211652_close_icon
views-count1535 դիտում article-date 14:29 19-11-2014

Կառավարությունը խրախուսում է ներդրումային ծրագրերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը «Պրոգրես ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. նոյեմբերի 3-ը: Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է 16 հա ջերմոցային տնտեսություն՝ այդ նպատակով ներդնելով շուրջ 7.8 մլրդ դրամ: Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի 170 աշխատատեղ՝ 135-145 հազար դրամ միջին աշխատավարձով: Կառավարության որոշմամբ մինչև 2016թ. սեպտեմբերի 27-ը երկարաձգվել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի 2004թ. ներմուծած «Հիդրոլոգ» նավի մաքսային ռեժիմի ժամկետը: Նավը Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է, ՌԴ և ՀՀ գիտությունների ակադեմիաների համագործակցության պայմանագրով իրականացնում է Սևանա լճի ժամանակակից էկոլոգիական վիճակի համատեղ հետազոտության ծրագիրը: Գործադիրն իր նիստում երեք տարով երկարաձգել է «Հորմիգոնես» ի մորտերոս սերանո Ս.Լ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Մասնաճյուղը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցումն իրականացնող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության ենթակապալառու կազմակերպություն է և աշխատանքի բարձր որակն ապահովելու նպատակով ներմուծել է համապատասխան սարքավորումներ: Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց կիրառմամբ կստեղծվի բարենպաստ գործարար միջավայր, կկրճատվի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից գործընթացի իրականացման ժամանակը:

Նմանատիպ նյութեր