920 դիտում
13:00 08-11-2014
Մանկական արյունաբանության խնդիրները` հայ և ռուս մասնագետների ուշադրության կենտրոնում
Հայ-ռուսական առաջին առողջապահական համաժողովի պատվիրակության անդամները` ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորությամբ ԵրՊԲՀ-ում մասնակցեցին մանկական արյունաբանության խնդիրներին նվիրված միջոցառմանը, որին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
«Համաժողովը վկայությունն է այն բանի, որ համագործակցություն առավել բարձր մակարդակի վրա է դրվում: Առողջապահության ոլորտում բուհն ունի խոր արմատներ ու հարուստ ավանդույթներ: Ռուսաստանցի մեր գործընկերների, արտերկրում մասնագիտական գործունեություն ծավալող մեր նախկին շրջանավարտների հետ երբեք կապերը չեն խզվել»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին` ասաց ԵրՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն Նատալիա Մելքիկյանը իր զեկույցում ներկայացրեց մեր երկրում արյունաբանական ծառայության պատմությունը, Հայաստանում արյան հիվանդությունների դեմ պայքարին ուղղված ծրագրերը:
Ցուցադրվեց առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած «Արև ենք միասին» երգի տեսահոլովակը, որը նվիրված է արյան հիվանդություններով տառապող երեխաներին: Արվեստի ոլորտի հայաստանյան ներկայացուցիչներին համախմբած այս ստեղծագործությունը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմներգն է:
«Մենք մշտապես զգում ենք առաջին տիկնոջ և «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությունը. նրանք մեզ հետ են թե' ուրախության, թե' տխրության պահերին: Հիմնադրամն ու առաջին տիկինն աջակցում են ոչ միայն դեղորայքի, արտասահմանում երեխաների բուժման հարցերով, այլև նրանց կյանքն են տոն դարձնում բազմազան միջոցառումների շնորհիվ»,- շեշտեց փոխտնօրենը:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Ռիտա Սարգսյանը:
«Առաջին հերթին ողջունում եմ ձեզ մեր հյուրընկալ երկրում: Ուզում եմ ընդգծել, որ շաբաթ երեկոյան ռուսական առաջին ալիքով դիտեցի ռուս հայտնի գրող Արկադի Վայների դստեր՝ Նատալյա Դարյալովայի ելույթը: Ահա թե ինչ էր նա ասում, որ մենք բոլորս երազում ենք, որ որքան հնարավոր է՝ շուտ գա գթասրտության ժամանակը, իսկ որպեսզի այն շուտ գա, անհրաժեշտ է, որպեսզի միլիոնավոր բարի սրտեր տրամադրվեն բարի գործին: Դեռևս երեք տարի առաջ «Նվիրիր կյանք» հիմնադրամը դիմեց հանրությանը՝ հորդորով, որ անհրաժեշտ է օգնել դժբախտության մեջ հայտնված մեր երեխաներին, ես հասկացա, որ բարեսրտության ժամանակը Հայաստանում արդեն իսկ եկել է»,- ասաց ՀՀ առաջին տիկինը:
Նա ընդգծեց նաև հիմնադրամին աջակից այն բարեգործական կազմակերպությունների, հովանավորների դերը, որոնց ներդրումը զգալի և կարևոր արյան հիվանդություններով փոքրիկներին ապաքինելու գործում: Նա շնորհակալություն հայտնեց հիմնադրամի բոլոր հովանավորներին, որոնց ջանքերի շնորհիվ 400 երեխաներ չհեռացան կյանքից: Ռիտա Սարգսյանը, որպես ռուսաստանյան համանուն հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար շեշտեց, որ կարևոր է Ռուսաստանի աջակցությունը հիմնադրամի գործունեությունը շարունակելու համար: ՌԴ ազգային բժշկական պալատի նախագահ, «աշխարհի մանկական բժիշկ», պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը առողջապահության համակարգում և բժշկագիտության գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև հանրությանը ցուցաբերած աջակցության համար արժանացավ բժշկական համալսարանի ոսկե շքանշանի: «Սա այն է, ինչ գրված է թղթի վրա, սակայն ես ցանկանում եմ բոլորի անունից շնորհակալություն հայտնել, որոնց կյանքը դուք փրկել եք` վերադարձնելով առողջությունը` հետևաբար երջանիկ մանկությունը»,- նկատեց Միքայել Նարիմանյանը:
«Հայաստանում առողջապահության նախարարի շուրջ համախմբվելու, գերատեսչության ծրագրերին աջակցելու դեպքում հնարավոր կլինի շատ խնդիրների լուծում տալ: Ինձ համաժողովի ժամանակ հարց ուղղեցին՝ Ռուսաստանի նման մեծ պետությունը ինչ կարող է սովորել Հայաստանից: Ես ասում եմ՝ դուք հաստատակամ եք՝ կեցցեք»,-նշեց Լեոնիդ Ռոշալը: Նա ընդգծեց, Հայ-առողջապահական առաջին համաժողովի անցկացման կարևորությունը: Առողջապահական համակարգում և բարձրագույն բժշկական կրթություն ստանալու գործում մեծ ավանդի համար ԵրՊԲՀ-ն Վերոնիկա Սկվորցովային շնորհեց բուհի պատվավոր դոկտորի կոչում:
«Առաջին անգամ եմ Հայաստանում: Պատվիրակության շատ անդամներն էլ առաջին անգամ են հյուրընկալվում ձեր երկրում: Մենք ուղղակի հմայված ենք ձեր երկրի յուրահատուկ երաժշտականությամբ, որն առկա է ճարտարապետության մեջ, առհասարակ ամեն ինչում: Առանաձնահատուկ է այն բարությունը, մթնոլորտը, որը տիրում է քաղաքում: Տպավորված ենք նաև բարեկիրթ գործընկերներով, առաջին տիկին Ռիտա Սարգսյանով, որը բոլորի համար բարեգթության օրինակ է: Մեզ համար հիանալի հնարավորություն էր՝ շփվելու արհեստավարժ հայ գործընկերների հետ, այցելելու բուժհաստատություններ և տեսնելու Հայաստանի առողջապահական համակարգի հիմքում դրված զարգացման վեկտորը»,- իր տպավորությունները փոխանցեց ՌԴ առողջապահության գլխավոր կազմակերպիչը:
Ելույթ ունեցավ նաև ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա կարևորեց հայ-ռուսական առողջապահական համագործակցոության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտեց, որ մեծ է Ռուսաստանի ազդեցությունը մեր երկրում առողջապահական համակարգի կայացման գործում, ինչի մասին են վկայում նաև հազարավոր բուժաշխատողների` Ռուսաստանում վերապատրաստվելու հնարավորությունը:
«Մենք հիշում ենք և չենք կարող մոռանալ Ռուսաստանի օգնությունը Հայաստանին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին, մասնավորապես այստեղ ներկա Լեոնիդ Ռոշալի աջակցությունը»,- նշեց Արա Բաբլոյանը` ներկայացնելով նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող ծրագրերը: Միջոցառման ավարտին մասնակիցներին ողջունեցին Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ իրենց հետ ելույթի հրավիրելով առաջին տիկնոջը, ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարներին, հայ ժողովրդի բարեկամ Լեոնիդ Ռոշալին:
Միջոցառումանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանում հաջորդեց Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի աշխատանքներն ամփոփումը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշվեց, որ համաժողովի շրջանակում անցկացված վեց պլենար նիստերում ընդունվել են երկկողմ բանաձևեր, որոնք հնարավորություն կտան առողջապահական տարբեր ոլորտներում առավել սերտացնել համագործակցությունը:
«Այսօր կատարվեց մեր փոխհամագործակցության առաջին, բայց շատ կարևոր քայլը։ Համաժողովը ցույց տվեց, թե համատեղ աշխատանքի որքան մեծ ներուժ կա: Արմեն Մուրադյանի հետ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն` համաժողովների անցկացումը դարձնել ամենամյա` միջոցառումը անցկացնելով հաջորդաբար Հայաստանում և Ռուսաստանում։ Ես տպավորված եմ Երևանի պետական բժշկական համալսարանում Հայաստանում մանկական օնկոհեմատոլոգիայի զարգացմանը նվիրված քննարկումից»,-եզրափակելով իր խոսքը` նշեց Վերոնիկա Սկվորցովան։
Համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվեց դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հալեվումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր: ՌԴ և ՀՀ ազգային բժշկական պալատները և Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան ստորագրեցին համագործակցության մասին պայմանագիր:
Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները քննարկեցին մոր և մանկան առողջության խնդիրներին, դեղերի շրջանառությանը, առողջապահական բարեփոխումներին, բժշկական շարունակական զարգացման հեռանկարներին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսավորման մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
17:59 10-06-2014
Վերարտադրողական առողջությունը` հայ և ռուս մասնագետների ուշադրության կենտրոնում
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»