք իրենց քիչ են զգում, իսկ օտարության մեջ իրենք են ու իրենց ընտանիքը, դա բացարձակ ուրիշ բան է: Ընտանիքն ամրացնելու լավագույն ձեւը դա է: Ընդհանրապես աշխարհում չկա ավելի հաճելի բան, քան ընտանիքով ճամփորդելը: Հավատացեք, դրա համար միլիոնատեր լինել հեչ պետք չէ: Տղաս իմ եւ մոր մասնագիտությամբ գնաց. այսօր աշխատում է «Արարատ»-ում: Այն իմ սեփականությունը հանդիսացող ՓԲ է, որտեղ իմ բաժնեմասը 45 տոկոսի կարգի է: Այնտեղ արտադրվում է օդային կիր եւ օգտագործվում է մետալուրգիայում: Տղաս աշխատում է՝ որպես մեխանիկի օգնական: Կարող էի, չէ՞, իմ արտադրությունն է, ուրիշ գործի դնել, բայց ցանկանում եմ, որ բոլոր փուլերն անցնի: Բարեբախտաբար, նա մարդկային այն տեսակից չէ, որ ճոխություններ սիրի, դրանից նեղվի: Փոքր աղջիկս դեռ դպրոցական է եւ դեռ երկու տարի ունի, որ ավարտի, իսկ մեծ աղջիկս սովորում է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետում: Բացարձակ գերազանցիկ է, խոսում է տարբեր լեզուներով, որի համար նախանձում եմ:
[b]-Բրենդամո՞լ եք, թե՞ ոչ: Ի՞նչ հայտնի ֆիրմաներից եք օգտվում: Ի՞նչ արժեն ձեր ամենաթանկ եւ ամենաէժան հագուստները: Ձեզ համար ստացած ամենաարժեքավոր նվերը եւ ամենաթանկը, բայց առարկայական տեսքով եւ ի՞նչ հավաքածուներ ունեք:
[/b]
-Երեւի 10-րդ դասարանից սկսած գրիչներ եմ հավաքում: Այն տարիներին դա մոլեռանդ բնույթ կրեց: Ռետիններ էլ էի հավաքում: Ամենամեծ գողություններս դրանք էին, ռետին էի գողանում: Կուրսի երեխաները, ով ռետինը մոռանար, իմ գրպանումէր հայտնվում: Նկարչական ուսումնարանում, քանի որ սովորել ենք թե կոմպոզիցիա, թե գունանկար, այդ առումով նաեւ որոշակի ճաշակ է ձեւավորվել, եւ ես միշտ փորձել եմ հագնվելը երկրորդական չհամարել: Իհարկե, տարբերում եմ լավորակ ապրանքերը վատորակից: Ավելի մեծ առաջնահերթություն տալիս եմ նրան, թե տվյալ հագուստը, տվյալ մարդու ֆիզիոլագիական կերպին՝ հասակին, գիրությանը համընկնու՞մ է, թե՞ ոչ, որից հետո նոր՝ որակը: Շատ բարձրորակ կոստյումներ են գնում: Այդ առումով պահպանողական մարդ եմ: Հագնվում եմ իտալական «Կանալի» ֆիրմայի կոստյումները: Դրանք քաղաքական պրոտոկոլի հիմնական ատրիբուտներից են, որոնք պահել է պետք: Դա ամենաթանկ բրենդը չէ, այլ միջին, բայց իմ կարծիքով՝ լավագույններից է: Այսօր Հայաստանում «Կանարի»-ի կոստյումները կարելի է գնել մինչեւ 2000 դոլարի սահմաններում: Վերջերս, քանի որ ճամփորդում եմ, այնտեղից եմ գնում: Իսկ վերջին գնումս 800 եվրոյի չափով գնեցի: Իսկ ամենաէժանը վերնաշապիկներն են, որոնք շատ-շատ եմ փոխում: Նույնիսկ ամառը օրվա մեջ մինչեւ երեք անգամ փոխումեմ: Դրանք երեւի ամենաէժան՝ 3-5 հազար դրամանոց վերնաշապիկներ են, որոնք կինս է գնում: Դե, դրանք ամենօրյայի համար են:
[b]-Պարոն Սարգսյան, այն անհատներից եք, ում մեջ հավատ է ապրում եւ այդ ամենը շատ խոսուն է: Հավատը եւ սերը Աստծո հանդեպ ձեր մեջ ի ծնե՞ է եղել, թե՞ ժամանակի ընթացքում է ամրապնդվել:
[/b]
-Հավատը միշտ իմ մեջ մեծ դեր է խաղացել: Իմ կարծիքով, դա ի ծնե է, որովհետեւ սովետական տարիներին, երբ դպրոցական էի, Աստծո մասին չէին խոսում: Մեր ընտանիքն էլ չէր մերժում Աստծուն, բայց ընդգծված հավատացյալներ չէին: Տատերս, պապերս, այո՛, «Հայր Մեր»-ը գիտեին, սովորեցնում էին մեզ: Հիշում եմ, որ առաջին դասարանում արդեն քնելուց առաջ Աստծուն աղոթում էի եւ հորս համար ինչ-որ բան էի խնդրում: Այդ ժամանակ մի պահ եղավ, որ այն հիմնարկը, որտեղ հայրս աշխատում էր, փակվեց եւ մի որոշ ժամանակ գործազուրկ էր: Այդ ժամանակ Աստծոն խնդրում էի հորս աշխատանք տար, եւ տվեց: Փառք Աստծո: Մարդը գենետիկորեն, ինքնաբերաբար է կապնվում Աստծուն: Այսպիսի մի բան կա: Աստծո հետ պետք է զրուցես, եթե դու Աստծո հետ զրուցում ես, ինչ-որ պահի նա քեզ կպատասխանի: Իսկ եթե ուղղակի աղոթում ես, դա էլ վատ չէ: Բայց Աստված ուզում է, որ իր հետ զրուցեն, մաքսիմալ անկեղծ կիսվեն: Երբ սովորւմ ես չթաքցնել, անկեղծ լինել, դա դառնում է ապրելակերպ, ինչը քո կենցաղում երեւում է եւ ինչը չի կարող օգուտ չբերել նաեւ հասարակությանը: Դու կանխատեսելի մարդ ես դառնում, դու ստվերային չես, պարզ ես քո դրական ու բացասական կողմերով, եւ մարդիկ գիտեն՝ քեզնից ինչ սպասել: Մարդկային մի ստվար խումբ ասում է՝ Աստծուն պետք է տեսնեմ, որ հավատամ, մարդկային մի խումբ էլ կա, ասում է՝ պետք է հավատամ, որ տեսնեմ: Ես այն տեսակից եմ, որ հավատում եմ առանց տեսնելու: Ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն էլ վերջ ի վերջու գնալու է Աստծո մոտ, տեսնելու է նրան եւ կյանքը միայն այսքանը չէ: Իմ շատ սիրելի Օհան Դուրյանն է շատ սիրուն ձեւակերպել՝ ասելով. «Մահը, դա պաուզա է: Շատ գեղեցիկ, բայց պաուզա: Դա դաթար չէ, այլ պաուզա»: Ու շատ-աշտ մեծ են այդ թեմային անդրադարձել: Նման մի տեսակետ է հայտնել նաեւ Ալբերտ Էնշտեյնը, Ցիալկովսկու նման ինժեներական մտածելակերպ ունեցող մարդը ասել է, որ մահից հետո ապրում է բջիջը, բայց՝ մտածող բջիջը: Ավելին՝ ոչ ոք չի կարող ասել, թե խորապես հասկացել են նրանց: Դա ահռելի փորձ է, կամ ոչ ոք չի կարող ասել, թե մաեստրո Օհան Դուրյանը աչքերը փակած այդքան երաժտություն ինչպես է անգիր հիշում եւ մի ամբողջ նվագախմբի եւ երգչախմբի չափ տալիս: Նրանց հասկանալու համար սովորական մարդիկ շատ ջանք պետք է գործադրեն: Իմ երեխաների շփումը Աստծո հետ շատ ավելի վաղ տարիքից է սկսել: Օրինակ, ես 24 տարեկանում կարդացի Նոր Կտակարանը, հետո՝ Հին եւ Նոր կտակարանները: Հիմա ամեն տարին մեկ անգամ կարդում եմ:
[b]-Ունե՞ք մի անկյուն, որտեղ սիրում եք հաճախ մենակ լինել, բայց ձեզ մենակ չեք զգում:
[/b]
-Դա իմ աշխատասենյակն է: Այդտեղ մեծ գրապահարան կա, որը ունի մեջտեղում բավականին մեծ խոռոչ, հավանաբար՝ հեռուստացույց դնելու համար, բայց ես այդտեղ հեռուստացույց չեմ դրել, ոչ էլ համակարգիչ կա: Այդտեղ կինս դրել է եղբորս՝ Վազգենի, բոլոր գրքերը եւ իրենից հետո իր մասով տպված գրքերը: Պատին, իմ կարծիքով, Վազգենի ամենահաջողված նկարն է պատկերված, իսկ գրասեղանի դեմ-դիմաց մի խոռոչում էլ իմ կողմից ընթերցվող գրքերն են, ու բաց դրված է Աստվածաշունչը, Նարեկը եւ հավատքին վերաբերող նկարներ, մոմակալներ եւ այլն: Այդտեղ կամ ընթերցում եմ, կամ գրում: Ի միջի այլոց, իմ ամենաթանկ նվերն Աստվածաշունչն է, որը նվիրել է Ալբերտ Բազեյանը իմ ծննդյան 40-ամյակին եւ այդ օրվանից այդ գիրքը ինձ համար շատ-շատ թանկ է: Վազգեն Առաջինի ստորագրությամբ է՝ մետաղական կազմով, ջնարակված: Եվ այդ աշխատասենյակում երբեք ինձ մենակ չեմ զգում: Եթե հոգի ունես, այդ սենյակում միայնակ լինելով հանդերձ չես կարող մենակ լինել:
[b]-Իսկ կա՞ մի բան, որ կորցրել եք եւ չեք կարողանում գտնել:
[/b]
-Ուզում եմ ճիշտ ժամանակը գտնել, որը դեռ չեմ գտել: Գիտեք, անընդհատ մտածում եմ, որ երեւի արդեն մի հինգ տարի է, որ ժամանակ եմ կորցնում: Հասկանում եմ նաեւ, որ այդ ժամանակը մոտ է, բայց նաեւ ժամանակ եմ կորցնում: Ես անձամբ ժամանակ եմ կորցնում, որովհետեւ այդ բարու ու չարի, լույսի ու խավարի ժամանակ էլի ստվերի մեջ ենք եւ չես զգում՝ լույսը որտեղ է: Եվ պետք է սպասես, որ զուլալվի, արեւածագը երեւա եւ այդ ժամանակ է, որ կարող ես քեզ դրսեւորել: Քանի դեռ այդպես չէ, այո՛, ուրեմն կորցրել եմ: Կորցրել եմ ժամանակը:
[b]-Գիտեմ, որ հեքիաթներ սիրում եք: Հավատու՞մ եք չարի վերջին, թե՞ իրականությունից դուրս էլ հաճելի կյանք կա: Ինչպես նաեւ բարին միայն հեքիաթներու՞մ է հաղթում, թե՞ կյանքում էլ է այդպես:
[/b]
-Երեխա ժամանակ հեքիաթներ ոչ միայն պատմել եմ, այլեւ հորինել: Հեքիաթներ շատ եմ սիրում, որովհետեւ հեքիաթներում միշտ բարին հաղթում է: Իմ ընկեր Այդին Մորիկյանը, երբ «Ժամանակ Երեւանից» թերթն էր տպագրում, այդ թերթը վերջում հեքիաթների բաժին ուներ, կարճ հեքիաթներ էին գրում: Իմ ամենասիրած բաժինն էր, այնպիսի հաճույքով էի կարդում: Մի անգամ էլ այդ թերթում ես եմ հեքիաթ գրել, բաց խնդրել էի, որ իմ ստորագրությամբ չներկայացնեն: Այդ հեքիաթը մատի ու մատանու մասին էր: Հիմնականում խելոքի եւ հիմարի, արդարության, բարու, չարի կռվի մասին էր: Պարզ հեքիաթներում բարին ու չարը պարզ է՝ սա սեւ է, սա՝ սպիատակ: Իմ սիրած հեքիաթներում միայն սեւ ու սպիտակ չէ, այնտեղ կա հումոր, սարկազմ: Ի միջի այլոց, շատ-շատ հեքաթներում էլ բարու վրա ծիծաղ կա, օրինակ, «Ձախորդ Փանոս»-ը: Նա չար մարդ չէ, բայց այդ է: Համոզված եմ, որ բարին նաեւ կյանքում էլ է հաղթում: Բարին չի կարող չհաղթել: Լույսը միշտ էլ հաղթում է խավարին: Դա այդպես է: Ասում են, երբ խավարը գնում է Աստծո մոտ եւ բողոքում է, թե լույսը իրեն նեղում է: Աստված կանչում է լույսին ու ասում, թե ինչու է նեղում խավարին, և լույսն ասում է, թե՝ խավարն ի՞նչ է: Այսինքն` լույսը, բարին չգիտի խավարն ու չարը ինչ է: Բարու համար չկա չար, որտեղ ինքն է, այնտեղ լույս է, իսկ որտեղ լույս է, բարին հաղթած է:
[b]-Նաեւ նկարում եք: Եթե ձեր երազած կյանքը պատկերելու լինեիք, այն ի՞նչ նկարի տեսք կունենար:
[/b]
-Ես ավելի շատ սիրում եմ նկարածներս նվիրել: Որ ասեմ իմ նկարած նկարներից գրեթե չունեմ, հավատացեք: Մնացել են այն գործերը, որոնք կիսատ են, կամ չեմ հավանել, թողել եմ: Բայց որոնք որ հաջողվել են, նվիրել եմ: Առաջինը կնոջս եմ նվիրել, որ դեռ ամուսնացած չէինք: Ծննդյան օրերին նկար էի նվիրում, հետո բարեկամնրիս, ընկերներիս: Վերջին նկարը, որ արել եմ, հավանել եմ այդ նկարը: Այդին Մորիկյանին եմ նկարել իր ծննդյան օրը: Երկու նկար ունեմ նրան նվիրած: Առաջինը հենց իրեն եմ նվիրել եւ ինքը շատ էր հավանել: Այդ նկարը կապույտ եւ մանուշակագույն ֆոնի վրա էր: Իրենից հիշեցնում է թունել, որով մարդ է շարժվում ու վերջում մեծ լույս է: Ես այդ նկարը անվանում էի «ճանապարհ դեպի լույսը»: Դժբախտաբար հարազատներից ոմանք ճիշտ չէին ընկալել եւ որպես հավերժության ճանապարհ էին ընկալել, բայց Այդինը դա շատ-շատ էր հավանել: Իր՝ մեզանից հեռանալուց հետո այդ նկարը շատ տխուր երեւաց աչքիս առավել եւս իր կնոջ՝ Անիի համար: Որոշեցի ինձ պարտադրել ու նստել նկարել: Ծննդյան օրը նվիրեցի: Իր ունեցած պրոֆիլներից մեկն էի վերցրել: Կտավի աջ եզրում ինքն է՝ մեծ պրոֆիլով, իսկ ներքեւում քաղաքն է, իրենց բակը, եկեղեցին՝ էլի կապույտ եւ մանուշակագույն ֆոնով: Հիմա երկուսն իրար հետ շատ լավ են նայվում: Եթե ժամանակի մեջ երրորդն էլ անեմ, ձեւն այնպիսին է, որ կարող է խաչ դառնալ: Մեջտեղինը երկար է, երկուսը՝ հորիզոնական: Ինչ վերաբերում է, թե ինչպես կներկայացնեի կյանքը, ասեմ՝ շատը տրամադրության բան է: Գարունը շատ եմ սիրում: Գարնանը այն, ինչ ուզում եմ պատկերել, ձեռքիս տակ ինչ կա, նկարում եմ, հավաքում, կամ ձեռքիս տակ ինչ կա, ֆոտո եմ անում, որովհետեւ տրամադրություն է բարձրացնում: Ձմեռ չեմ սիրում: Շոգ եմ սիրում: Շատ: Նկարչությունը ինձ համար ավելի քիչ փիլիսոփայություն է եւ ավելի շատ գույներ:
[b]-Հայտնի երգում ասվում է՝ «էլ չենք լինի 20 տարեկան»: Մեկ այլ երգում էլ ասվում է, որ 50-ից առաջ ավելի հետաքրքիր էր, քան հետո: Դուք տարիներից վախենու՞մ եք:
[/b]
-Այո, տարիները վախեցնում են: Ամեն տարիք իր հմայքն ունի: Ոչ միայն մտածելակերպի, այլեւ տեսքի առումով: Ես համարում եմ, որ իմ հայրը հիմա շատ սիրուն է այդ իր սպիտակության, հայացքի մեջ: 80-ն անցած մարդը շատ սիրուն է նայվում, ոչ մի Բեռլուսկոնիի հետ չես համեմատի միլիոնավոր իր պլաստիկ օպերացիաներով: Այսինքն` Աստված չի նեղացնում որեւէ մեկին, ամեն ինչ իր հմայքն ունի: Բայց 50-ից հետո բարդությունը այն է, որ ակամայից սկսում ես մտածել ժամանակի մասին: Մինչեւ այդ անընդհատ բարձրանում ես: Իսկ 50-ից հետո ավազե ժամացույց է` կես է. սկսում ես ուրիշ բան մտածել: Կարծում եմ՝ ներքին վախ այդ տարիքից հետո բոլորն էլ ունենում են: Վախը չի վերաբերում ապրել-մեռնելուն, քանի որ ես հավատի մարդ եմ: Վախը չհասցնելու մեջ է, այլ այն, ինչը, որ շատ ուզում ես տեսնել, դա չտեսնելու մեջ է: Շատ ծիլեր շատ հարազատ են, շատ գործերի վրա չափից ավելի շատ ջանք ու եռանդ ես դրել եւ չես հավատում, որ դա չի կարող արդյունքներ չտալ:
[b]-Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ շատ ձեր հիշողություններով մեզ հետ կիսվելու համար: Զրույցից հետո զրուցակիցներիս իրենց բնորոշ բարեմաղթանք եմ հղում: Դուք խոսքով էլ եք կարողանում նկարել: Անգամ ձեր խոսքը պատկերավոր է: Հետեւաբար, ցանկանում եմ, որ այն կտավը, որի մոտավոր պատկերը տվեցիք, կյանք առնի ու ձեր կյանքը գարնան պես զարթոնքով լեցուն լինի:
[/b]
-Շնորհակալ եմ շատ:
Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]
Լուսանկարները՝ [b]ԼԵւՈՆ ԱՄԻՐԶՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
724 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից