211652_close_icon
views-count1095 դիտում article-date 16:15 09-10-2014

Երևանում մեկնարկել է Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության հերթական համաժողովը

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության հերթական` 13-րդ համաժողովը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը: ՀՀ Նախագահի ուղերձը համաժողովի մասնակիցներին փոխանցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի նորընտիր նախագահ Վիգեն Սարգսյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. <Ջերմորեն ողջունում եմ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հերթական՝ 13-րդ համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Շատ ուրախ եմ, որ այս տարի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրինության նախաձեռնությամբ աշխարհի 20 երկրներ ներկայացնող և ավելի քան 400 հայագետների միավորող ընկերակցության ներկայացուցիչները հավաքվել են համայն հայության և հայագիտության մայրաքաղաք Երևանում: Կարծում եմ՝ խորհրդանշական է, որ եվրոպական հայագիտության դեռևս 19-րդ դարից եկող փառավոր ավանդույթները շարունակող, աշխարհի նշանավոր համալսարանները ներկայացնող հետազոտողներին միավորող այս կառույցի առաջին հայաստանյան համաժողովը կազմակերպվում է հենց Մաշտոցյան Մատենադարանի ջերմ ու հայաշունչ հարկի տակ: Ընդամենը երեք տարի առաջ հանդիսավորապես իր դռները բացեց Մատենադարանի հոյակերտ նորակառույց մասնաշենքը, ապա նաև նորացված հին մասնաշենքը: Մատենադարանի համալիրն իր ընդարձակ տարածքով, տեխնիկական հագեցվածությամբ, գրեթե եռապատկված աշխատակազմով ու գիտական ներուժով ունի բոլոր հնարավորությունները կազմակերպելու և հաջողությամբ իրականացնելու միջազգային մակարդակի համաժողովներ: Նման հաջող մի ձեռնարկի ականատեսն ենք այսօր մենք բոլորս>: Համաժողովի մասնակիցներին իր Հայրապետական օրհնության խոսքն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նշենք, որ համաժողովը հատկապես կարևոր է այն առումով, որ Ընկերակցության գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում, որը նաև լավագույն առիթ է եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար: Այն աննախադեպ է նաև հայագիտական նյութերի բազմազանությամբ և մասնակիցների ներկայացուցչական կազմով: Համաժողովի երեք օրերի ընթացքում տեղի է ունենալու 16 նիստ, ընթերցվելու է 70 զեկուցում, որից 50-ը արտասահմանից ժամանած հայագետների կողմից:

Նմանատիպ նյութեր