211652_close_icon
views-count1498 դիտում article-date 13:53 07-10-2014

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երաժշտական երկխո­սություն Մետաքսի մեծ ճանապարհին» փառատոնը

ՀՀ մշակույթի նախա­րարության աջակցությամբ, «Համագործակցություն» կանանց հասարակական և «Արմենիան մյուզիք սենտր» երաժշտական կազմակերպությունները՝ ս. թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրո­նում կանցկացնի «Երաժշտական երկխո­սություն Մետաքսի մեծ ճանապարհին» փառատոնը: Հայաստանում առաջին անգամ իրականացվող փառատոնին կմասնակցեն երաժիշտներ Մետաքսի մեծ ճանապարհի շուրջ 12 երկրներից՝ Հնդկաստան, Չինաս­տան, Հայաստան, Ղազախստան, Իրան, Հորդանան, Իսպանիա և այլն: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ կներկայացնի իր ազգային տարազը, ժողովրդական նվագարանն ու ազգային երաժշտությունը, իսկ վերջում բոլոր երկրների ներկայացուցիչները միասին կկատարեն հայկական ժողովրդական ստեղծագործություններ: Մետաքսի մեծ ճանապարհը կարևոր դերակատարում է ունեցել Փոքր Ասիայի, Կովկասի, Միջին Ասիայի և Չինաստանի ժողովուրդների տնտեսական և մշակույթային կապերի զարգացման գործում: Հնում Հայաստանի՝ Սելիմի լեռնանցքով է անցել Մետաքսի մեծ ճանապարհը, որի մասին հիշեցնում է լեռնանցքի մոտ գտնվող Սելիմի իջևանատունը: «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» փառատոնի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի մշակույթին, ավանդույթներին ու կենցաղին, այդ կերպ միջմշակութային սերտ կապեր հաստատելով պատմական այս ուղու վրա գտնվող պետությունների հետ: Ս. թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, ծրագրի հեղինակ և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը, ծրագրի կազմակերպիչ, «Համագործակցություն» կանանց ՀԿ-ի տնօրեն Եկատերինա Սիմոնյանը, «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» համերգի ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը, «Արմենիան մյուզիք սենթերի» տնօրեն Լիլիթ Արշակյանը:

Նմանատիպ նյութեր