971 դիտում
21:53 18-06-2014
ՀՀ արդարադատության նախարարը պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնական քառօրյա այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:
Նախարարն այսօր հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլա Սելակովիչին: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն առնչվող հարցեր: Նշվել են նախարարությունների միջև առկա հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ քննարկվել է փորձի և օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Քննարկվել են նաև երկու նախարարությունների փորձագետների փոխայցելությունների հնարավորություններին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն այցելության վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցելու է նաև Եվրասիական տնտեսական համագործակցության արդարադատության նախարարների խորհրդի նիստին: Նիստի մասին մանրամասներ կներկայացնենք հաջորդիվ: Հիշեցնենք, որ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի 2005թ. օգոստոսի 26-ի որոշմամբ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստերն անցկացվում են տարին մեկ անգամ` համաձայն նախորդ նիստի ընթացքում անցկացման վայրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության։ ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 9–րդ նիստի ընթացքում, բացի օրակարգային մի քանի հարցերից, նախատեսվում է քննարկել նաև ԱՊՀ մասնակից պետություններում նոտարական գործունեության ոլորտի նորարարությունները, նորմատիվ իրավական ակտերի պարտադիր իրավական փորձաքննության ոլորտում փորձի փոխանակումը, էլեկտրոնային կառավարմանն առնչվող խնդիրները, դատական փորձաքննության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև՝ Խորհրդի 8–րդ նիստի ընթացքում թիվ 4 որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի կատարողականը։ Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող իրավաբանական 4–րդ ֆորումին բացի ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների պատվիրակություններից, մասնակցելու են օտարերկրյա տարբեր պետությունների արդարադատության ոլորտները համակարգող մարմինների բարձրաստիճան պատվիրակություններ, ինչպես նաև` միջազգային համբավ ունեցող իրավաբաններ։ Ֆորումը միջազգային հարթակ է 63 երկրից շուրջ 2500 մասնակցի (խոշոր տնտեսական և իրավական համակարգերը ներկայացնող քաղաքական գործիչներ, իրավաբաններ, տնտեսագետներ, գիտնականներ), այդ թվում՝ 21 երկրի արդարադատության նախարարների ղեկավարած պատվիրակությունների երկխոսության համար։
Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքին, օրենքի գերակայությանը, կորպորատիվ պրակտիկային, իրավաբանի մասնագիտության չափորոշիչներին, դատական և արբիտրաժային պրակտիկային, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը, բնապահպանությանը, մասնավոր իրավունքին, մշակութային ժառանգությանը վերաբերող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Նմանատիպ նյութեր
1105 դիտում
14:09 20-12-2022
ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում
Այս բաժնից
505 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
385 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
853 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ