211652_close_icon
views-count1157 դիտում article-date 17:40 13-06-2014

Շվեդիայի կառավարությունը ուռուցքաբանության ազգային կենտրոնին նվիրեց գծային արագացուցիչ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգն այսօր ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկա գտնվեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխիկական համագործակցության ծրագրի շրջանակում շվեդական «Էլեկտա» ընկերության կողմից կենտրոնին տրամադրված գծային արագացուցչի նվիրատվությանը: Շվեդիայի նախարարի այցի շրջանակում ավելի վաղ իր աշխատանքն էր սկսել երկու երկրի ուռուցքաբանների մասնակցությամբ գիտաժողովը: Մասնագիտական քննարկման ընթացքում անդրադարձան ճառագայթային թերապիայի ոլորտում կիրառվող նորարարություններին, նորագույն սարքավորումների կիրառման արդյունավետությանը և այլ թեմաների: Գիտաժողովի եզրափակիչ մասում հանդես եկան նախարարները: Շվեդիայից ժամանած հյուրերին շնորհավորելով Ազգային տոնի կապակցությամբ, Արմեն Մուրադյանն ասաց. «Որպես առողջապահության նախարար ես կրկնակի ուրախ եմ, որ հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստանում նաև առողջապահության բնագավառում Շվեդիայի կարևոր ներդրումով: Շվեդական կառավարության շնորհիվ «Էլեկտա» ընկերության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրված գծային արագացուցիչը չափազանց կարևոր դեր կխաղա Հայաստանում ուռուցքաբանական ծառայության զարգացման գործում, զգալիորեն կբարելավվի ախտորոշման ու բուժման մակարդակը։ Հարգելի տիկին Բյորլինգ, Լինելով բժիշկ, Դուք խորապես հասկանում եք, թե որքան կարևոր են ներդրումները մարդու առողջության պահպանման ոլորտում»: Շվեդիայի առևտրի նախարարը վստահություն հայտնեց, որ համագործակցության շնորհիվ Հայաստանում առաջընթաց կգրանցվի սոցիալական ծառայությունների և հանրային առողջապահական ոլորտում։ «Գիտեմ, որ գիտաժողովի ընթացքում երկու երկրի մասնագետների կողմից բավական հետաքրքիր զեկուցումներ են հնչել, ինչն ավելի արդյունավետ կդարձնի գծային արագացուցչի կիրառումը։ Մաղթում եմ, որ ձեր բոլոր հիվանդներն ապաքինվեն»,-ասաց տիկին Բյորլինգը։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը նշեց, որ 1.5մլն եվրո արժողությամբ արագացուցիչը չարորակ ուռուցքների ճառագայթային բուժման նորագույն սարքերից է։ Այն տեղադրելու և գործարկելու համար ապահովվել են ճառագայթային անվտանգության անհրաժեշտ պայմանները, որոնք արժանացել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հավանությանը։ Գծային արագացուցիչը ճառագայթային խուրձն ուղղում է հիվանդ օրգանի վրա, ինչի շնորհիվ չեն վնասվում շրջակա առողջ հյուսվածքները, բուժման արդյունավետությունը զգալի ավելանում է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր