211652_close_icon
views-count1128 դիտում article-date 14:12 01-07-2014

Փորձաքննության արդյունքներից մեկի համաձայն՝ Իջևանի զորամասում մահացած զինծառայողը կրակել է ինքն իր վրա

ՊՆ N զորամասի մարտական հենակետում հրազենային վիրավորումից մայիսի 10-ին մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան փաստով նշանակված փորձաքննություններից մեկով վառոդի հետքեր հայտնաբերվել են միայն Ներսես Կարապետյանի մարմնի վրա: Սովորաբար դա լինում է այն դեպքում, երբ մահացածը ինքն իր վրա է կրակում: Սակայն հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Ներսեսի հարազատները եւ ավելացրին, որ իրենք հարցաքննվել են արդեն ու սպասում են մյուս փորձաքննությունների պատասխանին: ՊՆ քննչական ծառայությունից եւս հետաքրքրվեցինք, թե իսկապե՞ս կատարվածն ինքնասպանություն է, ինչին ի պատասխան ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է եւ այս պահին ավելին ասել չի կարող: Մինչեւ այդ հայտնել էինք, որ Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Վոլոդյայի Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 365 հոդ. 1-ին և 314 հոդ. 1-ին մասերով, 360 հոդ. 2-րդ մասով` մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու, պաշտոնեական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու, ինչպես նաև իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ն. Կարապետյանի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող վիրավորանքներ հասցնելու համար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, ինչպես նաեւ տեղեկացրել, որ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Էդգար Համլետի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 365 հոդ. 1-ին և 314 հոդ. 1-ին մասերով` մարտական հերթապահության կանոնները խախտելու և մարտական հենակետի ծառայությունը ոչ պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև պաշտոնեական փաստաթղթերում կեղծիքներ կատարելու համար: Առաջադրված մեղադրանքներում վերջիններս իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ: Գ. Ասրյանի և Է. Մանուկյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Ինչ վերաբերում է Ն. Կարապետյանի մահվան փաստին, ապա դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: Տեղեկացրել էինք նաեւ, որ բանակում հրազենային վիրավորումից մահացած Ներսես Կարապետյանին սպանել են 200 հազար դրամի պատճառով: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին նրա հարազատները: Նա մահվանից առաջ զանգ էր տվել հարազատներին և ասել, որ բենզինի հետ կապված խնդիր կա եւ իրենից 200 հազար դրամ են պահանջել, ինչպես նաեւ զգուշացրել են, որ եթե գումարը չտա իրենց, ապա կենդանի չեն թողնի: Հարազատները նշված օրը չեն կարողացել գումարը հայթայթել եւ ասել են, որ հաջորդ օրը գումարը տեղ կհասնի: Բայց հաջորդ օրն արդեն լսել են Ներսեսի մահվան լուրը: Ավելին` նրան սպանել եւ դիակը դիրքեր են տարել, որպեսզի ինքնասպանություն ձեւակերպեն, բայց ոչ ոք չի հավատում այդ վարկածին: Տեղեկացրել էինք նաեւ, որ մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած Ներսես Կարապետյանը Դավիթաշենից էր: Նա շատ համեստ եւ կենսուրախ երիտասարդ է եղել ու շատ է սիրել կյանքը, հետեւաբար ոչ ոք չի հավատում, որ նա կարող էր ինքնասպան լինել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին նրա հարևանները: Միաժամանակ ավելացրել, որ նա զորամասում հրամանատարության հետ վերջին օրերին բենզինի գումարի հետ կապված խնդիր է ունեցել:

Նմանատիպ նյութեր