2411 դիտում
09:07 31-05-2014
Ռուսաստանն ինքն էլ է շահագրգռված, որ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանին մաքսակետեր տեղակայվեն․ 168 Ժամ
«168 ժամ» թերթը զրուցել է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.
[b]«Մայիսի 29-ին Ղազախստանի նախագահը պահանջ դրեց Հայաստանի առաջ, ըստ որի` Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Ակնարկը վերաբերում էր նրան, որ Հայաստանը կանդամակցի առանց ԼՂՀ-ի: Կարո՞ղ է նման նախապայմանը ստիպել, որ Հայաստանը վերանայի այդ կազմակերպությանն անդամակցելու իր որոշումը։[/b]
Ես շատ կուզենայի, որ օգտվելով դրանից` Հայաստանը, եթե անգամ ամբողջական հրաժարման մասին էլ չհայտարարեր, գոնե ինչ-որ ժամանակով սառեցներ իր համագործակցությունն այդ կառույցի հետ:
[b]Կարծում եք, որ Հայաստանի նախագահը պետք է հրապարակային պատասխան տա՞ր Նազարբաեւին:[/b]
Նազարբաեւի հայտարարությունը, ինչ խոսք, վիրավորական կարելի է համարել Հայաստանի համար, եւ Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ եթե ակնարկը վերաբերում է ԼՂՀ-ին, ապա այդ երկրի ղեկավարությունը ներկայացված չէ հանդիպմանը, իսկ եթե Ղազախստանի նախագահը ցանկություն ունի շփվել ԼՂՀ իշխանությունների հետ, ապա ինքը կարող է օգնել նրան այդ հարցում: Ի վերջո, ԼՂՀ-ն անկախ պետություն է, իր Սահմանադրությամբ եւ ընտրված իշխանություններով, եւ որքան ինձ հայտնի է` ԼՂՀ իշխանություններն իրենք էլ ցանկություն չեն հայտնել անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։
[b]Եթե Հայաստանը հայտարարի, որ Ղարաբաղն անկախ պետություն է, եւ ինքը ԵՏՄ է մտնում առանց Ղարաբաղի, իսկ Ղարաբաղի` այդ միությանն անդամակցել- չանդամակցելու հարցը թող որոշեն ԼՂՀ ժողովուրդն ու իշխանությունները, ապա Ղազախստանի նախագահի հաջորդ պահանջը կարող է լինել այն, որ այդ երկու պետությունների մեջ պետք է լինի մաքսային վերահսկողություն, մաքսակետեր, եւ դա կարող է տնտեսական եւ բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանում եւ Ղարաբաղում: Նման վտանգ չե՞ք տեսնում:[/b]
Նազարբաեւն օրինակ բերեց Հայաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, ասելով, որ այդ կազմակերպությանը Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Բայց Ղարաբաղում արտադրված ապրանքները որեւէ խնդիր չունեն միջազգային շուկա դուրս գալու եւ ազատ իրացվելու. ես եվրոպական տարբեր երկրների խանութներում հանդիպել եմ ԼՂՀ-ում արտադրված ապրանքներ, որոնց վրա դրված է Հայաստանի շտրիխ կոդը:
Նույն բանը կարող էր տեղի ունենալ նաեւ Եվրասիական տնտեսական միության դեպքում, բայց այդ կառույցի անդամները կամ նրանց մի մասը կարծես թե դեմ են դրան: Ինչո՞ւ է այդպես. որովհետեւ Ադրբեջանն այդ միությունում ունի իր շահերը ներկայացնող եւ պաշտպանող երկիր` ի դեմս Ղազախստանի եւ այդ երկրի նախագահի, ով իր վրա վերցրեց մամուլի խոսնակի դերը եւ հնչեցրեց Իլհամ Ալիեւի նամակը: Հայաստանի իշխանություններն իրենց պետք է հարց տան` իսկ ո՞վ է այն երկիրը, որն այդ միությունում պաշտպանում է Հայաստանի շահը:
[b]Իսկ գուցե դա Ռուսաստա՞նն է:[/b]
Հայաստանի իշխանություններն էլ են անընդհատ ասում, որ մեր բարեկամը, կա-չկա, Ռուսաստանն է, նամակ են գրում ռուսաց թագավորին, խնդրում են, որ Ռուսաստանը գա եւ տիրություն անի Ղարաբաղին: Բայց ես վստահ եմ, որ Ալիեւի այն նամակը, որը կարդաց Նազարբաեւը, դրա մի օրինակն էլ ուղարկված է եղել Վլադիմիր Պուտինին, եւ հենց նա է Նազարբաեւին խնդրել կարդալ այդ նամակը: Պատճառն այն է, որ Ռուսաստանն ինքն էլ է շահագրգռված, որ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանին մաքսակետեր տեղակայվեն, քանի որ մաքսավորների հետ կամ մաքսավորների անվան տակ այդ սահմանին կհայտնվեն ռուս սահմանապահներ: Ռուսաստանն այս ճանապարհով կկարողանա իրականացնել իր վաղեմի նպատակը` զինված ներկայություն ապահովել ղարաբաղաադրբեջանական հակամարտության շփման գծում»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1530 դիտում
13:56 20-12-2022
Ադրբեջանցիները Լաչինի միջանցքում ապօրինի մաքսակետեր են սահմանել. Մարուքյան
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»