211652_close_icon
views-count1894 դիտում article-date 09:33 04-09-2014

Ինձ համար կան երեք գույներ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն. բացվեց Նիկոլ Աղաբաբյանի նկարների ցուցահանդեսը

Սեպտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Նկարիչների միության ցուցասրահում գեղանկարիչ, նկարիչների միության անդամ Նիկոլ Աղաբաբյանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Նիկոլ Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1992-ից Հայաստանի Նկարիչների միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային միության անդամ է: 1986-ից նկարչի անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Հայաստանի, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրների նշանավոր ցուցասրահներում: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Նիկոլ Աղաբաբյանի արվեստում Հայաստան աշխարհն է, հայրենի բնության պատկերները, մարդիկ: «Շնորհակալ եմ Հայաստանի մերօրյա լավագույն նկարիչներից մեկին՝ իմ հին ու լավ բարեկամ Նիկոլ Աղաբաբյանին, որ իր նկարներից մի քանիսը սիրով նվիրեց և դրանք տեղ գտան «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու նպատակով կազմակերպված հայ նկարիչների նկարների ցուցահանդես-վաճառքում», - նշեց գերատեսչության ղեկավարը: Նախարար Հ.Հակոբյանն ուրախությամբ ընդգծեց, որ Հայաստանի լեռներն ու բնությունը պատկերող նկարչի կտավները, ցուցադրվելով Սիրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, մեծ հպարտությամբ են համակել տեղի հայ համայնքի մեր հայրենակիցներին, սեր ու կարոտ արթնացրել նրանց մեջ Հայրենիքի նկատմամբ: ՀՀ սփյուռքի նախարարը արվեստագետին բնորոշեց երեք առանցքային հատկանիշներով՝ որպես լավ մարդ, լավ քաղաքացի եւ ազգանվեր անհատականություն: «Մի առիթով Նիկոլն ասել է. «Ինձ համար կան երեք գույներ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Մնացածը երանգներ են»: Կարելի է պատկերացնել, թե այսպես մտածող արվեստագետը որքան հայրենասեր պիտի լինի, - նշեց նախարար Հ.Հակոբյանը՝ հավելելով, - իմ աշխատասենյակում նույնպես կախված է Նիկոլ Աղաբաբյանի՝ Գյումրիի եկեղեցիներից մեկը պատկերող կտավը, որի շնորհիվ ամեն օր հաճույքով առնչվում եմ Նիկոլի արվեստին»: Գեղանկարչության, ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հ.Հակոբյանը Նիկոլ Աղաբաբյանին՝ Ծննդյան 50-ամյակի առթիվ պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկիե մեդալով: Շնորհավորական խոսքով հանդես եկան Նկարիչների միության նախագահ Կ.Աղամյանը, «Լոռվա Ձոր» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Ս.Երիցյանը, և այլ մտավորականներ, հյուրեր: ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Ս.Գեղամյանը հոբելյարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ: Այնուհետեւ ելույթ ունեցավ Նիկոլ Աղաբաբյանը: Նկարիչն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին՝ իր արվեստը բարձր գնահատելու եւ արժանացրած պարգևի համար, «Փյունիկ» հիմնադրամին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ցուցահանդեսը կազմակերպելու համար: Հոբելյարը նշեց, որ մեծ սիրով է մասնակցել սիրիահայերի համար կառուցվող թաղամասի համար կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքին և հավաստիացրեց, որ հետագայում ևս պատրաստ է իր ներդրումը բերել նմանօրինակ նախաձեռնություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր