211652_close_icon
views-count1861 դիտում article-date 10:48 25-06-2014

Հայաստանի դեսպանը գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մտահոգված են ոչ միայն մեր երկրի գլոբալ պրոբլեմներով, այլեւ Բելգիայի Թագավորությունից ստացված գրությանը հարմար պատասխան գտնելու հարցով։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բանը կարող է հասնել նրան, որ Բելգիայի ներկայիս դեսպան Ավետ Ադոնցը, որին պատրաստվում են գործուղել Իսպանիա, ամենեւին էլ չնշանակվի Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, քանի որ առայժմ թաքուն պահված այս սկանդալային պատմությունը կապված է անձամբ նրա հետ։ Գաղտնիք չէ, թե ինչու են շատ պաշտոնյաներ երազում դիվանագիական ծառայության մասին։ Մեր երկրի պետբյուջեի հաշվին գնում, տարիներով բարեկեցիկ ապրում են, բացի դա՝ օգտվում են նաեւ այն երկրի բյուջեից, որտեղ անցնում են դիվանագիտական ծառայության։ Բանն այն է, որ Եվրոպայում գործում է օրենք, ըստ որի՝ դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնում կատարելիս հենց խանութում ետ են ստանում վճարված գումարի 21 տոկոսը։ Բոլորն էլ լայնորեն օգտվել եւ օգտվում են այդ կարգից։ Սակայն դիվանագիտական ամբողջ կորպուսից «համը հանել» եւ բացահայտվել է հենց նոր դեսպանը՝ Ավետ Ադոնցը։ Լուրեր կան, որ նա իր տիկնոջ հետ միասին այդ եղանակով այնքան «Rolexs» ժամացույցներ, ինչպես նաեւ բարձր կարատանոց ադամանդյա քարեր է բերել Հայաստան, որ գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը։ Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ եւ ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ եւ 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել եւ անարգել տանել Հայաստան։ Ինքնին հասկանալի է, որ բելգիական հատուկ ծառայություններին բոլորովին չի մտահոգում այն փաստը, որ բացի 21 տոկոսը ետ ստանալը՝ Ադոնցն իր գնումներն անարգել, առանց մաքսազերծման անցկացնում է Հայաստան. նրանց հետաքրքրում է իրենց երկրի բյուջեն, որի հաշվին ճարպիկ դիվանագետը բազմապատկում է իր ունեցվածքը։ Նման խոշոր գնումների դեպքում 21 տոկոսը պատկառելի թիվ է կազմում, իսկ բելգիացիներն ամենեւին մտադիր չեն իրենց բյուջեի գումարները քամուն տալ։ «ՉԻ» տեղեկություններով՝ եթե բելգիացիները հետեւողական լինեն եւ պահանջեն իրենց հարցապնդման պատասխանը, հնարավոր է, որ Իսպանիան չհաստատի Ավետ Ադոնցի «ագրեմանը»՝ խուսափելով մաքսանենգության մեջ կասկածվող դեսպանի հետ առնչվելուց»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր