211652_close_icon
views-count1888 դիտում article-date 13:44 01-06-2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: ՀՀ վարչապետի ուղերձը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Հանրահայտ է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը մատաղ սերնդի հանդեպ: Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով: Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաև պետությունը: Նորանկախ Հայաստանում ստեղծվել և գործում է երեխաների իրավունքները սահմանող և պաշտպանող օրենսդրությունը, հաջողությամբ իրականացվում են նրանց խնդիրների լուծմանը միտված ծրագրերը: Համոզված եմ, որ կառավարությունն առաջիկայում այս ասպարեզում էլ ավելի մեծ արդյունքների է հասնելու: Ցավոք, մեզանում քիչ չեն այն երեխաները, ովքեր պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիքն ունեն: Եվ ամեն անգամ, երբ ընտանեկան հարկի տակ գուրգուրում ենք մեր սեփական երեխային, հիշենք, որ դեռ շատ երեխաներ կան, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի, ունեն սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներ: Բայց չէ՞ որ ամեն մի երեխա ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունք ունի: Հունիսի 1-ը տոն է: Այդ առթիվ շնորհավորելով մեր երեխաներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին, ես լիահույս եմ, որ ամենքիս տքնաջան աշխատանքով կարող ենք և պարտավոր ենք երջանիկ դարձնել մեր մանուկներին, նրանց, ովքեր կերտելու են մեր վաղվա օրը»:

Նմանատիպ նյութեր