28793 դիտում
13:28 06-11-2014
Լարված իրավիճակ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. գյուղացիները փակել են ճանապարհը, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այս պահին արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում:
Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղնիկ գյուղի 400-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը:
Գյուղացիները հրաժարվում են ճանապարհը բացել՝ արդարացիորեն բարձրաձայնելով, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշի նման ողջ գյուղը ջրադուլ է արել, այն դեպքում, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղին տրամադրել է խողովակներ և մի քանի այլ հարցերով սատար կանգնել գյուղացիներին, սակայն մարզպետը ողջ գյուղի անդորրը խառնել է:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ իրենց հույսը միայն վարչապետն է, իսկ մարզպետն ամեն անգամ «ջուր է ծեծում» և հարցին լուծում չի տալիս:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, ովքեր փորձում են գուղացիներին համոզել, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն նրանք հրաժարվում են:
Իսկ կանայք էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում զայրացած ասում էին. «Օրերով կարոտ ենք ջրին: Հասուն աղջիկներն ու տղաները տևական ժամանակ է, նույնիսկ գլուխ չեն կարողանում լվանան, մատղաշ էրեխեքն էլ դպրոց չեն կարում գնան, իսկ բնական կարիքներն էլ հոգում ենք բաց երկնքի տակ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների հետ այս պահին բանակցում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իսկ մարզպետը մինչև այս պահը չի բարեհաճում ժամանել:
***
14:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով ժամանեց Արագածոտնի մարզպետ Ա. Սահակյանը, ով միացավ ԲՀԿ-ական պատգամավոր Մ. Գրիգորյանին, որպեսզի գյուղացիներին համոզի, որ ինքն իրավիճակին տեղյակ է և հարցը պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է և այն կլուծվի, սակայն գյուղացիներն ասում էին, որ մարզպետը հերթական անգամ փափուկ բարձ է դնում իրենց գլխի տակ, դրա համար էլ իրենք միայն հավատում ու վստահում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+