211652_close_icon
views-count1033 դիտում article-date 20:59 16-06-2014

Գվելեթի - Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ մեկ տարի. ֆոտոշարք

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին մեկնեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու Գվելեթի - Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածում կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին: Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը փոխանցել էին, որ ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են, և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը հնարավորինս շուտ՝ հունիսի 14-15-ին, բացելու ուղղությամբ: Նրանք չէին բացառում նաև նոր փլուզման վտանգը, ինչի դեպքում նախանշված ժամկետում ճանապարհը չէր բացվի: Մինչ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ուղևորվում էր Վրաստանի Հանրապետություն, հունիսի 14-ի կեսօրին տեղեկություն ստացվեց, որ Գվելեթի - Դարիալ ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վթարված հատվածում Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին Գագիկ Բեգլարյանին ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են կատարվել վթարը վերացնելու ուղղությամբ: Իրավիճակին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ճանապարհը հիմնովին վերականգնման խնդիր ունի: «Աշխատանքների ընթացքը եղել է շատ բարդ: Վրացական կողմը ներկայացրեց, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, որոնք կտևեն շուրջ մեկ տարի: Մենք էլ առաջարկեցինք մեր մասնագիտական աջակցությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհին նման իրավիճակներից փորձենք խուսափել»,- նշեց նախարարը: Ճանապարհը թեև բացվել է, սակայն շարունակվում են ճանապարհի լայնացման աշխատանքները: Վրացի ճանապարհաշինարարների ջանքերով 18մ բարձրությամբ հողազանգվածը, որը փակել էր ճանապարհը, մաքրվել է: Էլգուջա Խոկրիշվիլին ներկայացրեց նաև, թե կանխարգելիչ ինչ միջոցառումներ են նախատեսում իրականացնել՝ նմանատիպ աղետներից խուսափելու համար: «Կառավարությունը մեզ հատկացրել էր 7 միլիոն լարի, որն ամբողջությամբ ուղղվել է այս աշխատանքների կատարմանը: Մենք ստեղծել ենք փորձագետների խումբ, որոնք վթարված հատվածում 24 - ժամյա դիտարկում են անցկացնում: Այս պահին ճանապարհահատվածն անվտանգ է: Այս ճանապարհը գտնվում է լեռնային բարդ գոտում, որտեղ սողանքներ ու բնական աղետներ հաճախ են լինում։ Որպեսզի նման իրավիճակներում ճանապարհն առավելագույնս պաշտպանված լինի, նախատեսում ենք հսկայածավալ մի նախագիծ իրականացնել»,- նշեց Խոկրիշվիլին։ Նա ընդգծեց, որ բացի ճանապարհը բարելավելուց, առավել վտանգավոր հատվածներում նախատեսում են թունելներ կառուցել։ Չնայած ճանապարհը բացվել էր, սակայն բեռնափոխադրող մեքենաներից մեկին թույլ չէին տալիս հատել սահմանը, քանի որ սահմանն անցնելու համար նրան հատկացված արտոնագրի ժամկետն ավարտվել էր: Նախարար Գագիկ Բեգլարյանի միջամտությամբ հնարավոր եղավ խնդրին լուծում տալ: Մեկ ամիս շարունակ ճանապարհին մնացած մեքենան շարունակեց ճանապարհը դեպի Հայաստան: [i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր