211652_close_icon
views-count1396 դիտում article-date 15:15 19-07-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայոց լեզվի վերապատրաստում անցած սփյուռքահայ ուսուցիչներին

Հուլիսի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման և Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացների մասնակիցներին: Հանդիպման սկզբում ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ տիար Արմեն Անդրեասյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ծրագրի նպատակները և կատարված աշխատանքները` հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը: Ողջունելով ներկաների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց ներկա ուսուցիչներին` հորդորելով առավել նախանձախնդրությամբ, ջանասիրությամբ և հավատով շարունակելու իրենց նվիրյալ և պատասխանատու ծառայությունը, հայաշունչ ոգով և մեր հայրերի հավատքով կրթելով հայ մանուկներին ու պատանիներին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ ուսուցիչների մեջ շատ են հատկապես երիտասարդները, որոնց ներկայությունը հույս է ներշնչում վաղվա օրվա հանդեպ` անդրադառնալով Սփյուռքի հայկական գաղթօջախներում առկա մարտահրավերներին: Նորին Սրբությունը մասնավորաբար հորդորեց նախանձախնդիր լինել Մայրենի լեզվի պահպանման և տարածման գործում: «Հայոց լեզվի իմացությունն այն բանալին է, որը բացում է դռները մեր հարուստ հոգեմտավոր ժառանգության և առավելաբար զինում ամենքիս` դիմագրավելու համար բոլոր փորձություններն ու խոչընդոտները»,- նշեց Հայոց Հայրապետը: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին: Հանդիպմանը ներկա էին Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը:

Նմանատիպ նյութեր