31424 դիտում
11:58 15-09-2014
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գլխամասի դիմաց. BMW-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Թումանյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական խումբը:
Պարզվել է, որ BMW մակնիշի 34 AA 052 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գլխամասի դիմաց նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է մայթեզրին կայանված Mercedes մակնիշի 34 VM 760 համարանիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար բախվել է Nissan մակնիշի 34 LV 216 համարանիշի ավտոմեքենային:
Բախումից հետո BMW-ն դուրս է եկել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, որից հետո BMW-ում հրդեհ է բռնկվել:
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, «Ինեկոբանկ»-ի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Երևան քաղաքի Ռոստոմյան 36 տան բնակիչ, 22-ամյա Արամ Սարգսյանին և 24-ամյա Ռոզա Մինասյանին, որոնց օպերատիվորեն վթարի վայր ժամանած Շտապօգնության 1-03 բրիգադը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այնտեղից Ա. Սարգսյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ քննիչ Գ. Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձարարականով հիվանդանոցներում վիրավորներից վերցվել է արյան փորձանմուշ, որպեսզի պարզվի նրանց սթափության աստիճանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+