211652_close_icon
views-count11228 դիտում article-date 16:03 06-08-2014

Սննկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանին առաջարկել են նամակ գրել Բարաք Օբամային եւ պատմել Տիգրան Սարգսյանի քաջագործությունների մասին

Սննկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանին առաջարկել են նամակ գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պատմել օֆշորային սկանդալով հայտնի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի քաջագործությունների մասին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Միաժամանակ ավելացրեց, որ ինքը մերժել է, քանի որ ինքը բացարձակ հայ է եւ հայրենիքի դեմ չի ելնի: «Ես իմ հայրենիքը չեմ դավաճանի: Նրան այնտեղ երկար էլ չեն թողնի մնա: Ես բացարձակ հայ եմ ու թեկուզ իմ զոհաբերության գնով հայրենիքի դեմ չեմ ելնի»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը: Մինչեւ այդ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունիսի 19-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը: Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և Ա. Սուքիասյանը կալանավորվել է և տեղափոխվել է Երևանի «Կենտրոն» ՔԿՀ: Հայտնել էինք նաեւ, որ ըստ Փ. Հայրապետյանի խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր