211652_close_icon
views-count933 դիտում article-date 18:18 13-06-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի առևտրի և հյուսիսային համագործակցության նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի և տարածաշրջանի նկատմամբ Շվեդիայի ցուցաբերած մեծ ուշադրությունը և կարևորել հայ-շվեդական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ակտիվացման ու խորացման համար: Այս առումով կարևորում ենք Հայաստանում Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը, որը ևս կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը»,- նշել է վարչապետը: Իր հերթին, Էվա Բյորլինգը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելության համար և ներկայացրել մեր երկրում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանին: Բյորլինգի խոսքով՝ իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցի հիմնական նպատակն է նոր թափ հաղորդել երկկողմ գործարար կապերի սերտացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նախարարը նշել է, որ առկա է հսկայական ներուժ, որը պետք է օգտագործվի երկուստեք: Այնուհետև Էվա Բյորլինգը ներկայացրել է իր հետ մեր երկիր այցելած շվեդական 4 խոշոր` Ericsson, ABB, Elekta և Education first ընկերություների ներկայացուցիչներին, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում համագործակցության նոր ծրագրերը: Ի դեպ, Еducation first ընկերության փոխնախագահ Կարլ Յուհան Վեսթրինգը նշել է, որ նախատեսում են Հայաստանում բացել իրենց կրթական հաստատության ներկայացուցչությունը: Միաժամանակ, Բյորլինգը հիշեցրել է, որ իրենց այցի շրջանակում Շվեդիայի կառավարության կողմից Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնին է հանձնվել գծային արագացուցիչ: «Տպավորված ենք Հայաստանի բջջային հեռախոսակապի զարգացման աստիճանից: Այս տեսակետից, վստահ ենք, որ կկարողանանք օգտակար փորձ կուտակել: Կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ թվային հեռուստատեսության ներդրման գործում»,- ասել է Բյորլինգը: Հովիկ Աբրահամյանը ողջունել է շվեդ գործարարների այցը և ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտը: Վարչապետի խոսքով՝ մեր երկրի տնտեսությունը բաց է ներդրողների համար և կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում: Կառավարության ղեկավարը շվեդ գործարարների ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ում բացված ազատ տնտեսական գոտիների վրա, որտեղ առկա են բարենպաստ պայմաններ գործարարների համար: Միաժամանակ, վարչապետի խոսքով, Հայաստանը կարող է շվեդ ներդրողների համար կամուրջ հանդիսանալ Եվրասիական միության 170 միլիոնանոց շուկա մուտք գործելու ճանապարհին: Հովիկ Աբրահամյանն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցությանը, նշել է, որ մեր երկիրը շարունակելու է աշխատանքները Եվրամիության հետ քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ, ինչը կնպաստի բարեփոխումների շարունակականության ապահովմանը և ժողովրդավարության զարգացմանը: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի բարելավմանը, կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանային այլ հարցերի: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը Էվա Բյորլինգին է փոխանցել Շվեդիայի կառավարության ղեկավարին Հայաստան այցելելու հրավերը` իրեն հարմար ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր