211652_close_icon
views-count1222 դիտում article-date 12:16 26-06-2014

Հայաստանում 2014-ի մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք

2014 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզատանում և այլուր գրանցվել են բռնկումներ: Հայաստանի Հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության աշխուժացում: 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք: Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն, անզուսպ փսխումներ: Հատկանշական է հիվանդների արագ ապաքինումը` առավելագույնը հոսպիտալացվում են 10 օր: Մեզանում դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 3-8 տարիքային խմբում: Հիվանդացման դեպքերը եզակի են, խմբակային դեպքեր չեն գրանցվել: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ` էնտերովիրուսային վարակների բռնկումները կանխելու և հիվանդացության վերահսկման նպատակով: Իրականացվում է յուրաքանչյուր կասկածելի դեպքի համաճարակաբանական հետազոտություն, կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է հսկողություն, օջախում իրականացվում է ախտահանում: Մանկական նախադպրոցական, ամառային հանգստի, մշտադիտարկում է իրականացվում հատուկ կրթական կազմակերպություններում, մանկատներում` կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով: Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմազան կլինիկական ախտանշաններով` պայմանավորված կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաղիքային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախատահարումով: Էնտերովիրուսային վարակները գերազանցապես ընթանում են անախտանիշ: Էնտերովիրուսները կայուն են արտաքին միջավայրում` մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 2 ամիս: Տարիքային և սեզոնային որևէ օրինաչափություն չկա. հիվանդանում են բոլորը, տարվա բոլոր եղանակներին: Էնտերովիրուսների մեկ այլ առանձնահատկությունը տարածման մեխանիզմի բազմազանությունն է: Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքա-բերանային մեխանիզմներով` (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է` • պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենան), • միրգը և բանջարեղենը լավ լվանալ, • խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, • բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել։

Նմանատիպ նյութեր