211652_close_icon
views-count1712 դիտում article-date 18:43 20-10-2014

Կայացել է Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի հանդիպումը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: «Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության հիմքերի վրա: Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ԻԻՀ, նշել է, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահի խոսքով, Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները կարեւորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական, մշակութային համագործակցության խորացումն ու ընդլայնումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների եւ օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար: Իրանի նախագահը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի եւ տարածաշրջանային խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը եւ տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանը Հասան Ռոհանիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Նմանատիպ նյութեր