211652_close_icon
views-count4191 դիտում article-date 22:44 04-07-2014

Մարկ Կալինինի վարպետության դասը «Երիտասարդ դիվանագիտություն 2014»-ի մասնակիցների համար. ֆոտոշարք

Հուլիսի 4-ին Երևանում «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի շրջանակներում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունում կայացավ Հայաստանում վերջինիս ղեկավար Մարկ Անդրեևիչ Կալինինի դասախոսությունը՝ «Ժողովրդական դիվանագիտություն, օժանդակություն միջազգային զարգացմանը և միջմշակութային հաղորդակցություն. «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի փորձից» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության հետ համատեղ: Մ.Ա.Կալինինը ողջունեց դպրոցի մասնակիցներին՝ նշելով. «Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությունը նմանատիպ դպրոցի կազմակերպման առումով ծանրակշիռ ներդրում է երիտասարդների ներգրավմամբ գիտափորձագիտական նախագծերի զարգացման ուղղությամբ: ՄՀԶՀԿ-ի կողմից կազմակերպվող այսօրինակ նախագծերն օժանդակություն կստանան Ներկայացուցչության և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կողմից»: Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ֆելիքսի Ղուկասյանը իր շնորհակալական խոսքում, մասնավորապես, նշեց. «Հայաստանն այսօր ակտիվորեն ներգրավված է Մաքսային միությանն ինտեգրվելու գործընթացին: Սակայն առկա է մեծ տեղեկատվական վակուում, որը նկատելի է Երևանում, իսկ առավելապես՝ Հայաստանի մարզերում: Մեր կազմակերպության գերակա ուղղություններից մեկը համագործակցությունն է Հայաստանի մարզերի հետ՝ բնակչության հետ տարվող աշխատանքների միջոցով տեղեկատվական այդ վակուումը չեզոքացնելու նպատակով»: Հիշեցնենք, որ ս/թ հունիսի 30-ին ՀԱՊԿ-ի հայկական ազգային ներկայացուցչությունում և ս/թ հուլիսի 2-ին ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակում արդեն կայացել են թեմատիկ դասախոսություններ: «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի պաշտոնական բացումը կայացավ ս/թ հունիսի 25-ին Երևանում: Ծրագրի մասնակիցները մի ամսվա ընթացքում կմասնակցեն մի շարք սեմինարների, վարպետաց դասերի Հայաստանի Հանրապետությունում գործող պետական, զինվորական և միջազգային գերատեսչությունների ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև` փորձագետների, որոնք մասնագիտացված են համապատասխան ռազմավարական կարևոր ոլորտներում: Հիմնական նպատակն է ինտերակտիվ հարթակի ստեղծման նպատակով երկկողմանի հաղորդակցման ապահովումը երիտասարդ մասնագետների և քաղաքական կառույցների միջև, որոնք իրենց հերթին ռազմավարական նշանակություն ունեն պետական կառավարման և միջազգային համագործակցության գործում: Դպրոցի գործընկերներ են ՌԴ դեսպանատունը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, ԵԱՀԿ և ՀԱՊԿ ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև` Պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Ազգային ժողովը և ԱԳՆ կից Դիվանագիտական ակադեմիան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր