211652_close_icon
views-count19077 դիտում article-date 22:41 15-07-2014

Գործարարը հերքում է, որ իր որդին խաղատանն ու ոստիկանության շենքի դիմաց դաժան ծեծի է ենթարկել նախկին քաղաքապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հուլիսի 15-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Երեւանի բնակիչ, գործարար Մկրտիչ Մելքոնյանը հերքեց օրերս Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի արած հայտարարությունները, ըստ որի, Մելքոնյանի որդին՝ 31-ամյա Վարդանը դաժան ծեծի է ենթարկել իրեն: Մելքոնյանը հերքեց նաեւ այն տեղեկությունը, որ ծեծը տեղի է ունեցել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի դիմաց եւ այն տեւել է 10 րոպեից ավելի: Միջադեպից հետո ինքը խոսել է իր տղայի հետ, ով հայտնել է, որ թեթեւ քաշքշուկ է տեղի ունեցել իր եւ նախկին քաղաքապետի միջեւ, իսկ մինչ այդ Կ. Իսրայելյանը «Սենատոր» խաղատանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իր նկատմամբ: Բազմաթիվ ականատեսների ներկայությամբ ամենավերջին հայհոյանքներն է տվել, հետո սկսել հարվածել որդուն՝ Վարդանին: Գործարար հայրը պնդում է, որ այդ ամենը տեսաձայնագրվել է խաղատան ներսում եւ դրսում տեղադրված տեսանկարահանող սարքերով: Մկրտիչ Մելքոնյանը վստահ է, որ եթե ոստիկանությունը ցանկություն ունենա բացահայտելու իրականությունը, ապա շուտ կառգրավի այդ ամենը եւ այն դիտելուց հետո պարզ կլինի ամեն ինչ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հայրը դատապարտում էր կատարվածը մեղադրելով որդուն, որ նա ձեռք է բարձրացրել մեծահասակ մարդու վրա, սակայն «ջահել տղա է, եթե դիմացինը ամենավերջին խոսքերն է տալիս մասայական,ապա նա էլ կարա թասիբի ընկնի ու հակադարձի»: Քաշքշուկը, ըստ նրա, տեւել է 1-ից 2 րոպե եւ խաղատան աշխատակիցները նրանց բաժանել են, որից հետո նախկին քաղաքապետը գնացել է իր ճանապարհով, որդին`իր: Ֆոտոլրագրողի հարցին, թե, եթե տղան մեղավոր չէ, ինչու՞ է թաքնվում իրավապահներից, հայրը պատասխանեց. «Նախկին քաղաքապետը մոխրամանով խփել է տղայիս, ով վնասվածք է ստացել: Առաջիկայում տղաս փաստաբանի հետ կներկայանա իրավապահ մարմիններին»: Հիշեցնենք. օրերս SHAMSHYAN.com-ը հաղորդել էր, որ հուլիսի 11-ին Աբովյանի բժշկական կենտրոն , մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Հուլիսի 12-ին Աբովյան բժշկական կենտրոնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը մանրամասներ էր հայտնել Ծաղկաձորում օրերս իրեն ծեծի ենթարկած միջադեպի մասին : Ֆոտոլրագրողի հետ զրույցում նախկին քաղաքապետը զայրացած ասել էր, որ այդ ամենը տեղի է ունեցել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի շենքի առաջ և տևել է 10 րոպեից ավել, սակայն ոստիկանությունը «ուղտի ականջում քնած է եղել»: Ամեն ինչ սկսվել է նրանից , որ նախկին քաղաքապետը նկատողություն է արել իրեն ծեծի ենթարկած Վարդանին, երբ նրանք գտնվել են «Սենատոր» խաղատանը: Ինչից հետո, երբ Կ. Իսրայելյանը դուրս է եկել խաղատնից՝ տուն վերադառնալու նպատակով, նկատել է, որ Վարդանն իր ավտոմեքենայով , որի բոլոր թվերը 9-ներով են, հետապնդում է իրեն: «Կանխազգալով այդ ամենը մտածեցի ոստիկանության մուտքի մոտ կանգնեմ ապահով կլինի. ճիվաղը չի համարձակվի բռնություն գործադրել: Սակայն, անգամ ոստիկանության շենքի մոտ իմ կանգնելը չկանգնեցրեց ստահակին: Նա մեքենան կանգնեցրեց իմ մեքենայի մոտ , իմ մեքենայի դուռը բացելով առանց որևէ բան խոսելու սկսեց ամենավերջին հայհոյանքները տալով ծեծի ենթարկել: Միայն հիշում եմ , որ ասացի. «...տղաս հորդ տարիքին մարդ եմ ինչու՞ ես ինձ ծեծելով ուզում սպանել: Ես կմեռնեմ կգնամ, բայց դու կնստես: Ես ունեմ մեծ հարազատներ ովքեր հաշվեհարդար կտեսնեն»: Սակայն այդ ամենը չէր զգաստացնում նրան և ինձ գցելով գետնին անընդհատ հարվածում էին մարմնիս տարբեր մասերին : Իսկ ես ձեռքերով գլուխս էի պահում: Որոշ ժամանակ անց թրքաբարո իր ծեծն ավարտելուց հետո նա հեռացավ և այդ մասին ես հայտնեցի Ծաղկաձորի ոստիկաններին ասելով նաև մեքենայի մակնիշը սակայն ոչ մի օպերատիվ գործողություն տեղի ոստիկանների կողմից չեղավ: Ես պատրաստվում եմ նամակով դիմել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Քանի, որ սիրում եմ իմ երկիրը , իմ քաղաքը և վստահ եմ, որ Հանրապետության նախագահն ու ոստիկանապետը հետամուտ կլինեն, որպեսզի նման «ճիվաղները» իրենց կատարած արարքի համար պատասխան տան»,- ֆոտոլրագրողին ասել էր Կարո Իսրայելյանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր