211652_close_icon
views-count1655 դիտում article-date 21:39 10-06-2014

Լատվիացիներին հետաքրքրում են հայկական գինին, կոնյակը, չրերն ու թեյերը

Լատվիայի գործատուների եւ առեւտրականների ասոցիացիայի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել առանց մուտքի վիզայի: Հայ-լատվիական գործարար հարաբերությունները զարգացնելու համար լատվիացի գործարարները ցանկանում են, որ վերանա նաև Լատվիայի հետ վիզային ռեժիմը: Հայկական Գործատուների միությունն էլ առաջարկում է վերականգնել Ռիգա-Երեւան, Երեւան-Ռիգա օդային չվերթերը: Հայաստանի Գործատուների միության ղեկավարը համարում է, որ այդ դեպքում Ռիգան կդառնա տրանզիտ երկիր դեպի Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա ուղղությունների համար: Լատվիացի գործարարները հետաքրքրված են ներդրումներ կատարել հայաստանյան փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտում: Բացի այդ, լատվիացիներին հետաքրքրում են հայկական գինին, կոնյակը, չրերը եւ տարբեր տեսակի թեյերի արտադրության ոլորտները: Լատվիայի Գործատուների միությունն էլ տեղեկացնում է, որ իրենց երկիրը հինգ տարվա կեցության հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր քսանհինգ հազար եվրոյից մինչեւ ութսուն հազար եվրոյի չափով ներդրումներ կանեն, կամ անշարժ գույք կգնեն այդ երկրում: Լատվիացի գործարարները հայկական կողմին առաջարկում են ուսումնասիրել տրանսպորտային լոգիստիկան` եվրոպական երկրներ բեռնափոխադրումները հեշտ իրականացնելու համար: Լատվիական ընկերությունները Հայաստան են ներմուծում շինանյութեր, լոկոմոտիվների սարքավորումներ: Լատվիացի գործարարները առաջարկում են համագործակցությունը շարունակել նաև բանկային, կրթության եւ գիտության ոլորտներում: Անցած տարվա վիճակագրական տվյալով` Հայաստանի եւ Լատվիայի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է երկու միլիոն եվրո: 2013-ին Լատվիայից Հայաստան ներդրումների ծավալը կազմել է մոտ 13 միլիոն եվրո: Լատվիայի պատվիրակության ներկայացուցիչները, սակայն, այս թվերը համեստ են համարում եւ առաջարկում են տնտեսական ոլորտում համագործակցությունը ավելի ընդլայնել: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29364]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր