211652_close_icon
views-count1015 դիտում article-date 17:58 12-11-2014

Ազգային ժողովը շարունակել է բյուջետային քննարկումները

Նոյեմբերի 12-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Կազմակերպված քվեարկության արդյունքում չի ընդունվել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հարակից զեկույցում ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի դիրքորոշումը բյուջեի նախագծի՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի վերաբերյալ, նշել է, որ դրանք հիմնավոր են եւ օրինական: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական միջոցները բավարար են, սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում ռազմաքաղաքական զարգացումները եւ սպառազինությունների մրցավազքի հանգեցնող նախադրյալները, իրավիճակը թելադրում է ավելի մեծ ռազմական բյուջե՝ երկրի պաշտպանողականության մակարդակը զգալիորեն բարձրացնելու համար: Օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից` արտահերթ ելույթ են ունեցել նաեւ ՀՀ կառավարության անդամները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցների մակրոցուցանիշները, ծրագրային դրույթներն ու առաջնահերթությունները: Ըստ նախարարի՝ ոլորտում հատկացված միջոցների մոտ 80 տոկոսն ուղղվելու է կենսաթոշակառուների կենսաթոշակի բարձրացմանը, ինչը նաեւ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղություններից է: Արտեմ Ասատրյանն անդրադարձել է այն ծրագրերին, որոնք ուղղվելու են խոցելի խմբերին: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ պետական բյուջեից հատկացվող միջոցները եւ ծրագրերը նպատակաուղղվելու են ոլորտում էներգետիկ անվտանգության բարձրացմանը: Ոլորտում նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր, որոնցից են Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրն ու ՀԲ աջակցությամբ իրականացվող Էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը: Պարոն Զախարյանը ներկայացրել է նաեւ էներգահամակարգի ներկա իրավիճակի վերլուծությունը:

Նմանատիպ նյութեր