211652_close_icon
views-count1949 դիտում article-date 23:08 22-07-2014

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով: Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի և առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը Գյումրու Մուշ 2 թաղամասում բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության պատասխանատուներին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել արձանագրված մանր թերությունները։ Բնակիչներին հուզող մեկ այլ կարևոր խնդիր էր նաև սեփականության վկայականների տրամադրումը բնակարանատերերին: Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ հարցի վերաբերյալ որոշում կընդունվի մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ընթացքում: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը գոհունակություն է հայտնել իրականացված բնակարանաշինության արդյունքներից՝ ընդգծելով. «Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008 թ. սկսած 81 մլրդ 500 մլն դրամին համարժեք ներդրում է իրականացվել Գյումրի քաղաքում: Ես տեսել եմ 2005-2006թթ. պատկերը՝ այն տնակների բանակը, որ կար Գյումրիում: Այսօր այս հարցը լուծված է, սակայն այնպես է ներկայացվում, կարծես ոչինչ չի արվել: Դուք ինքներդ ականատես եղաք, որ դժգոհությունն ասֆալտի որակից էր, կամ մի քար էր պոկվել ճակատային մասից, կամ ինչ-որ տեղ ջուր է կաթում: Ես հանձնարարեցի, որ այդ թերությունները շինարարները շատ արագ վերացնեն, իսկ հսկողությունը կիրականացնեն ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը: Ամեն դեպքում շինարարության որակը գնահատում եմ լավ, քանի որ, իրոք, գործ արվել է: Այժմ մնում է սեփականության վկայականների խնդիրը լուծել: Մենք հիմա կվերադառնանք մարզպետարան և այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնենք»: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Գյումրիում նոր բնակարանների կառուցման խնդրին. «Մենք պետք է քննարկենք 430 նոր բնակարանի շինարարության հարցը, որովհետև այստեղ կան ազատ բնակարաններ, միգուցե այլ տարբերակ ընտրենք, իսկ եթե ոչ, ապա շենքը կկառուցենք: Եթե եղավ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագիրը, կփորձենք այն իրականացնել, և եթե կան ազատ բնակարաններ, նորը կառուցելն անիմաստ է: Բայց անպայման հարցին լուծում կտանք և մարդիկ բնակարան կունենան»: Պատասխանելով այսօր իր պաշտոնավարման 100 օրը լրանալուն վերաբերող հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Գնահատականը պետք է տա հանրությունը, մեր գործընկերները: Պետք է հասկանալ, որ մենք չենք կարող 100 օրում բոլոր խնդիրներին լուծում տալ, բայց մեր թիմը՝ նոր կառավարությունը, անում է ամեն ինչ այդ ուղղությամբ: Դրա համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ կոնկրետ հարցին տալ կոնկրետ լուծում, ոչ թե անընդհատ քննարկել: ՀՀ կառավարության ծրագրում հստակ ներկայացվել են մեր թիրախները և առաջնահերթությունները: Մեզ համար առաջնահերթությունը մեր քաղաքացին է և նրան բարեկեցիկ կյանքով ապահովելը»: Հաջորդիվ Շիրակի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի հետագա ընթացքը, ինչպես նաև բնակիչներին հուզող խնդիրները: Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ Գյումրիում բնակարանատերերին սեփականության վկայագրեր կտրամադրվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը: Իսկ նոր բնակարանների կառուցման առնչությամբ վարչապետը հանձնարարել է Լոռու և Շիրակի մարզպետներին, Գյումրու քաղաքապետին հանդիպել բնակիչներին, քննարկել նրանց համար ընդունելի տարբերակը (ԲԳՎ, թե բնակարան) և մեկ շաբաթվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ անձամբ հետևողական է լինելու ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը: Հովիկ Աբրահամյանի՝ Շիրակի մարզ աշխատանքային այցի վերջին կանգառը Ազատան համայնքն էր: Վարչապետը շրջել է գյուղի մանկապարտեզի նորակառույց շենքում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին և հարմարություններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն ՀՀ դրամ, որից 240 մլն ՀՀ դրամը հատկացվել է 2012 և 2013 թթ. ՀՀ կառավարության՝ հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների 3-րդ և 4-րդ ծրագրերով, իսկ 130 մլն դրամը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին: Ծրագրի շահառու է ճանաչվել 5313 ընտանիք, որից՝ • 61 ընտանիքի 2008-2009 թթ. տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով • 321 ընտանիքի՝ ուղղակի ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրին 3 մլն դրամի չափով • 3693 ընտանիքի հատկացվել է բնակարան (բնակելի տուն)` կառուցված 2009-2013 թթ.:

Նմանատիպ նյութեր