1210 դիտում
17:47 03-10-2014
Տեղի է ունեցել Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին նվիրված գիտաժողովը
Հոկտեմբերի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում մեկնարկած Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին նվիրված գիտաժողովին, որը կազմակերպվել է Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության և ՀՀ ԳԱԱ հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան hիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ:
Իր բացման խոսքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը բարձր գնահատեց կառույցի դերը հայագիտության զարգացման գործում, կարևորեց ամերիկահայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանի դերը՝ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման գործում, ինչպես նաև նշեց, որ ընկերակցության ներկա գործունեության հաջողությունների համար նշանակալի է ԱՄՆ հայագետների ընկերակցության նախագահ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանի դերը:
Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հայաստանի հայագիտական առաջատար կենտրոնների, գիտակրթական հիմնարկների ու համալսարանների հայ ու օտարազգի քառասուն գիտնական:
ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարին՝ աշխարհի տարբեր երկրներում գործող հայագիտական կենտրոնների հետ գործակցելու համար, որի շնորհիվ արտասահմանում գործող բազմաթիվ հայ գիտնականներ փորձում են իրենց գիտական ներուժը ներդնել հայրենիքում, ի նպաստ հայրենիքի զարգացման:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին և շնորհավորելով 40-ամյա հոբելյանի առթիվ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ անգնահատելի է հայագետների գործունեությունը՝ հատկապես Սփյուռքում: «Աշխարհի տարբեր երկրներում գործող 78 հայագիտական կենտրոններ իրենց ուսերի են վերցրել հայկական մշակույթի, գիտության պահպանության գործը Սփյուռքում», - ասաց նա:
ՀՀ սփյուռքի նախարարը հույս հայտնեց, որ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը կընդլայնի իր գործունեությունը, աշխարհով մեկ սփռված և հայրենիքում գործող բոլոր հայագիտական կենտրոնները կգտնեն համագործակցության եզրեր մեկ հարկի տակ:
Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ընդլայնվել է հայագիտության ոլորտը՝ իր մեջ ընդգրկելով ցեղասպանագիտության, սփյուռքագիտության և այլ ոլորտներ:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ հատկապես Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հայագետների խոսքը պետք է առավել ծանրակշիռ դառնա:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես Սփյուռքում մայրենիի պահպանության և հայերենի երկու ճյուղերի մերձեցման խնդիրներին՝ առաջարկելով մշակել հայագիտության զարգացման ծրագիր:
Բարձր գնահատելով Սփյուռքում հայագիտության ոլորտում նշանակալի ներդրում ունենալու և Հայաստան-Սփյուռք հայագիտական գործակցության զարգացմանը նպաստելու ջանքերը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանին պարգևատրեց «Հակոբ Մեղապարտ» մեդալով:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ 6 ինստիտուտներին՝ Սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցության համար:
Իր խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ևս շեշտեց Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցության կարևորությունը նման գիտաժողովներին:
ԵՊՀ ռեկտորը խոսեց թարգմանչական ոլորտում առկա խնդիրների մասին, կարևորեց հատկապես քաղաքական հայագիտության զարգացումը և նշեց, որ նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետևողական ջանքերի շնորհիվ պետք է քայլեր ձեռնարկվեն հայերենի 2 ճյուղերի մերձեցման հիմնախնդրի լուծման ուղղությամբ:
ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յ.Սուվարյանը նշեց, որ հայագիտության զարգացմամբ կկանխվեն նաև որոշ ազգերի կողմից հայկական արժեքների սեփականաշնորհմանն ուղղված փորձերը:
Զեկուցումներով հանդես եկան օտարազգի, սփյուռքյան և հայաստանյան հայագետներ՝ «Հնչյունափոխությունների գործոնը անձնանունների ձևավորման հարցում V-XV դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններում», «Գրիգոր Տաթևացու Իսլամի դեմ փաստարկների տրամաբանական վերլուծություն», «Երեմիա Չելեպի Քյոմուրջյան՝ հայ պատմագրության «նոր վերելքի» ականավոր մունետիկ», «Կոստանդնուպոլսի հայ ամիրայության ձևավորումը» և այլ թեմաներով:
Նմանատիպ նյութեր
1095 դիտում
16:15 09-10-2014
Երևանում մեկնարկել է Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության հերթական համաժողովը
1085 դիտում
13:32 13-10-2014
ԼՂՀ նախագահն ընդունել է Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության գիտաժողովի մասնակիցներին
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»