211652_close_icon
views-count1332 դիտում article-date 18:57 24-09-2014

Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 22-ից 24-ը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը գտնվում է Չինաստանում

Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 22-ից 24-ը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը գտնվում է ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելով Խաղաղության միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների խաղաղ զարգացմանը միտված համաժողովին: Կլոր-սեղան համաժողովի ընթացքում քննարկվել են Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների համագործակցության խթանման և զարգացման ուղիներն ու մեխանիզմները, որին մասնակցել են երեք տասնյակ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մետաքսի ճանապարհի քաղաքների քաղաքապետերը: Այցի շրջանակներում հանդպիումներ են տեղի ունեցել Շանսի նահանգի և Սիանի կառավարման խորհուրդների անդամների, Սիանի քաղաքապետ Դոնգ Ջունի, Սիան քաղաքի Կոմկուսի առաջին քարտուղարի և այլ պաշտոնյաների հետ: Կլոր-սեղան համաժողովի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ելույթում մանավորապես անդրադարձել է հայ-չինական դարավոր բարեկամությանը՝ ընդգծելով Մետաքսի ճանապարհի տնտեսական զարգացման դերը Հայաստանի համար: Գյումրու քաղաքապետը կարևորել է 2013թ. Գյումրիի և Սիանի միջև կնքված փոխհամագործակցության համաձայնագիրը, որը հայ-չինական սերտ կապերի լավ նախապայման է մշակույթի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության և այլ բնագավառներում: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ստորագրվել է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ավելի քան երկու տասնյակ քաղաքների միջև համատեղ հուշագիր, որին միացել է նաև Գյումրի քաղաքը: Այցի ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես է եկել Գյումրիում ներդրումային հնարավորությունների մասին ելույթով և հանդիպումներ ունեցել տարբեր երկրների իր պաշտոնակիցների ու բարձրաստիճան այլ անձանց հետ: Գյումրու քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր