889 դիտում
19:50 07-11-2014
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության
միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստը: Հոբելյանական նիստին
մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Բացման խոսքով հանդես է եկել է
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային
ժողովում, շնորհավորել է ներկաներին երկու խորհրդարանների միջեւ
համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստի գումարման
կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ
միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը նոր որակ է հաղորդել
Հայաստան-Արցախ միջպետական հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝
միասնական կամքը եւ ընդունված ու ընդունվելիք որոշումների հետեւողական
իրականացումը ամուր հիմք են հանդիսանում Հայաստան-Արցախ փոխգործակցության
հետագա զարգացման համար: Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԼՂ
հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդիրը մշտապես ՀՀ խորհրդարանի
ուշադրության կենտրոնում է, եւ այդ ուղղությամբ ձեռքբերված յուրաքանչյուր
պայմանավորվածություն պետք է արժանանա Լեռնային Ղարաբաղի բնակիչների
հավանությանը: ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի
Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ
հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավորական կազմի անունից ողջունել է ներկաներին եւ նշել, որ նախորդ նիստի
ժամանակ արդեն ուրվագծվել է այսօրվա հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը:
ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հունիսին Ստեփանակերտում կայացած քննարկումները բերել
են այն ընդհանրական տեսակետին, որ համագործակցության հիմնական ձեւաչափը
նպատակահարմար է տեղափոխել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների
համատեղ նիստերի եւ թեմատիկ քննարկումների դաշտ: Աշոտ Ղուլյանն իր խոսքում
անդրադարձել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան
հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին եւ այդ համատեքստում բարձր է
գնահատել ՀՀ պատվիրակությունների կատարած աշխատանքը: ԼՂՀ ԱԺ նախագահը
շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀ ԱԺ
պատգամավորներին ջերմ ընդունելության ու արդյունավետ քննարկումների մթնոլորտ
ստեղծելու համար: Այնուհետեւ նիստի մասնակիցներն անդրադարձել են օրակարգային
հարցերին:
ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների, գիտության, կրթության,
մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու պետական-իրավական հարցերի
մշտական հանձնաժողովների նախագահները ամփոփել են համատեղ նիստերը եւ
քննարկումները:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ
Զաքարյանը ներկայացրել է վերջին երկու համատեղ նիստերին կատարված աշխատանքը եւ
նշել, որ այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ,
եւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: ԼՂՀ ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նույնպես
արդյունավետ է գնահատել նախորդ հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնել
սերտորեն համագործակցելու երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովների մակարդակով:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարեւորել է ստորագրված
հուշագիրը, որով երկու հանրապետությունները դիտարկվում են որպես ընդհանուր
կրթական տարածք, որի կենտրոնը Շուշին է: Պարոն Դավթյանը կարեւորել է ԼՂՀ ԱԺ
ներկայացուցչի մասնակցությունը Երիտասարդական խորհրդարանի աշխատանքին: Նա նշել
է, որ «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ցուցահանդեսն անցկացվել եւ լայն
արձագանք է գտել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Արցախում:
Այնուհետեւ քննարկվել է օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում էր
միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի
շուրջ ընթացող քննարկումներին եւ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների
հաշվետվություններին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է միջազգային խորհրդարանական
կազմակերպություններում տիրող իրավիճակը, հայկական պատվիրակությունների
ներկայացվածությունը եւ գործունեությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության
ղեկավար, առաջարկել է նկատի ունենալ, որ այժմ ՀՀ գտնվում է նոր
իրողությունների դաշտում: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը
որոշակի փոփոխություններ է բերում իր հետ, եւ նախապատրաստական աշխատանքների
կարիք կա: Տիկին Նաղդալյանն առաջարկել է միջազգային հարթակներում միավորել
Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերը եւ արտահայտել մեկ միասնական
դիրքորոշում: Նա նշել է, որ անհրաժեշտ է վարել նախաձեռնողական
քաղաքականություն:
Երկու խորհրդարանների նախագահները նիստի արդյունքներն ամփոփել են համատեղ
ասուլիսում:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
17:10 14-06-2014
Տեղի ունեցավ ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը
1605 դիտում
21:13 12-04-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ - ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից