28684 դիտում
09:37 14-06-2014
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու BMW-ն. Lexus-ը գլխիվայր շրջվել է, BMW-ն հայտնվել է մայթին. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 14-ին, ողբերգական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Մարգարյան-Ֆուչիկի փողոցների խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 34 MA 394 համարանիշի և BMW մակնիշի 99 PR 606 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև շտապօգնության մի քանի բրիգադներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները շտապօգնության բժիշկների և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ու քաղաքացիների օգնությամբ BMW-ի միջից դուրս են բերել 2, Lexus-ից 1 հոգու, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ վթարի հետևանքով գլխիվայր շրջված Lexus-ի միջից դուրս են բերել Երևանի Բաշինջաղյան 6 րդ շենքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Մուրադյանին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանն ու քննիչ Գոռ Թադևոսյանը: Պարզվել է, որ վիրավորն է մահացածի եղբայրը՝ 23-ամյա Սարգիս Մուրադյանը, իսկ BMW-ի միջի վիրավորները եղել են Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 13 շենքի բնակիչներ, 22-ամյա Տիգրան Զաքարյանը և Մարգարյան փողոցի բնակիչ, 22-ամյա Գեորգի Խոջոյանը, ովքեր, բժիշկների տեղեկություններով՝ գտնվում են ծանր կայուն վիճակում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մինչև վթարը BMW-ի վարորդը մի քանի անգամ փողոցը մեծ արագությամբ «վեր ու վար է» արել, ինչից հետո լսել են «դմփոց», որից հետո Lexus-ը գլխիվայր շրջվել էր, իսկ BMW-ն հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Բախման հետևանքով վնասվել էին նաև մայթեզրի մի քանի բետոնե հատված և գործող մի քանի խանութների ապակիներ:
Փաստի առթիվ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով 2 ավտոմեքենաներն էլ տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Տեղում աշխատում էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+