211652_close_icon
views-count2074 դիտում article-date 16:43 01-12-2014

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսներն ու ուսանողները հյուրընկալվեցին ՀՀ ԱԺ-ում

Դեկտեմբերի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանը հյուրընկալել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսներին ու ուսանողներին: Հյուրերը մասնակցել են ԱԺ քառօրյա նիստին, որից հետո նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով հյուրերին՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործունեությունը եւ նշել, որ ինքը մասնակցություն է ունեցել Հայաստանում համալսարանի հիմնադրման գործում: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպմանը ներկա երիտասարդներից շատերը ապագայում կընտրեն քաղաքական ուղին, եւ այս այցն այդ առումով յուրօրինակ դաս կլինի նրանց համար: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ԱԺ քառօրյա նիստերի անցկացման ընթացակարգը, օրենսդրական աշխատանքի առանձնահատկությունները: Նա կարեւորել է երիտասարդների դերն ու մասնակցությունը առավել հզոր ու կայացած պետություն ունենալու գործընթացին: Երիտասարդներին հետաքրքրող հարցերը բազմաբնույթ են եղել: ԱԺ փոխնախագահը պատասխանել է բոլոր հարցադրումներին եւ ներկայացրել իր դիտարկումները: Տիկին Նաղդալյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումներին, ԵՏՄ անդամակցությունից հետո մեր երկրում իրականացվող հարկային վարչարարությանը, սպասվող տնտեսական բարեփոխումներին, վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին եւ այլ հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության եւ բարձրացված խնդիրների վերաբերյալ իր նկատառումները հանգամանալից ներկայացնելու համար: Հանդիպման ավարտին ուսանողները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են Հերմինե Նաղդալյանի հետ:

Նմանատիպ նյութեր