211652_close_icon
views-count1936 դիտում article-date 11:06 28-05-2014

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: 1918 թվականի մայիսի 28-ը բեկումնային դարձավ մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ եւ արմատապես փոխեց նրա ընթացքը: Հարյուրամյակներ շարունակ առանց պետականության գոյատեւած, զրկանքների ու ցեղասպանության միջով անցած հայ ժողովուրդը կարողացավ ի մի բերել իր բոլոր ուժերը եւ ելք գտնել անելանելի թվացող իրավիճակից: Իսկ ելքը մեկն էր. ստեղծել եւ պաշտպանել իր անկախ պետականությունը: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը վերադարձրին հայ զինվորականի երբեմնի փառքը, մեր ժողովրդի հույսն ու հավատը ապագայի հանդեպ: Ստեղծվեցին առաջին պետական ինստիտուտներն ու խորհրդանիշները, անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները եւ 20-րդ դարասկզբին Հայաստանում դրվեցին ժողովրդավարության հիմքերը: Ծանր ու բարդ աշխարհաքաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններում Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատեւեց կարճ ժամանակահատված` թողնելով, սակայն, մեծ ժառանգություն եւ պատմության դաս հանդիսանալով սերունդների համար: Հայ ժողովուրդը շատ բան է կորցրել պատմության քառուղիներում: Սակայն, դիմակայելով ճակատագրի հարվածներին` բոլոր փորձություններից նա դուրս է եկել ավելի ուժեղ ու իմաստնացած: Դրա վկայությունն այսօր հաստատուն քայլերով զարգացող ու բարգավաճող հայկական երկու հանրապետություններն են, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը, մեր հզոր ու հաղթական բանակը: Մենք պարտավոր ենք միասնաբար ու համատեղ ուժերով պահել ու փայփայել մեր ձեռքբերումները` ամեն ինչից վեր դասելով պետական եւ ազգային շահերը: Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, մաղթում եմ բոլորին խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր