211652_close_icon
views-count2654 դիտում article-date 19:40 19-11-2014

Գագիկ Բեգլարյանն այցելեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Երևան-Արտաշատ հատված

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով կառուցվող Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատված, որտեղ երթևեկելի երկու գոտիներում արդեն ավարտվել են բետոնի փռման աշխատանքները։ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը և շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան կորվիամ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դանիել Դոմինգոն, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, տեղեկացրին, որ Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատվածի ձախ երթևեկելի գոտում ներկայում շարունակվում են կարերի կտրման և դրանց հերմետիկացման աշխատանքները։ Նախարարը ծրագրի պատասխանատուների հետ ուսումնասիրեց իրականացված աշխատանքները՝ ուշադրություն դարձնելով հատկապես բետոնապատված մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշի համապատասխանելիությանը միջազգային չափորոշիչներին և իրականացված կարերի որակին, որոնցում նկատելի էին որոշակի թերություններ: Նախարարն իր դիտողությունները ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Կորսան կորվիամ» և տեխնիկական վերահսկողությունը կատարող «Սաֆեժ Էպտիսա» կազմակերպությունների պատասխանատուներին, հանձնարարեց ուսումնասիրել նշված խնդիրները, հստակեցնել դրանց լուծումները, շտկել թերությունները։ Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ Հայաստանի համար պետական նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին պետք է կառուցվի բարձր որակով, թերություններն անընդունելի են։ Ներկայում ինտենսիվ կերպով շարունակվում են աշխատանքները նաև մայրուղու Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին հատվածներում։ Երևան-Աշտարակ հատվածում ավարտվել են բետոնի փռման աշխատանքները։ Աշտարակ-Թալին ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհի լայնացման հողային և շինարարական աշխատանքներ։ Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։

Նմանատիպ նյութեր