211652_close_icon
views-count1587 դիտում article-date 18:10 22-11-2014

Ավարտվեցին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը. ֆոտոշարք

Նոյեմբերի 11-17-ն անցկացված աղջիկների ֆուտզալի մրցույթներով ավարտվեցին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը։ Ֆուտզալի աղջիկների առաջնությանը մասնակցում էր 6 թիմ։ Առաջին տեղը գրավեց ԵՊՀ թիմը, 2-րդ հորիզոնականում Հայկական պետական մանկավարժական համալսարանի աղջիկներն էին, 3-րդում՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ աղջիկների պայքարն անցավ շատ հետաքրքիր, և այս մարզաձևը փորձում են Հայաստանում զարգացնել։ Հովհաննես Գաբրիելյանը նշեց նաև, որ 15-րդ ուսանողական մարզական խաղերն աննախադեպ էին թե′ մասնակիցների, թե′ ներգրավված մարզաձևերի թվով։ Այս տարի առաջին անգամ անցկացվեցին ձյուդոյի և հրաձգության մրցույթներ։ Խաղերին մասնակցություն ունեցավ մոտ 3500 ուսանող ՀՀ պետական և ոչ պետական 21 բուհերից։ 9 մարզաձևից անցկացվել է 12 առաջնություն։ Խաղերը կազմակերպվել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի, ՀՀ ԿԳՆ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում։ «Այս տարի մեծ ուշադրություն է դարձվել մրցավարական անձնակազմերի բարձր որակավորման վրա։ Բոլոր մարզաձևերում համագործակցել ենք ազգային ֆեդերացիաների հետ, որոնք բարձր մակարդակով անցկացրել են մրցելույթները։ Առաջիկայում կանցկացվի լավագույն ուսանող-մարզիկների պարգևատրման արարողությունը, որն ավանդույթ է դարձել և իրականացվում է արդեն 4-րդ տարին։ Կպարգևատրվեն նաև Լեհաստանում անցկացված շախմատի աշխարհի ուսանողական առաջնությունում բարձր արդյունք ցուցաբերած հայ շախմատիստները, ովքեր 35 երկրների թիմերի թվում գրավեցին 3-րդ մրցանակային տեղը, իսկ ուսանող-գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ակտիվ աշխատանքներ է տանում Համաշխարհային համալսարանական սպորտի ֆեդերացիայի և Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի հետ, որոնց հետ համատեղ անցկացվում են հետաքրքիր նախագծեր։ Համաշխարհային ֆեդերացիայի հետ իրականացվում է կամավորական ծրագիր, որը համաֆինանսավորվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։ Այս տարի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի և «Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սեղանի թենիսի աղջիկների հավաքական թիմը մասնակցեց Ռոտերդամ քաղաքում կայացած Եվրոպայի համալսարանական մարզական 2-րդ խաղերին։ Եվրոպական ուսանողական սպորտի ասոցիացիայի հետ սերտ փոխգործակցության արդյունքում 2015թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանում կանցկացվի Եվրոպայի շախմատի համալսարանական անդրանիկ առաջնությունը»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը՝ ավելացնելով նաև, որ մինչև 2014թ. ավարտը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, համագործակցելով համապատասխան ֆեդերացիաների հետ, նախատեսում է անցկացնել նաև բազկամարտի և լողի առաջնություններ։ Նշենք, որ ուսանողական խաղերում հաղթած թիմերի անդամները տարվա վերջին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կստանան ծաղկաձորյան հանգստի ուղեգրեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր